Երեկ կայացած «Ազգային ընտրանի 2024» չորրորդ մրցանակաբաշխությունը սպորտի ոլորտում «N 1 միջազգային անվանակարգում» պարգեւատրեց հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի եռակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն, FILA-ի Փառքի սրահի անդամ Արմեն ՆԱզարյանին, հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի չեմպիոն ու մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բազմակի չչեմպիոն, Երեւանի պատվավոր քաղաքացի Արթուր Աբրահամին, ծանրամարտիկ, օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, պոկում վարժությունում աշխարհի եռակի ռեկորդակիր Իսրայել Միլիտոսյանին, AIBA բարձրագույն կարգի մրցավար, Սիդնեյի օլիմպիական խաղերի լավագույն մրցավար, ՀԱՕԿ փոխնախագահ, ՄՕԿ «Ոսկե շղթա» ստացած աշխարհում միակ մրցավար Դերենիկ Գաբրիելյանին, ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, Եվրոպական բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր Վանդոս Ղարագյոզյանին:
Կարդացեք նաև
«Շատ լավ զգացողություններ ունեմ եւ ուրախ եմ օլիմպիական չեմպիոն եւ մարզաշխարհի իմ ընկերների հետ այստեղ գտնվելու համար: Մրցանակները դեռ շարունակվում են, մեզ դեռ հիշում են: Հաճելի է, որ մեծարում են Հայաստանի դրոշը բարձրացրած հայ մարզիկներին: Հիմա, ասես, հետ եմ գնացել այն տարիներ, երբ 195 երկրների մարզիկների պայքարում հաջողվեց օլիմպիական պատվանդանի առաջին աստիճան բարձրանալու եւ Հայաստանի եռագույն դրոշը բարձրացնելու համար եզրափակիչ գոտեմարտում հաղթել ամերիկացի ըմբիշին, որին, ի դեպ, մրցավարությունը ուզում էր չեմպիոն դարձնել: Շնորհակալ եմ կազմակերպիչներին մեզ չմոռանալու համար: Շուտով նոր տարի է: Շնորհավորում եմ բոլորիս, մաղթում, որ բոլոր հայ մարզիկները, հատկապես երիտասարդները, որոնք շնորհալի են, տաղանդաշատ, նվաճեն մարզական բարձունքները եւ ուրախություն պարգեւեն իմ ժողովրդին»,-լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ասաց Արմեն Նազարյանը:
Դերենիկ Գաբրիելյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց «Ազգային ընտրանի» կազմակերպությանը, որի կազմում կան տարբեր ոլորտի փորձագետներ իրավաբանական գիտությունների դոկտոր Ենոք Ազարյանի գլխավորությամբ, որը չի մոռանում սպորտը: Տեղյակ եմ ու մենք ծրագիր ունենք հաջորդ հանդիպումը կազմակերպել Սանկտ-Պետերբուրգում ու արդեն կազմակերպական բնույթի բանակցություններ ենք վարում: Մաղթում եմ այս կազմակերպությանը տարեցտարի ընդլայնել թե իր կազմը, թե մրցանակակիրների քանակն ու աշխարհագրությունը: Մասնավորապես, 2028 թվականի օլիմպիական խաղերում, որ լինելու են հեռավոր Լոս Անջելեսում, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումների արդյունքում ծրագրել ենք անել ամեն բան, որպեսզի մինչեւ այսօր հայաստանցի 14 օլիմպիական չեմպիոնների թիվը ավելանա առնվազն երկուսով: Իսկ ինչ վերաբերում է այս մրցանակին, ասեմ, որ երկարամյա կյանքիս ընթացքում մեդալների, պարգեւների պակաս չեմ զգացել: Բայց «Ազգային ընտրանի» մրցանակը այլ խորհուրդ ունի: Նաեւ պիտի խոստովանեմ, որ իմ աշխատանքի ամեն մի գնահատական ինձ ոգեւորում է, նոր ուժ է տալիս: Եթե կա ուշադրություն վետերանների նկատմամբ, դա արդեն ոգեւորություն է»,-ասաց պարոն Գաբրիելյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ