Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա), ի դեմս իր Կառավարման խորհրդի, ընդգծում է ՀՀ կառավարության ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում։
Մասնավորապես, ողջունելի է ՀՀ 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի մշակման գործընթացի կազմակերպումը։ Գոհունակությամբ ենք արձանագրում, որ ՀՀ վարչապետը ընդունեց Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ և Կոալիցիայի քարտուղարությունը համակարգող Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահի առաջարկը՝ ստեղծելու աշխատանքային խումբ։ ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծված այս խումբը, որի կազմում ընդգրկված են պետական մարմինների, Կոալիցիայի, ԻՀԱ-ի և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ, մասնակցային սկզբունքով մշակեց հակակոռուպցիոն ռազմավարությունը։
Կոալիցիան հատկապես կարևորում է ԳՐԵԿՈ-ի և ՏՀԶԿ-ի շրջանակներում ՀՀ իրավասու պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) արդյունավետ համագործակցությունը։ Գոհունակությամբ ենք արձանագրում միջազգային մասնագիտացված կառույցների կողմից Հայաստանի վերաբերյալ դրական գնահատականները և երկրի առաջընթացը, ինչպես նաև ԵՄ-ի և ԱՄՆ ՄԶԳ-ի շարունակական ջանքերը՝ Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման գործընթացում։
Առանձնակի ուշադրության է արժանի Կոալիցիայի անդամ կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը միջազգային հարթակներում։ Մասնավորապես, 2024թ․ սեպտեմբերին Փարիզում կայացած ՏՀԶԿ Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի ղեկավար խմբի հանդիպման ընթացքում ԻՀԱ ներկայացուցիչը՝ Կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետը, վեր է հանել առկա մեթոդաբանական և համակարգային խնդիրները՝ ընդգծելով, որ գործող մեթոդաբանության արդյունքում Ադրբեջանն անարդարացիորեն ստացել է բարձր գնահատականներ, մինչդեռ Հայաստանի գնահատականները եղել են ցածր և դա չի արտահայտում այս երկրներում հակակոռուպցիոն իրավիճակի օբյեկտիվ պատկերը։ Այս հիմնավոր նկատառումները հաշվի են առնվել Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի կողմից, և ներկայումս ընթանում է մեթոդաբանության վերանայման գործընթաց։
Կարդացեք նաև
Միջազգային հակակոռուպցիոն համագործակցության շրջանակներում Կոալիցիան կարևորում է Հակակոռուպցիոն մարմինների միջազգային ասոցիացիայում (IAACA) Հայաստանի դիրքերի ամրապնդման անհրաժեշտությունը։ Մասնավորապես, առաջնահերթ է համարվում Ասոցիացիայի ղեկավար կազմում Հայաստանի հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ներկայացուցչի ընդգրկման ապահովումը: Ներկայումս այդ դիրքը զբաղեցնում է Ադրբեջանի ներկայացուցիչը, ինչը չի համապատասխանում Ադրբեջանում կոռուպցիայի դեմ պայքարի ցուցանիշներին: Միևնույն ժամանակ, Հայաստանը, որն իրականացնում է հակակոռուպցիոն բարեփոխումների ակտիվ քաղաքականություն, չունի ներկայացվածություն Ասոցիացիայի ղեկավար մարմիններում:
Կոալիցիան բարձր է գնահատում ՀՀ կառավարության գործունեությունը կոռուպցիայի դեմ պայքարի տարբեր ուղղություններով, ներառյալ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի կիրառումը։ Հատկանշական են հատկապես կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ պաշտոնատար անձանց նվերների ընդունման սահմանափակումների և հաշվառման համակարգի բարելավումը։ Կոալիցիան վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու փորձագիտական աջակցություն տրամադրել այս ինստիտուտի հետագա կատարելագործման գործում։
Առանձնահատուկ ուշադրության են արժանի մասնավոր հատվածում կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված ջանքերը։
Առանձին ընդգծման է արժանի Կառավարության հետևողական աշխատանքը ազդարարման ինստիտուտի զարգացման և դրա հանրային ընկալման բարելավման ուղղությամբ։ Կարևոր է հատկապես ՀՀ վարչապետի կողմից Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ, Կոալիցիայի քարտուղարության համակարգողի առաջարկի ընդունումը՝ ազդարարման համակարգի վերաբերյալ հասարակական ընկալումների փոփոխմանն ուղղված հանրապետական լայնամասշտաբ միջոցառումների իրականացման և օրենսդրական դաշտի կատարելագործման վերաբերյալ։ Գոհունակությամբ ենք արձանագրում ՀՀ արդարադատության նախարարության, միջազգային կազմակերպությունների և Կոալիցիայի անդամ ԻՀԱ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Դրա շրջանակներում ավելի քան 600 հանրային ծառայողներ, ուսանողներ, աշակերտներ, ուսուցիչներ և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ անցել են վերապատրաստում ազդարարման համակարգի վերաբերյալ, ներառյալ՝ թվային անվտանգության հմտությունների զարգացման բաղադրիչը։
Միևնույն ժամանակ, Կոալիցիան նաև ունի հիմնավոր մտահոգություններ Հայաստանում վերջին շրջանում արձանագրված իրավիճակի վերաբերյալ։ Հատկապես մտահոգիչ է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մարմիններից մեկի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնաթողության գործընթացները։
ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը սահմանում է, որ պետական իշխանությունն իրականացվում է բացառապես Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա։ Հայաստանի օրենսդրությունը նախատեսում է համապատասխան իրավական գործիքակազմ, որի միջոցով իշխանության տարբեր ճյուղերի ներկայացուցիչները կարող են իրականացնել փոխադարձ վերահսկողություն՝ բացառապես իրավական մեխանիզմների կիրառմամբ։
Միաժամանակ, մտահոգիչ է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի կատարելագործման գործընթացի հապաղումը։ Հարկ է նշել, որ 2022թ․ դեկտեմբերի 19-ին Վենետիկի հանձնաժողովը, արձագանքելով ՀՀ սահմանադրական դատարանի դիմումին, ներկայացրել է խորհրդատվական կարծիք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության վերաբերյալ։ Սակայն, չնայած երկու տարի անց լինելու հանգամանքին, ՀՀ ՍԴ-ը անհասկանալի կերպով կասեցրել է գործի վարույթը և դեռևս չի կայացրել որոշում այս հարցով։ Հատկանշական է, որ այս իրավական անորոշության պայմաններում ՀՀ հակակոռուպցիոն դատարանները շարունակում են քննել նմանատիպ հայցեր և կայացնել վճիռներ՝ առանց ՍԴ-ի կողմից օրենքի սահմանադրականության հարցի վերջնական լուծման։ Այս իրավիճակը կարող է հանգեցնել լուրջ իրավական հետևանքների և անորոշությունների։
Խիստ մտահոգիչ է նաև որոշ գործերով դատավարությունների ընթացքում քաղաքական ազդեցության հնարավոր դրսևորումները։ Օրինակ, ուշագրավ է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կայացրած որոշումը, երբ բեկանելով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, մի շարք դրվագներով ճանաչել է անձին անմեղ, այնուամենայնիվ, պատիժների համակցման արդյունքում վերջնական ազատազրկման ժամկետը պահպանվել է նույնը։ Այս հանգամանքը լուրջ հարցադրումներ է առաջացնում դատական գործընթացի անկախության և անաչառության վերաբերյալ։
Այսպիսով, Կոալիցիան կարծում է, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ, ինչը կարող է պայմանավորված լինել հետևյալ հանգամանքներով.
- Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մարմինները դեռևս չեն հասել լիարժեք անկախության, այդ թվում ինստիտուցիոնալ և գործառնական։
- Այս մարմինների ղեկավար պաշտոնները հիմնականում համալրվել են ոչ թե մասնագիտական չափանիշների հիման վրա անցկացվող բաց և թափանցիկ մրցույթների, այլ մրցույթների շղարշի ներքո՝ քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում: Ավելին, հակակոռուպցիոն մարմինների ղեկավարների ընտրության մրցութային խորհուրդներում, որտեղ օրենքով պետք է ներգրավված լինեն անկախ մասնագիտացված ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, օրենքի խախտմամբ ընդգրկվում են փոխկապակցված ՀԿ-ներ: Վերջին նման դեպքը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության մրցութային խորհրդի ձևավորումն էր՝ երկու ՀԿ-ների ներկայացուցիչների ընտրության մասով։
- Մեր դիտարկումներով ամբողջությամբ արդյունավետ և արդարացի չի իրականացվում նաև հակակոռուպցիոն մարմինների համալրումը պրոֆեսիոնալ և բարեվարք կադրերով։
- Բացակայում են որոշ միջազգային զարգացման գործընկերների կողմից հակակոռուպցիոն ոլորտում ՔՀԿ-ներին տրամադրվող աջակցության արդյունավետության գնահատման օբյեկտիվ մեխանիզմները։
Հատկանշական է, որ կոռուպցիայի դեմ ոչ արդյունավետ պայքարի առկայության փաստը 2024 թվականի նոյեմբերի 23-ին հրապարակայնորեն հաստատել է նաև ՀՀ վարչապետը՝ Կառավարության նիստի ընթացքում: Ուշագրավ է նաև, որ համաձայն Թրանսփարենսի Ինթերնեշնլի տվյալների, 2021-2023թթ․ ընթացքում Հայաստանի Կոռուպցիայի ընկալման համաթվի (CPI) ցուցանիշը տատանվել է 46-49 միավորի միջակայքում, ինչը 3.1 միավորով ցածր է համակարգային կոռուպցիայի առկայությունը բացառող 50 միավոր շեմից։ Ըստ միջազգային հակակոռուպցիոն փորձագիտական հանրության գնահատականների, 50 միավորից ցածր ցուցանիշը վկայում է տվյալ երկրում համակարգային կոռուպցիայի առկայության մասին: Այս փաստը ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ:
Կոալիցիան ուշադրություն է հրավիրում հետևյալ խնդրահարույց միտումների վրա՝
- Մտահոգիչ է որոշ միջազգային կազմակերպությունների կողմից զգալի ֆինանսական միջոցների հատկացումը իշխող քաղաքական ուժի հետ փոխկապակցված հասարակական կազմակերպություններին, այդ թվում՝ հակակոռուպցիոն ոլորտում։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս գործընթացները հաճախ իրականացվում են ոչ բավարար թափանցիկության և մրցակցային ընթացակարգերի պայմաններում։ Հատկանշական է, որ միլիարդավոր դրամների ֆինանսավորումը դեռևս չի հանգեցրել համակարգային արդյունքների հակակոռուպցիոն ոլորտում, ինչի մասին են վկայում երկրում առկա համակարգային կոռուպցիայի դրսևորումները, Հայաստանի վերջին տարիների կոռուպցիայի ընկալման համաթվի ցուցանիշները և հակակոռուպցիոն ինստիտուտների անկախության հետ կապված մարտահրավերները։
- Ուշագրավ է նաև վերոնշյալ կազմակերպությունների, հատկապես հակակոռուպցիոն ոլորտում դիրքավորված ՀԿ-ների, դիրքորոշման բացակայությունը Հակակոռուպցիոն կոմիտեի և ԲԴԽ-ի նախագահների պաշտոնաթողության կարևորագույն հարցի վերաբերյալ՝ չնայած դեպքից անցած մեկ ամսվա ժամանակահատվածին։
Նաև մտահոգիչ է իշխող քաղաքական ուժի, պետական մարմինների և պետական պաշտոնյաների կողմից լրատվամիջոցների, հակակոռուպցիոն գործիչների և նրանց կողմից ղեկավարվող ՀԿ-ների նկատմամբ դատական հայցերի հարուցումը՝ հանրային համակարգային խնդիրների և հնարավոր կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ իրենց արտահայտած կարծիքների մասով։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Կոալիցիայի Կառավարման խորհուրդը վերահաստատում է իր կարծիքը, համաձայն որի կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ են հետևյալ հիմնարար նախապայմանները.
- Անկախ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մարմինների կայացում։
- Անկախ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի բոլոր մամինների ղեկավար պաշտոնների համալրում արհեստավարժ, բարեվարք և արժանի կադրերով՝ բացառապես բաց, թափանցիկ, արժանիքահեն և ապաքաղաքական մրցույթների ու ընթացակարգերի միջոցով։
- Հասարակության շրջանում հակակոռուպցիոն կրթության արմատավորում և հակակոռուպցիոն իրազեկման լայնամասշտաբ արշավների իրականացում։
- Կոռուպցիայի կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ներդրում։
- Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և պատասխանատվության անխափան մեխանիզմների կիրառում՝ զերծ որևէ քաղաքական միջամտությունից և ընտրողական մոտեցումներից։
Կոալիցիան հայտարարում է նաև, որ հետևելու է Հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահի և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համակարգող տեղակալի ընտրության և նշանակման ողջ գործընթացին՝ ապահովելու համար գործընթացի թափանցիկությունը և օրենքին համապատասխանությունը:
Ծանոթություն. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան մասնագիտական քաղաքացիական հասարակության կառույց է, որը հիմնադրվել է 2014 թ. նոյեմբերի 28-ին Երևանում: Կոալիցիային ներկայումս անդամակցում են ավելի քան քան 50 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, իսկ քարտուղարության գործառույթները իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Կառավարման խորհուրդ