«Հետք». Վարչական դատարանը, դատավորի 3 կազմով, որոշել է, որ Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի՝ 2024թ. մայիսյան ցույցերի ժամանակ հնչեցրած «լակոտի պես» արտահայտությունը որևէ մեկին ուղղված չի եղել: Ավելին, դատարանը փաստել է, որ «միջին վիճակագրական յուրաքանչյուր անդամ» նույնպես չի ընկալի, որ ոստիկանության պետի արտահայտությունն ուղղված է ինչ-որ մեկին: Հետևաբար` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է վերանայի իր եզրակացությունը՝ Ա. Հովհաննիսյանի կողմից վարքագծի կանոնի խախտման մասով:
«Հետքը» գրել էր, որ Արամ Հովհաննիսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեմ դիմում էր ներկայացրել վարչական դատարան: Ոստիկանության պետը վիճարկում էր հանձնաժողովի՝ 2024թ. հոկտեմբերի 21-ին կայացրած եզրակացությունը, որով արձանագրվել է վարքագծի կանոնի խախտում՝ իր կողմից թույլ տրված «լակոտ» արտահայտության համար: Արամ Հովհաննիսյանը պահանջում է «լակոտ» արտահայտությունը վիրավորական արտահայտություն չորակել և արձանագրել վարքագծի կանոնների խախտման բացակայությունը:
2024թ. մայիսին Բագրատ Գալստանյանի կողմից առաջնորդած բողոքի ակցիաների ժամանակ փողոցը փակողներին ոստիկանության պետն անվանել է «լակոտ»: Նա այլ արտահայտություններ ևս հնչեցրել է անհնազանդության ակցիայի մասնակցած անձանց, ինչպես նաև Բագրատ Սրբազանի հասցեին, որոնք կարող են վիրավորական ընկալվել: Մամուլի հրապարակումներն ուսումնասիրելուց հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Ա. Հովհաննիսյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու որոշում է կայացրել:
Հանձնաժողովը եզրակացությամբ արձանագրել է, որ Ա. Հովհաննիսյանի կողմից նշված արտահայտության կիրառումը վիրավորական բնույթ է ունեցել և կարող էր արատավորել հավաքի մասնակիցների արժանապատվությունը:
Կարդացեք նաև
Վարչական դատարանը որոշումը կայացրել է դեկտեմբերի 2-ին, այն վերջնական է, վերանայման ենթակա չէ:
Նշենք, որ Վարչական դատարանի որոշմանը հաջորդելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իր եզրակացության վերանայումը, որը վերաբերում է Արամ Հովհաննիսյանի կողմից վարքագծի կանոնների խախտմանը կամ խախտման բացակայությանը:
Գրիշա Բալասանյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: