Լրահոս
Օրվա լրահոսը

Ենոք Ազարյան. «Եթե կգտնվեն մարդիկ, կազմակերպություններ կամ պետությունը մեր «Ազգային ընտրանի» մրցանակակիրներին կցանկանա դրամական պարգեւատրություն տալ, մենք միայն ուրախ կլինենք»

Դեկտեմբեր 21,2024 23:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կայացավ «ազգային ընտրանի 2024» ավանդական՝ չորրորդ մրցանակաբաշխությունը, որը ուղղված է ազգային արժեքների մշտապես գնահատմանը, հայապահպանությանը, մշակութային արժեքների պահպանմանը: Ազգային արժեքները մեր ինքնության եւ գոյատեւման հիմքն են, այն արմատները, որոնց վրա կառուցված են մեր անցյալը, մեր ներկան, մեր ապագան: Դրանք մեր մշակույթն են, լեզուն, ավանդույթները, մեր նախնիների ստեղծած հոգեւոր եւ նյութական բարիքները:

Հայապահպանությունը պահանջում է թե անհատական եւ թե հավաքական ջանքեր: Եվ այսօրվա միջոցառման մասնակիցները հավաքվել էին՝ արժեւորելու հաջողությունները, ձեռքբերումները, Ամանորի շեմին մեկ հարկի տակ համախմբելու սպորտի, մշակույթի, գիտության, արվեստի եւ այլ ոլորտներում անուրանալի ավանդ ներդրած անձանց եւ կազմակերպություններին, արժևորելու Հայրենիքին մատուցած նրանց ծառայությունն ու ներդրումը, Հայաստանի հեղինակությունն ու դերը աշխարհում բարձրացնելու եւ գնահատելու ուղղությամբ նրանց գործադրած ջանքերը, որոնք ցույց են տալիս, որ մենք շատ ավելի լավն ենք, քան մեր մասին մտածում ենք եւ մենք ոչ թույլ ենք, ոչ տկար ենք, ոչ էլ անկարող ենք:

Ավանդական այս միջոցառման կազմակերպիչ, իրավագիտության դոկտոր Ենոք Ազարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Միջազգային հանձնաժողովով ընտրված մեր մրցանակակիրները մարդիկ են, որոնք լուրջ ներդրումներ ունեն իրենց ոլորտներում: Օրինակ, այսօր մեր մրցանակակիրների շարքում են օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի  չեմպիոններ, պրոֆեսիոնալ սպորտում բազմաթիվ հաղթանակներ տոնած, Հայաստանի դրոշը աշխարհի տարբեր անկյուններում բարձրացրած ու օրհներգը հնչեցրած մարզիկներ, մարզական, ինչպես նաեւ գիտության, մշակույթի եւ արվեստի գործիչներ, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով պատիվ են բերել եւ բերում են ոչ միայն մեր հայրենիքին, այլեւ միջազգային կազմակերպություններին, որտեղ իրենք գործունեություն են ծավալել: Իմ նպատակը այդ մարդկանց, որոնք օրինակ են դառնում մեր երիտասարդների, պատանիների համար, սակայն որպես կանոն աշխատում են կյանքում աննկատ մնալ, գնահատելն է:

Հետաքրքիր է, որ շատերը, երբ տեղեկանում են այս մրցանակաբաշխության մասին, առաջին հերթին հարցնում են, թե կա՞ այստեղ դրամական բաղադրիչ: Մի անգամից պատասխանեմ, որ չկա: Ամեն տեղ ու ամեն անգամ չէ, որ նյութականը առաջնային է: Իմ, մեր նպատակը մեր ազգի արժանավոր զավակներին ուշադրության արժանացնելն է, նրանց արածը արժևորելը: Մենք արժեհամակարգային մասն ենք անում: Իսկ եթե  կգտնվեն մարդիկ, կազմակերպություններ, որոնք կցանկանան նյութապես խրախուսել, կամ պետությունը նմանատիպ ցանկություն կդրսեւորի, մենք դեմ չենք լինի, միայն ուրախ կլինենք դրա համար»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031