«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն ահազանգեր է ստանում, որ ՀՀ դպրոցական առարկայական օլիմպիադայի անցկացման նպատակով հանրակրթական դպրոցների ուսուցիչներն առանց գրավոր համաձայնության և առանց վճարման մասին որևէ ծանուցման են կանչվել դպրոցներ 21.12.2024 թ.-ին՝ շաբաթ օրը:
21.12.2024 թ.-ին անցկացվել է մաթեմատիկայի առարկայական օլիմպիադան:
Նկատի ունենալով այս ահազանգերը՝ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն դիմել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ղեկավարությանը:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան՝ արձագանքելով «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի հարցմանը, տարածել է հետևյալ պարզաբանող հայտարարությունը. «Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, վարձատրվում է:
Կարդացեք նաև
Վարձատրությունը կատարվում է կողմերի համաձայնությամբ ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:
Եթե ձեզ ներգրավում են աշխատանքի առանց ձեր գրավոր համաձայնության և համապատասխան վճարման, ապա խախտվում են ձեր աշխատանքային իրավունքները: Հիշեք՝ աշխատանքը պետք է լինի արժանապատիվ և օրենքով պաշտպանված»:
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ–ն ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների անցկացման կարգը սահմանող ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հրապարակավ պահանջում է ոչ աշխատանքային օրերին ուսուցիչներին աշխատանքի ներգրավելիս հետևել ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջներին:
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ