Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում որևէ պահանջ ներկայացնո՞ւմ եք․ Նորայր Նորիկյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Դեկտեմբեր 22,2024 23:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ի՞նչ են պատասխանում Ալիևին ՀՀ իշխանությունները։ Ես տարակուսած եմ, Նիկոլի Փաշինյանի՝ «Արմենպրեսին» տված հարցազրույցով։ Փորձ է արվում անլրջացնել Ալիևի ասածները, թե արևմտյան Ադրբեջան ասելով` գուցե նկատի ունի Ղազախի կամ Ադրբեջանի՝ ՀՀ-ին սահմանակից այլ տարածքներ»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը։

Նա նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը հեգնանքով ընդգծում է՝ եթե Ալիևն այդ տարածքների մասին է ակնարկում, ուրեմն դա Ադրբեջանի ներքին գործն է, և խնդիր չունենք․ «Փորձ է անում անցկացնել այն միտքը, որ եթե արևմտյան Ադրբեջան ասելով՝ նկատի ունի ՀՀ-ն, ապա գործ ունենք ագրեսիայի, զավթման հետ։ Նախ նույնիսկ այսպիսի ձևակերպման առկայության պայմաններում ՀՀ գործող իշխանությունը չի տալիս այն հարցի պատասխանը՝ ի վերջո ՀՀ-ն՝ որպես պետություն ունի՞ հստակ դիրքորոշում այսպես կոչված 300 հազար ադրբեջանցիների վերադարձի զառանցանքի վերաբերյալ»։

Ըստ Նորայր Նորիկյանի՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում ՀՀ-ն ոչ միայն զրկված է պահանջներ ներկայացնելուց, այլև նույնիսկ խնդրանք ներկայացնելու հնարավորությունից․ «Այս գործընթացում Ալիևը խաղում է միայն հարձակվողի դերում՝ առանց պատասխան գնդակ ստանալու պարտավորության։ ՀՀ-ն այստեղ խաղացող չէ, խաղից դուրս վիճակում ականատես է, թե ինչպես են իր ճակատագրի վերաբերյալ պահանջներ ներկայացվում ու հրամցվում, իրագործվում Ալիևի կողմից։ Ուզում եմ մի հռետորական հարց բարձրացնել Նիկոլ Փաշինյանին՝ դուք ընդհանրապես Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում որևէ պահանջ ներկայացնո՞ւմ եք Ադրբեջանին․ «Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ եք վարում, դուք որևէ դրույթ՝ որպես պետության ներկայացուցիչ առաջարկե՞լ եք, թե՝ ոչ։ Կարո՞ղ եք հրապարակել՝ խաղաղության պայմանագրի քանի՞ կետն է ՀՀ-ի կողմից առաջարկվել, մերժել, կամ ՀՀ ջանքերի արդյունքում քանի՞սն են դուրս բերվել, ո՞ր կետերն են Ադրբեջանի խնդրանքով հանվել»։

Ըստ Նորայր Նորիկյանի՝ խաղաղության պայմանագրի մասին խոսում է միայն Նիկոլ Փաշինյանը հանրության վստահությունը կամ հանրության մոտ առաջացած համոզմունքը պահելու համար, պատասխանատվությունից խուսափելու համար, քանի որ մեր հասարակությունն իսկապես պատերազմի պատրաստ չէ, և Նիկոլ Փաշինյանը զգացել է զարկերակը և փորձում է այս գաղափարներն օգտագործելով՝ պահպանել իր իշխանությունը․ «Եկել է հաշիվ տալու ժամանակը՝ ո՞ւր է ձեր խոստացած խաղաղության պայմանագիրը, ո՞ւր է ձեր խոստացած 29743 քառակուսի կիլոմետրը, Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031