Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կամերային երաժշտության տունը տաճար է, որտեղ հավատավորներն են գալիս»

Դեկտեմբեր 23,2024 14:00

Մաեստրո Սեդրակ Երկանյանն ասում է, որ փորձում է  հավատարիմ մնալ Կոմիտասի թողած ժառանգությանը

Այս տարին հոբելյանական է Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ  Սեդրակ Երկանյանի համար՝ մաեստրոյի ծննդյան՝ 70, ստեղծագործական գործունեության 55 եւ  «Տաղարանը» ղեկավարելու 30-ամյակն է լրանում:
   

«Կամերային երաժշտության ազգային կենտրոնը որոշեց, որ 70-ամյակս նշվի, քանի որ հոբելյանս նշվում էր, մտածեցի, որ կատարողական գործունեության 55-ամյակը միացվի դրան ու «Տաղարանում» աշխատելու 30-ամյակը, եւ այդպես ինքնաբերաբար եռատոն ստացվեց, թեեւ ես դա որպես եռատոն չեմ ընկալում, խորախորհուրդ ինչ-որ բան չկա այդտեղ: Բայց հաճելի է, որ մարդիկ դա փորձում են ներկայացնել որպես եռատոն»,-«Առավոտի» հետ զրույցում համեստորեն ասում է մաեստրոն:

 

Մեր դիտարկմամբ, որ հաճախ ցածրորակ երգ-երաժշտություն հնչեցնողներ,  ռաբիս  որոշ երգիչներ կարողանում են մեծ դահլիճներ լցնել, ինչը ոչ միշտ է հաջողվում ազգային մաքրամաքուր երգ-երաժշտություն ներկայացնող համույթներին, մաեստրոն այսպես արձագանքեց. «Ռաբիսի դեմն առնելը դարձել է ազգային արժանապատվության հարց… Ցավոք,  իշխանությունների կողմից ազգային ավանդական արժեքները քարոզելու, տարածելու  միտքը բացակայում է, եւ ընդհակառակը՝ լայն հնարավորություն է տրված՝ ով ինչ ուզում, անում է, միայն թե փող դուրս գա, այդ պատճառով էլ անճաշակությունը թեւածում է, ռաբիս երգիչները կարողանում են ժողովրդական  լայն մասսաների միջոցով, որոնք առանձնապես մեծ արժեքների հետեւից  ընկած  չեն ու կյանքի բերումով աշխատում են ընդամենն իրենց կենսականն ապահովել, մեծ դահլիճներ լցնել: Այդպես տասնամյակներով մեր ազգային արժանապատվությունը հարամվում է, ճաշակն է այլասերվում: Ինչ վերաբերում է «Տաղարանի»  լսարանին,  երեւանյան բեմերում ակուստիկայի լրջագույն խնդիր կա, դրա համար հիմնականում խուսափում եմ մեծ դահլիճներում ելույթ ունենալուց՝ ելնելով լսողական, ակուստիկ խնդիրներից: Հաճույքով ավելի սեղմ լսարան ունեցող դահլիճներում ենք հանդես գալիս: Կամերայինը դարձել է յուրահատուկ տաճար, որտեղ հավատավորներն են գալիս»:

Սեդրակ Երկանյանն ասում է, որ փորձում է հարազատ մնալ ուսուցչապետի՝ Կոմիտասի նախանշած պատգամներին. «Փորձում եմ հավատարիմ մնալ իր թողած ժառանգությանը եւ շատ բծախնդրորեն եմ մոտենում երգեր ընտրելուն: Հիմնականում իմ ուշադրությունը դարձնում եմ այն երգերի վրա, որոնք ինքը հասցրել է իր գրչի տակով, իր ականջի միջով անցկացնել ու արձանագրել՝ որպես բուն հայկական մեղեդիական կառույցներ: Դրա հետ մեկտեղ՝ փորձում եմ նաեւ ներգրավել այնպիսի դարաշրջանների երգեր, որտեղ Կոմիտասի ոտքը, ցավոք, չի եղել, բայց այդ երգերն էլ գրանցվել են այլ հավատավոր մարդկանց կողմից, ինչպես օրինակ՝ Բալուի շրջանի երգերը, որոնք հետաքրքիր են, ու շատ կոլորիտ կա դրանց մեջ: Ամեն դեպքում, որպես մեր այցեքարտ պետք է ընկալել կոմիտասյան ուղենիշը: Փորձում եմ հարազատ մնալ իր մեղեդիական ընկալմանը եւ այդ մեղեդիները փոխադրել՝ մեր գործիքային կազմով կատարելու համար»:

Հետաքրքրվեցինք՝ «Տաղարանը» ե՞րբ է վերջին անգամ հյուրախաղ, հրավեր ունեցել արտասահմանում, պարզվեց՝ ավելի քան 20 տարի առաջ:  «2007-ին մի հրավեր ունեցանք Շտուտգարդ, բայց ոչ մեկը մեզ չաջակցեց՝ ոչ նախարարությունը, ոչ էլ մի քանի գործարարներ, ում դիմեցինք, ու այդպես առանց օտար, ամայի ճամփեքի՝ մնացինք հայրենիքում: Երբ երկար ժամանակ նախարարությունը նման հարցերով չի աջակցում, այլ երկրները որտեղի՞ց իմանան, որ «Տաղարան» գոյություն ունի»,-կարճ պատասխանեց մաեստրոն:

Հարցրինք՝ տարբեր երկրներում Հայաստանի օրեր են, փառատոներ են անցկացվում, մի՞թե իրենց չեն հրավիրում, չեն ներգրավում մասնակցելու նման միջոցառումներին: «Այդ կարգի միջոցառումներին միշտ ուղարկում են իրենց հոգեհարազատ խմբերին, միշտ նույն ձայնապնակն է պտտվում…Ցավոք, մենք չենք կարողանում  գտնել մի  այնպիսի մենեջերի, որը կարողանար այս հարցերով զբաղվել: Իմ ժամանակն էլ այնքան սահմանափակ է կատարողականով ու ստեղծագործականով, որ այլեւս ուժ եւ ժամանակ չի մնում կազմակերպչական հարցերով զբաղվելու համար»,-պատասխանեց «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավարը:

Մաեստրոյից նաեւ հետաքրքրվեցինք՝ «Տաղարանի»  համերգների ժամանակ պաշտոնյաների տեսնո՞ւմ են: «Դա էլ է հարց… Ես երբեք չեմ տեսել, որ որեւէ պաշտոնյա՝ լինի պատգամավոր, թե նախարար, ինքնուրույն տոմս գնի ու գա համերգ, երբեմն հրավիրատոմսեր ես ուղարկում, արհամարհում են…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031