Դեկտեմբերի 5-ին Երևանի քաղաքապետարանը տեսանյութ էր հրապարակել, ըստ որի՝ 2024-ի ծրագրով միջին նորոգման աշխատանքներ են իրականցվել 45 փողոցներում, իսկ ընդհանուր առմամբ՝ ընթացիկ տարում նորոգվել է ավելի քան 50 կմ ճանապարհ:
Փողոցների ցանկը, որոնք ըստ առաջնահերթության պիտի ենթարկվեին միջին նորոգման աշխատանքների, հրապարակվել էր դեռևս մայիսի 27-ին: Ցանկը ներառում էր քաղաքապետարանի կողմից խոստացված և նորոգման ենթակա 50-ից ավելի փողոցներ՝ Երևանի 12 վարչական շրջաններում։
Կարդացեք նաև
Օրինակ, մայիսին հրապարակված ցանկում Արաբկիր վարչական շրջանում ընդգրկված Արղության փողոցը համարվել էր նորոգման ենթակա, և բնակիչները սպասում էին, որ այն այս տարի կնորոգվի։ Սակայն տարվա վերջում պարզ դարձավ, որ այն չի նորոգվի։
«Փաստերի ստուգման հարթակն» այս և այլ անհամապատասխանություններ է նկատել մայիսին քաղաքապետարանի տված խոստման ու վերջերս հաղորդված տեղեկության միջև և փորձել է հարցմամբ պարզել՝ մայիսին հրապարակված ցանկում ընդգրկված ո՞ր փողոցներում են միջին նորոգման աշխատանքներ իրականցվել, ո՞ր փողոցներում չեն իրականացվել և ինչո՞ւ:
Քաղաքապետարանից FIP.am-ին են ներկայացրել 2024 թ. միջին նորոգման աշխատանքների ենթարկված փողոցների ցանկը և նշել, որ աշխատանքների իրականացման համար ներկա պահին ծախսվել է շուրջ 2 մլրդ դրամ (1,958,572,917 դրամ): Ներկայացված ցանկում առկա էին նաև փողոցներ՝ Հանրապետության հրապարակ և Վ. Սարգսյան փողոց ու Բաբաջանյան փողոց, որոնք մայիսի 27-ին հրապարակված ցանկում ներառված չէին:
Քաղաքապետարանից ներկայացրել են նաև այն փողոցները, որոնք նորոգման աշխատանքների չեն ենթարկվել: Ըստ այդմ, միջին նորոգման աշխատանքներ չեն իրականացվել հետևյալ 5 փողոցներում՝
Պարիս Հերունու փողոց, պատճառը՝ 2025 թ. կոմունիկացիայի անցկացում,
Արղության փողոց, պատճառը՝ նոր շենքի կառուցում, որը ենթադրում է նաև կոմունիկացիաների անցկացում,
Արամի փողոց, պատճառը՝ Կարմիր գրքում առկա ծառերի արմատների առկայություն, որն էլ խոչընդոտ է հանդիսացել միջին նորոգման աշխատանքներ իրականացնելուն,
Նոր Արեշի 50-րդ փողոց, պատճառը՝ հենապատի փլուզում,
Գյուրջյան փողոցից դեպի Է. Իսաբեկյան փողոց, պատճառը՝ ջրահեռացման համակարգի բացակայությունը:
Սակայն քաղաքապետարանի կողմից ներկայացված՝ առանց նորոգման աշխատանքների մնացած փողոցների ցանկում ներառված չեն Լուկաշինի և Մարտիրոսյան փողոցները, որոնք բացակայում են նաև նորոգման ենթարկված փողոցների ցանկից:
Սյուզաննա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»