Մերձավոր Արեւելքում ընդամենը «ստատուս քվոյի» շարունակական, անկանխատեսելի փոփոխությունը չի կարող անհետեւանք անցնել մեզ համար: Ավելին՝ Հարավային Կովկասում նման փոփոխությունները հղի են տարածաշրջանը գլխովին ռազմական արկածախնդրությունների մեջ ներքաշելու եւ Կովկասն առճակատումների թատերաբեմի վերածելու վտանգով: Ի տարբերություն Մերձավոր Արեւելքի՝ Կովկասում բռնկված պատերազմը կարող է շատ ավելի դաժան լինել՝ դառնալով գերտերությունների միջեւ ավելի ահեղ պատերազմների կռվան: Հուսանք՝ բանը դրան չի հասնի, եւ վերադառնանք դարձյալ «Սիրիական խմորին», որը, կարծես թե, դեռ շատ ջուր է քաշելու:
Կան որոշ պնդումներ, թե ռուսական կողմը, ըստ էության, չկռվեց Սիրիայում, քանի որ եղել էր Թրամփ-Պուտին գաղտնի պայմանավորվածություն: Սա չհաստատված վարկած է, որին անդրադարձել են տարածաշրջանը լավ հասկացող փորձագետներ: Վերջիններիս խոսքով՝ տեղի ունեցածը սիրիական վարչակարգի լիակատար ձախողման հետեւանք էր: Բաշար Ասադն ուղղակի ի զորու չեղավ իրականացնել խոստացված բարեփոխումները: Եվ հատկապես՝ բանակում: Նա չկարողացավ անկեղծ խոսել ժողովրդի հետ, օգտագործել կարող ուժերի փորձն ու հնարավորությունը, ստեղծել նոր իրավիճակ: Նա աննկատ հեռացավ, ծանր էր նայել մարդկանց աչքերին, ստերն արդեն սպառվել էին:
Սա ձեզ ինչ-որ մեկին չհիշեցրե՞ց… դուք իրավացի եք՝ Ասադը հայտնվել էր Փաշինյանի վիճակում: Կամ՝ ընդհակառակն: Ամեն դեպքում Աստված մի արասցե, եթե այս անկայուն իրավիճակը Հայաստանում շարունակվի: Դժվար չէ կանխատեսել, թե ինչ կարող է լինել մի կառավարության հետ, որի ղեկավարը լավ չի ըմբռնում կամ, ընդհանրապես, չի ըմբռնում՝ ինչ է կատարվում շուրջը: Այսինքն՝ իրեն պահում է իրադրությանը ոչ համարժեք ձեւով: Դա մենք տեսնում ենք արդեն վեցուկես տարի, եւ «ըմբոշխնում» ենք նրա չըմբռնածի ողբերգական հետեւանքները: Տիրող ՔՊ-ական համակարգը սպառնալիքներ չեզոքացնող իշխանություն չէ: Մեր դառը բախտից այն սպառնալիքներ հրահրող իշխանություն դուրս եկավ: «Հիմի է՞լ լռենք…»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում