Արոն էլ հող ունեցավ, նահատակ զինվորին «վայել» հուղարկավորում, Արոն էլ շիրիմ ունեցավ, բայց մենք դեռ անշիրիմ ու անհայտ ճակատագրով նահատակներ ունենք, ու սպասում ենք նրանց վերադարձին: Պանթեոնն իր վիրավոր, ցավագիր, հերոսապատում սրտում տեղ բացեց Արոյի համար, որ բոլոր նահատակներին խոնարհվելիս ու խնկարկելիս նրան էլ խոնարհվենք ու խնկարկենք եւ նրան էլ հաղթանակած երկիր պարտք մնանք:
44-օրյա պատերազմի հրադադարից անցել է գրեթե չորս տարի: Չորս տարի շարունակ 2013 թվականից ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումներում պայմանագրային ծառայության անցած, 2016 թվականից Սիսիանի զորամասի առաջին գումարտակի հակատանկային դասակի հրամանատար, ենթասպա Արա Սենիկի Ավագյանի ընտանիքը որեւէ լուր չուներ նրանից: Ինչպես մայրն էր ասում՝ «ոչ ողջերի մեջ էր, ոչ՝ մեռածների», բայց հույսով, հավատով, հրաշքի ակնկալիքով սպասում էին նրա վերադարձին։ Արայի ընտանիքը, մայրը, կինը, երկու զավակները, երկու եղբայրները, մարտական ընկերները, անգամ` Պանթեոնում ննջող զինակիցները չորս տարի սպասում էին իրենց Արոյի վերադարձին: Մաշող սպասում էր, տանջող սպասում էր, ապրեցնող սպասում էր: Ամենից շատ որդին` արդեն 11-ամյա Սենն էր սպասում, որ հայրը գալու է…
Ու նա… «եկավ»: Եկավ՝ իր անհայտության մասին լուրից գրեթե չորս տարի անց։ «Եկավ»՝ իր հավերժական հանգիստը գտնելու Պանթեոնում՝ պատերազմի ընկերների կողքին: «Եկավ»՝ անորոշ, անհայտ, անանուն, անհասցե դեգերումից հետո, որ հասցե ունենա, որ խունկ ու խոնարհումի արժանանա, որ մի բուռ հողի գրկում խաղաղվի, որ դադարի անհայտ լինելուց, անգերեզման ու անշիրիմ լինելուց։
Եկավ, որ Սենն ասի` «տեսա՞ք, որ ասում էի` պապան գալու է», որ իր գնալուց հետո արդեն չորս տարով մեծացած դուստրը` Մարգարիտան, իր կարոտի ծաղիկները նվիրի նրան, որ չորս տարի միայն իր հոգու, իր ափերի, իր սրտի ու իր տան պատերի մեջ լացած մայրը` Ամալյան, ինքն էլ լացելու տեղ ունենա, ինքն էլ ծաղիկ դնելու հողաթումբ ունենա, ինքն էլ Պանթեոնում խաղաղվելու տեղ ունենա։
Կարդացեք նաև
«Եկավ», որ կինը՝ Մելինեն, իրեն մենակ չզգա, թիկունքը պահող ունենա, թիկունքին հող ու հողաթումբ ունենա, ու հավատա որդու՝ Սենի չնահանջող հավատին, որ «իրենց պապան մի օր գալու է»…
Չգիտես՝ սփոփվե՞ս, որ Արոն այսպես եկավ, չգիտես՝ տխրե՞ս, որ այսպես չպիտի գար, չգիտես՝ մխիթարվե՞ս, որ, գոնե, «եկավ», չմնաց «դրսերում», անպատասխանատու մարդկանց գզրոցներում, անխիղճ, անհոգի գրություններում… Բայց Արոն եկավ, որովհետեւ պիտի գար:
Նրան ողջ տեսնելու հույսերը մարեցին, բայց եւ` առերեսվեցին դաժան ու ծանր իրականության հետ: Արայի եղբայր Աշոտն ասում է, որ դեկտեմբերի 11-ին զանգ է ստացել, որով հայտնել են` Արայի մայրն ու կինը ներկայանան ԴՆԹ վարչություն: Աշոտը, տագնապը սրտում, հարցրել է պատճառը ու լսել գուցե ամենաանսպասելի, ամենավհատեցնող, ամենացավեցնող պատասխանը` հաստատվել է եղբոր ԴՆԹ թեստը:
«Հետո ինձ ասացին, որ Հոլանդիայում հաստատված ԴՆԹ թեստի պատասխանը եկել է օգոստոսին, իբր, մեզ տեղյակ են պահել, բայց մենք հրաժարվել ենք ընդունել: Ես զայրացա, ասացի` մեզ ոչ ոք չի զանգահարել եւ ոչինչ չի ասել, ինչո՞ւ պիտի հրաժարվենք: Ապա ասացին` երեւի գործը վարող աշխատակիցն է թերացել իր պարտականությունների մեջ»,- պատմում է Աշոտը, հավելում, որ եղբոր մասունքները գտնվել են Հոկտեմբերյանի սառնարանում, այնտեղից տեղափոխել են Հերացի կենտրոն ու դեկտեմբերի 14-ին հանձնել իրենց: «Միեւնույն է, մենք շարունակելու ենք սպասել Արոյին, որովհետեւ դժվար է հարմարվել ու համակերպվել նրա` չլինելու մտքի հետ»,- ասում է Աշոտը:
Մայրը սփոփվում է, որ որդու անունը կրող Արա թոռնիկն իր համար իր Արոն է, ամեն անգամ նրա անունը տալիս նրան է հիշելու, նրան է տեսնելու, ու մինչեւ կյանքի վերջ սպասելու է որդու վերադարձին:
«Երբ Սենն իմացավ լուրը, հարցրեց` պապայի՞ս էլ են Եռագույն դրոշով բերելու… Իսկ հոր աճյունի մոտ մոտենում էր ականջիս թաքուն շշնջում` մամ, մեկ ա, պապաս գալու է»,- ասում է Մելինեն:
Դեկտեմբերի 15-ին Սիսիանի քաջաց պանթեոնում հողին հանձնվեցին 44-օրյա պատերազմի նահատակ Արա Սենիկի Ավագյանի մասունքները: Նույն հոգեհանգստայն կարգն էր, նույն Եռագույնը, նույն զինվորական համազարկը, նույն ցավը եւ նույն ափսոսանքը… Ժամանակը ոչինչ չի փոխել, երբ մայր հողին է հանձնվում իր զավակի աճյունը` անգամ այսպիսի դաժան փորձությունից հետո, ու նույն բազմամարդությունը, ինչին, ցավոք, այնպես «ծանոթ է» Սիսիանի պանթեոնը` զինվոր հուղարկավորելիս:
44-օրյա պատերազմը դեռ չի ավարտվել ու չի ավարտվելու։ 44-օրյան մեր բոլոր օրերի ու տարիների մեջ է, 44-օրյան դեռ շարունակվում է, քանի դեռ մեր սուրը փառքով չենք դրել պատյան։
Արևհատ ԱՄԻՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.12.2024