Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի՞թե սփյուռքը եւս հոգնել ու ձեռք է քաշել հայրենիքից

Դեկտեմբեր 23,2024 13:00

Մեր հայրենիքն ու ժողովուրդը հայտնվել են սարսափելի ողբերգական վիճակում՝ զոհասեղանին դրված են ոչ ավելի, ոչ պակաս՝ նրանց լինել-չլինելու հարցը, սակայն հայ ժողովուրդն այդ ամենին վերաբերվում է բացարձակ անտարբերությամբ, կարծես նրան չեն հետաքրքրում այդ հարցերը, նա լեթարգիական քնի մեջ է, փրկության ոչ մի քայլ չի փորձում ձեռնարկել անգամ այս պարագայում, երբ երկու երկրների իշխանությունները համարյա վերջնականապես պայմանավորվել են, այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագրի» շուրջ, որը Հայաստան պետության ու հայ ժողովրդի մահն է գուժում, որի նկատմամբ լիովին անտարբեր է անգամ սփյուռքի հայությունը, քանզի այս ճակատագրական հարցում եւս իր ունեցած լծակների մի չնչին մասն անգամ չի օգտագործում: Հետաքրքիր է, ինչի՞ համար է պահում եւ էլ ե՞րբ է այն օգտագործելու: Մի՞թե ավելի առաջնային ու կարեւոր առաջնահերթություն ունի, քան կործանումից հայրենիքի ու հայ ժողովրդի փրկությունը, որ իր ունեցած հնարավորությունները՝ թեկուզ մասնակիորեն չի օգտագործում ու ոչ մի կոնկրետ քայլ չի անում, որը թեկուզ փոքրիկ օգնություն կբերեր հայրենիքին եւ կդառնար փրկության ռեալ քայլերից մեկը: Մի՞թե սփյուռքը եւս հոգնել ու ձեռք է քաշել հայրենիքից, եւ դա այն պարագայում, երբ ոչ վաղ անցյալում աշխարհի կոկորդից բռնած, համարյա խեղդում էր նրան՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, որի մասին այսօր կարծես ինքն էլ է մոռացել: Եթե մի ժողովուրդ արդեն բավականին ժամանակ է՝ մաքրում է իր հիշողությունը՝ նույնիսկ Հայոց ցեղասպանության եւ նրա սուրբ զոհերի մասին, ապա նման պարագայում ի՞նչ կարելի է սպասել հենց այդ ցեղասպանության սերունդներից, որ նրանք կցանկանան պայքարել հայրենիքի եւ ժողովրդի փրկության համար, երբ հայրենիքի կորստի դեպքում, ամենաշատն ունենալու ենք ընդամենը՝ եւս մեկ ցեղասպանություն, որի մասին՝ այսօր արդեն համարյա մոռացել են, ավելին՝ վախենում են անգամ դրա մասին բարձրաձայնել: Այս պարագայում, ի՞նչ խոսք կարող է գնալ կործանվող հայրենիքի փրկության մասին…

Վերջիվերջո, նրանք եւս նույն գենն ունեն, ինչ Հայաստանի հայերը, որոնք բացի նյութական բարօրությունից, այլ շահ չեն ճանաչում: Մի տարբերությամբ, որ այստեղի հայերն ընդամենը վերջին մի քանի տարվա ընթացքում փոքրիշատե փողի համը տեսան, իսկ սփյուռքահայերը, որ հարյուր տարուց ավելի է բնակվում են դրսում, որը նաեւ փողի երկիր է, նրանք վաղուց են խորացել այդ փողերի պտույտի մեջ, ինչո՞ւ պետք է զբաղվեն հայրենիքի փրկությամբ: Նրանց եւ Հայաստանի հայերի տարբերությունը նաեւ այն է, որ նրանց ունեցվածքն ապահովագրված է, իսկ այն ունեցվածքը, որը դիզում են այստեղի հայերը նաեւ այսօր, ուղղակի չեն հասկանում, որ այդ ամենը նրանք անում են ոչ թե իրենց, այլ թուրքերի համար: Համենայնդեպս, որքան հիշողությունս ինձ չի դավաճանում, հայերն իրենց մայրերի, կանանց, աղջիկների, քույրերի նկատմամբ միշտ էլ խանդոտ ու թասիբով են եղել (ապրել են ադաթներով), այնպես որ, եթե գոնե դա եւս անտարբերության չեք մատնել, ապա պատրաստ եղեք. եթե նրանք ձեզ պահեն որպես ծառաներ, ապա պետք է հաշվի առնեք, որ նրանք պարտադրված պետք է քնեն ձեր էգերի հետ (հետո չասեք, որ դրա մասին ձեզ չենք նախազգուշացրել):

Հայեր, օրեր են մնացել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններն ստորագրեն այդ չարաբաստիկ «խաղաղության պայմանագիրը», որով Հայաստանը փաստացի վերանում ու անցնում է Ադրբեջանի ենթակայության տակ, իսկ մնացյալը՝ վարագույր:

Հայեր, ուշանալու պարագայում, երազելու եք անգամ, որ թուրքը լայաղ անի ձեզ ծառա ու հարճ պահելու համար, քանզի Հայաստանի գրավումից հետո, նրանք կարող են նաեւ այլ ազգերի բերել այստեղ՝ ծառա ու հարճ աշխատեցնելու համար ու ձեր գործազրկության հարցը՝ էլ ավելի չափազանց է դժվարանալու, եթե չասեմ՝ համարյա անհնարին է դառնալու եւ ձեզ միմիայն մնալու է տեղափոխվել այլ երկրներ (ինչո՞վ եւ ինչպե՞ս), որպեսզի օգտվեք Մեծ եղեռնից հետո հայերի ապրած փորձից …

ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔՅԱՆ

ՀՀ Ճարտարագիտական

ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
21.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031