Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայի դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակո՞ւմ են գործել

Դեկտեմբեր 21,2024 21:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սիրիայում տեղի ունեցած հեղաշրջումից հետո անորոշ է մնում նախագահ Բաշար ալ-Ասադի օրոք նշանակված դիվանագիտական ներկայացուցիչների գործունեության հարցը։

Դեկտեմբերի 8-ին, երբ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորումը նվաճեց մայրաքաղաք Դամասկոսը, Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտարարություն տարածեցին, որ «Սիրիայի պատմության նոր էջ է գրվում»։

Արտաքին գործերի եւ սփյուռքի նախարարությունից շեշտեցին, որ դիվանագիտական համակարգը, այդ թվում՝ արտերկրում Արաբական Հանրապետության ներկայացուցչությունները, շարունակելու է սպասարկել Սիրիայի եւ սիրիացինների շահերը։

Նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը։ Քուսայ ալ-Դահակն ընդգծել է, որ Սիրիայի բոլոր ներկայացուցչություններին հանձնարարվել է շարունակել ներկայացնել սիրիացի ժողովրդին, պաշտպանել Սիրիայի եւ իր ժողովրդի շահը եւ իրականացնել Սիրիայի արտաքին քաղաքականությունը։

Այնուհանդերձ, դեկտեմբերի 17-ին Սիրիայի հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի մեկնարկից րոպեներ անց երեւում է, որ նիստի մեկնարկին դահլիճում ներկա սիրիական պատվիրակությունն այլեւս տեղում չէ։ Սիրիայի մասին նիստին Սիրիայից ելույթ չլսեցինք։ Պատվիրակության բացակայության առնչությամբ հետագա մեկնաբանություն չհրապարակվեց։

Դեսպանությունների շենքերի առջեւ բարձրացվել է նոր դրոշը

Դրա հետ մեկտեղ, «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմակերպության կողմից որեւէ հայտարարություն չի արվել առ այն, որ Բաշար Ասադի նշանակած դեսպանները հետ են կանչվում զբաղեցրած պաշտոններից։ Հակառակը, նորաթուխ իշխանավորները հայտնել են, որ պետական համակարգի ծառայողները պետք է շարունակեն իրենց աշխատանքը, որպեսզի սպասարկվեն երկրի քաղաքացիների կարիքները։

Բացի այդ, սիրիական դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում՝ Երեւանում դեսպանության շենքի առջեւ արդեն հեղափոխական ուժերի նախընտրելի կանաչ, սպիտակ, սեւ եռաշերտ դրոշն է ծածանվում։

Երկրի դիվանագիտական առաքելությունների սոցիալական հարթակների էջերում Ասադների իշխանության ժամանակ կիրառված զինանշանին նույնպես փոխարինելու է եկել նորը։

Հատկանշական է, որ Սիրիայի դրոշի փոփոխության ֆոնին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջեւ անդամ պետությունների դրոշների շարքում շարունակվում է ծածանվել Ասադների Սիրիայի դրոշը։ Թե ինչու սիրիական ներկայացուցչությունը չի դիմել ՄԱԿ-ին դրոշի փոփոխության հարցով, չի հաղորդվում։

Ի՞նչ է կատարվում Հայաստանում Սիրիայի դեսպանությունում

Հայաստանում Սիրիայի դեսպանությունից փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք կառույցը շարունակում է իր բնականոն գործունեությունը, այդ թվում՝ Սիրիայի քաղաքացիներին մատուցելով հյուպատոսական ծառայություններ, արդյո՞ք 2022թ.-ին դեսպան նշանակված Նորա Արիսյանը շարունակում է մնալ այդ պաշտոնում։

Հարցրինք նաեւ՝ դեսպան Արիսյանը մասնակցե՞լ է դեկտեմբերի 16-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համար ՀՀ ԱԳՆ կազմակերպած պաշտոնական ընդունելությանը։

Դեսպանությունից մեր գրավոր հարցմանն առայժմ չեն պատասխանել։

Համատեքստ

Դեկտեմբերի 8-ին, տասներեք տարի տեւած արյունալի քաղաքացիական պատերազմն ավարտվեց ավելի քան կես դար Սիրիան կառավարող Ասադների իշխանության տապալմամբ։ Կայծակնային զարգացումներից հետո Սիրիան «ազատագրած» «Հայաթ Թահրիր ալ-Շամը», որին ՄԱԿ-ը ահաբեկչական կազմակերպություն է որակում, ժամանակավոր վարչակարգ է ձեւավորել։ Այն գործելու է մինչեւ գալիք տարվա մարտի մեկը։ Դեռ հայտնի չէ՝ ինչ է տեղի ունենալու մարտի մեկից հետո։ Արեւմուտքից շեշտում են՝ սիրիացի ժողովուրդը, ազատ եւ արդար ընտրությունների միջոցով, պետք է արտահայտի իր կամքը եւ ձեւավորի իր համար նախընտրելի իշխանություն։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031