Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի կտրեք եղեւնի…

Դեկտեմբեր 23,2024 12:00

Ծառերը մեր գոյության խորհրդանիշ եւ կյանքի հարատեւման լուսառատ աղբյուր են

Մարդը բնություն է, բնությունը՝ մարդ…

Մարտիրոս Սարյան

Ասում են առաջ,

Շատ դարեր առաջ

Հին Հայաստանում

Երբ մարդ էր ծնվում`

Ծառ էին տնկում…

Այո՛, թող չափազանցություն չթվա, բայց հայոց աշխարհում, ըստ բարի ավանդության, հայրենի բնաշխարհի` բնության, ծառ ու ծաղկի հանդեպ վերաբերմունքը, սերն ու նվիրումը հասնում էին անգամ պաշտամունքի աստիճանի: Այդ սերը, կարելի է ասել, բոլոր հայերիս երակներում է, մեզնից անբաժան եւ այսօր էլ, բարեբախտաբար, իր լավ կողմերով է դրսեւորվում, ի հայտ գալիս: Սակայն, ցավոք, նորօրյա մեր ժամանակների անդիմադրելի ավերածություններն ու բարքերն իրենց սեւ գործն են անում նաեւ մայր բնության եւ, մասնավորապես, ծառերի հետ:

Մեծ ցավ եմ ապրում, երբ հատկապես մեր սիրելի մայրաքաղաք Երեւանում շատ հաճախ բետոնն ու ասֆալտը փոխարինելու են գալիս ծառ ու ծաղկին, կանաչին ու բուսականությանը: Ժամանակակից մարդը հեշտ ու հանգիստ ձեւը գտել է. իրեն հոգսից ազատելու համար մի անգամ բետոն կամ ասֆալտ կանի` դրա տակ թաղելով ամեն կենդանի շունչ ու արարած: Այդպիսի անխոհեմ ու չմտածված քայլերով մենք, թերեւս, ավելի շատ մեզ ու մեր ապագան ենք վտանգում` էլ չասած բնությանը հասցված անդառնալի ու կործանարար վնասների մասին:

…Քանի՞ ծառ է տնկվել

Վերջին հիսուն տարում,

Ու քանի՞ ծառ ունենք հիմա

Մեր քաղաքում…

Բույսի, ծառ ու ծաղկի հանդեպ իմ սերն ու գորովանքը գալիս են ծննդավայրիցս` աննման Ջավախք աշխարհից: Հետո արդեն, տեղափոխվելով Երեւան, ավելի տարվեցի այդ սիրով եւ որտեղ աշխատել կամ եղել եմ, հոգ եմ տարել շրջապատիս կանաչապատման, ծառեր տնկելու ու դրանք խնամելու, պահպանելու մասին: Մի բան հաստատ կարող եմ ասել` փոքր-ինչ ցանկության դեպքում ամեն տեղ էլ կարելի է ծառեր տնկել, հնարավոր է մեր շրջապատը կանաչապատ ու գեղատեսիլ դարձնել: Անկախ այդ ամենից, չէ՞ որ մարդ արարածը պատասխանատու է նաեւ բնության համար։

…Մոտենում է Ամանորը: Ես, կամա թե ակամա, սկսում եմ անասելի ցավ ապրել այն եղեւնիների կամ սոճիների համար, որոնք կարող են իմ նմանների թեթեւ ձեռքով, չգիտակցված մեղքով դաժանորեն «գլխատվել»: Այն դեպքում, երբ եղեւնու, սոճու անգամ փոքր ճյուղերով կարող ենք պատշաճորեն տոնել բոլորիս սիրելի Նոր տարին՝ էլ չասած արհեստական տոնածառերի ու այլ զարդարանքների մասին: Տարիներ առաջ եմ այս ահազանգը չափածո խոսքով հնչեցրել.

Մի կտրեք եղեւնի,

Թթվածինը հույսի,

Կանաչ թելը կյանքի

Մի՛ կտրեք…

Կտրում ենք անխնա, բայց դա էլ, ասես, քիչ լինի` պես-պես զարդարանքներ, խաղալիքներ ենք կախ տալիս նրանցից ու զմայլվելով՝ շուրջները խելահեղորեն պտույտ գալիս.

Մարդը գժվե՞լ է…

Կտրում է կանաչ, դալար եղեւնին,

Խաղալիք, զարդ է ճյուղերից կախում

Ու «գլխատված» այդ խեղճերին

Տոնածառեր է դարձնում…

Ընդհանրացնելով ասելիքս, հայրենակիցներիս, մատաղ սերնդին հետեւյալ խորհուրդն ու պատգամն եմ խոնարհաբար հղում.

Ծառեր տնկեք,

Որ շենանա

Երկիրը մեր…

Գրիգոր ԾԱՏՈՒՐՅԱՆ

Բանաստեղծ, հրապարակագիր

«Առավոտ» օրաթերթ
21.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031