Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է քարոզարշավը, որոշ ուժեր դեռեւս սպասողական վիճակում են»

Դեկտեմբեր 23,2024 15:00

Ըստ Արմեն Վարդանյանի՝ Ավինյան-Մարության բանավեճում քաղաքացիների համակրանքն ավելի շատ Հայկ Մարությանի կողմն էր։

«Հայկ Մարությանի դիրքերն ավելի ուժեղ էին, եւ հենց նա էլ շահած դուրս եկավ այս բանավեճից, որովհետեւ նա շատ լավ պատրաստված էր եկել։ Իհարկե, Ավինյանի փաստարկներն էլ են որոշ դեպքերում համոզիչ, բայց այն, որ նա մի Լոս Անջելես թռնելու համար տոմսի վրա ծախսում է 20 հազար դոլար, դա արդեն իսկ հզոր խաղաթուղթ է  տալիս նրա ընդդիմախոսների ձեռքում, եւ այլեւս այլ դաշտերում նրա բերած փաստարկները կարող են լուրջ չընդունվել»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի եւ «Նոր ուժ» կուսակցության նախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի բանավեճին։

Ըստ նրա՝ այս դեպքում ավելի շատ քաղաքացիների համակրանքը Հայկ Մարությանի կողմն էր։

Հարցին՝ կարելի՞ է ասել, որ արդեն քաղաքական ուժերը սկսել են 2026-ի քարոզարշավը, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Որոշ քաղաքական գործիչների եւ ուժերի դեպքում՝ այո։ Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է, դա ակնհայտ է։ Որոշները դեռեւս սպասողական վիճակում են։ Ոմանք փորձում են սկսել»։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն ագրեսի՞վ չի սկսել, չի՞ սկսել սեփական թիմից, քաղաքագետը պատասխանեց. «Այո, իրեն թվում է, թե  այն, ինչ աշխատում էր 2018-ին, աշխատելու է 2026-ին։ Բայց դա ամենեւին էլ այդպես չէ։ Եթե մի բանը մի անգամ ստացվում է, չի նշանակում՝ ամեն անգամ ստացվելու է։ Եվ ինքը փորձում է կտրուկ քայլերով ժողովրդի համակրանքը վայելել, ինչպես նա անում էր 2018-ին։ Այն ժամանակ մի հայտարարությունից հետո կարող էր ԱԺ-ի դիմաց մի քանի տասնյակ մարդ կես ժամում հավաքվել, բայց հիմա անցել են այդ ժամանակները, այդ տեխնոլոգիաներն այլեւս չեն աշխատելու։ Դա ցույց տվեցին Երեւանի ավագանու ընտրությունները. Անդրանիկ Թեւանյանին հակադարձելով՝ փորձում էր հոկտեմբերի 27-ից խոսել եւ այլն, բայց դա չաշխատեց։ ՔՊ-ն մեծամասնություն ձեռք չբերեց Երեւանի ավագանու ընտրություններում։ 2021-ի խորհրդարանական ընտրություններին Փաշինյանի օգտին խաղացած ամենակարեւոր գործոնն էր այն, որ Ռոբերտ Քոչարյանը մտավ խաղի մեջ։ Հիմա, եթե Ռոբերտ Քոչարյանը չմտնի, լինեն նոր խաղացողներ, կամ թեկուզ նրա քաղաքական ուժից՝ ոչ իր դեմքով, Նիկոլ Փաշինյանը 2021-ի արդյունքներն ակնհայտորեն չի ունենալու։ Սոցիալական լարվածությունը, անարդարությունները, բողոքները, դժգոհությունները մեծ են երկրում, եւ այլեւս այդ հնարքները միշտ չէ, որ անցնելու են։ Այն ժամանակ շատերը մտածում էին՝ նոր է, դեռ չի հասցրել, խանգարում են, սաբոտաժ են անում, բայց արդեն վեց տարվա իշխանություն է, 2026-ին կլինի ութ տարվա, եւ այդ փաստարկներն այլեւս չեն աշխատելու։ Այնպես որ, կարծում եմ՝ 2026-ի ընտրությունները բավականին անակնկալներով լի են լինելու»։

Հիշեցրինք՝  ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր՝ մենք չենք համակերպվել այն մտքի հետ, որ պետք է դադարեցնենք փողոցային պայքարը եւ պատրաստվենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Քաղաքագետից հետաքրքրվեցինք՝ փողոցային պայքարով նրանք կարո՞ղ են ինչ-որ խնդիրներ լուծել եւ կրկին հայտնվել խորհրդարանում, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Փողոցային պայքարն էլ իր քաղաքական վտանգներն ունի. եթե փողոցային պայքար ես սկսում, չի նշանակում, որ անպայման քաղաքական դիվիդենդներ ես շահելու. դա կարող է նաեւ բերել քաղաքական կորուստների։ Եթե մեկ-երկու-երեք անգամ ասում ես՝ եկեք հավաքվենք, հիմա տապալում ենք իշխանությանը, եւ ամեն անգամ նոր օր ես նշանակում ու ասում՝ էս անգամ արդեն վերջնական պետք է հաջողության հասնենք ու դրան չես հասնում, դա բերում է քո ընտրազանգվածի կորստին. մարդիկ հիասթափվում են։ Այնպես որ, փողոցային պայքար սկսելը դեռ հաջողության գրավական չէ։ Եթե այդպես լիներ, այս մի քանի տարիների ընթացքում մի քանի այդպիսի շարժում եղավ. Բագրատ Սրբազանը բավականին տպավորիչ հանրահավաքներ անցկացրեց. 40-30 հազար մարդ էր հավաքում։ Չկարողանալով կապիտալիզացնել դա՝ մարեց շարժումը։ Եթե չես կարողանում փողոցային շարժումը կապիտալիզացնել, բերել  իշխանության փոփոխության, դա քո դեմ է շրջվելու»։

Հետաքրքրվեցինք՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա ինչպե՞ս է ազդում Աննա Հակոբյանի գործոնը, շատերը կարծում են, որ նրա վարկանիշն ավելի բարձր է, քան Նիկոլ Փաշինյանինը, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Ինքն անտիվարկանիշ ունի, հակավարկանիշ։ Շատ դեպքերում նրա PR ակցիաները հակառակ արդյունքն են տալիս, եւ այնքան էլ չի գործում քաղաքական առումով։ Օրինակ՝ նա չունի ապրումակցման զգացում, չգիտի՝ որտեղ ինչ խոսի, որտեղ ինչպես հագնվի, որ օրը որ ժամին ինչ միջոցառում անցկացնի։ Արցախի անկման օրը կարող է գնալ Աֆրիկա, այնտեղից նկարներ հրապարակել, երբ  հազարավոր մարդիկ այդ օրը սգում են։ Կարծում եմ՝ Աննա Հակոբյանն ավելի շատ Նիկոլ Փաշինյանի համար խնդիր է, քան իր գործունեությամբ օգուտ է տալիս։ Շատերը հիմա էլ բացասաբար են վերաբերվում նրա գործունեությանը, եւ կարծում եմ՝ ինքը քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից շատ սխալ է աշխատում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031