Լրահոս
Օրվա լրահոսը

2018 թվականից սկսած Նիկոլ Փաշինյանին մնացել է միայն ընտրական լեգիտիմությունը. «Փաստ»

Դեկտեմբեր 21,2024 11:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024 թվականի ամենանշանակալի իրադարձություններից մեկը, եթե ոչ ամենանշանակալին, համարվում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը, երբ նա Կիրանցից մի քանի օրվա ընթացքում եկավ, հասավ մայրաքաղաք, և տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց: «Փաստի» հետ զրույցում, ամփոփելով անցնող տարվա քաղաքական իրադարձությունները, այդպես է կարծում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

«Շատերի գնահատմամբ, Սրբազանը մոտ էր այն նպատակին, որի մասին խոսեց մայիսի 9-ի հանրահավաքի ժամանակ, այսինքն՝ Հայաստանում քաղաքական փոփոխություններին: Ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ վերջնարդյունքում չստացանք այն, ինչի մասին խոսվեց մայիսի 9-ին, բայց մի քանի կարևոր արձանագրում եղավ: Կար գնահատական, որ ժողովրդի համար մեկ է, էլ փողոց դուր չի գա, իշխանություններն ինչ ուզում, անում են: Ոչ, տեսանք, որ եթե կարողանում ես ճիշտ կոճակի վրա սեղմել, ժողովրդի ինքնագիտակցության մեջ ճիշտ կոդերը արթնացնել, մարդիկ դուրս են գալիս փողոց, ավելին՝ պատրաստ են գործողությունների։ Երկրորդ՝ 2018 թվականից հետո երկար ժամանակ այդ միֆը կար, որ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը պայմանավորված է նաև որոշակի հանրային աջակցությամբ: Այդ միֆը փլուզվեց, տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը չի վայելում փողոցի աջակցությունը:

2021 թվականին, երբ եղավ Գլխավոր շտաբի հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանը կոնտր միտինգ իրականացրեց, մարդկանց հավաքեց Հանրապետության հրապարակում, ճիշտ է՝ օլիգարխների օգնությամբ և այլն, բայց, այնուամենայնիվ, հանրային տրամադրությունները չափող ինչ- որ քայլ փորձեց կատարել: Սրբազանի շարժման պարագայում դա չկարողացավ անել: Ճիշտ է, շարժումը չհասավ իր վերջնանպատակին, բայց տեսանք, որ իշխանությունը ռեսուրսներ չունի, որ կարողանա հանրության լայն շերտերը մոբիլիզացնել: Սա չափազանց կարևոր նկատառում է: Որքան էլ պարադոքսալ հնչի, 2018 թվականից սկսած Նիկոլ Փաշինյանին մնացել է միայն ընտրական լեգիտիմությունը, այսինքն՝ կեղտոտ կերպով ընտրությունները դեռ չեն կեղծել: Նախկինում ունեինք նախընտրական կեղծիքների ահռելի մեքենա, որը հանգեցրել էր նրան, որ 2018 թվականի դրությամբ մարդիկ քաղաքական գործընթացների վրա ազդելու այլ մեխանիզմ, քան փողոց դուրս գալը, չունեին։ Այս իշխանությունները հետընտրական կեղծիք են անում: Ամենավառ օրինակը Գյումրիում տեղի ունեցածն է, որը քաղաքագիտական և քաղաքական նորմերից դուրս երևույթ էր: Մի խմբակցության հանեցին ավագանուց, ինչ-որ անհասկանալի փրայմերիզ արեցին:

Պարադոքսն այն է, որ դրա ընթացքում մարդը, որն ավելի քիչ ձայն է հավաքել, քան նա, որն այս պահի դրությամբ զբաղեցնում է Գյումրու քաղաքապետի ժ/պ-ի պաշտոնը, ըստ էության ավելի շատ ձայն է ստացել, քան դրանից հետո մարզպետ նշանակվածը: Բայց Փաշինյանն այս քայլին էլ գնաց։ Գլոբալ առումով մնացած միակ հենարանն ընտրական որոշակի լեգիտիմությունն է: Չեմ ասում, որ 2021 թվականի ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի ստացած 680 հազար ձայնը նրա «մաքուր» քվեներն են: Հասկանում եմ, որ Հայաստանում դա հիմա ընդունված չէ ասել՝ հաշվի առնելով մի շարք քաղաքական հանգամանքներ, բայց, օրինակ՝ Արայիկ Հարությունյանը շատ մեծ լումա ուներ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանի հաղթանակի հարցում: Մի շարք այլ բաներ ևս չկան: 2021 թվականին Փաշինյանը երկու խոստման հիման վրա էր գալիս իշխանության՝ խաղաղություն և թալանի հետբերում: Ոչ մի բան չարեց, այս մարդն այդ լեգիտիմության փշրանքների վրա է մնացել։ Այլ հարց է, որ մինչ այս պահը դեռ չի ձևավորվել այն այլընտրանքը, որը կկարողանար կապիտալիզացնել Փաշինյանի լեգիտիմության սնանկությունը»,-նշում է Մաթևոսյանը:

Ինչ վերաբերում է 2024 թվականին, ապա մեր զրուցակիցը նշում է. «Տարվա ընթացքում հետաքրքիր մի դեպքի ականատես եղանք, որ այն մարդը, որն աշխատում է նախագահ, հստակ դեդլայն նշեց՝ չորս շաբաթ ունենք «Խաղաղության պայմանագրի» տեքստը վերջնական տեսքի բերելու և ստորագրելու համար: Դա մինչ Բաքվում կայացած COP29-ն էր: Թիվ մեկ թեման, որի մասին իշխանությունները խոսում են, «Խաղաղության պայմանագիրն» է: 2024 թվականն այս առումով կորսված տարի է: Ոչ միայն չունենք «Խաղաղության պայմանագիր», այլև 2024 թվականի ավարտին խաղաղությանն ավելի մոտ չենք, քան կայինք տարվա սկզբին: Ինչի՞ մասին էր Ալիևի վերջին հարցազրույցը, մոտավորապես սա էր՝ «հարգելի տիկնայք և պարոնայք, ճիշտ է, ֆորմալ ասում ենք, որ 17 կետանոց պայմանագրից 15-ը համաձայնեցված է, երկու կետ է մնացել, բայց պահանջների փունջ կա, որոնք պետք է կատարեք, և հետո, հնարավոր է, կստորագրենք «Խաղաղության պայմանագիրը», հնարավոր է՝ ոչ»: Իսկ այդ պայմանների շարքը շատ մեծ է՝ սկսած երեք հարյուր հազար ադրբեջանցի Հայաստան տեղափոխելուց, վերջացրած Մինսկի խմբի լուծարմամբ, Հայկական բանակի լուծարմամբ, «Զանգեզուրի միջանցքով» և այլնով: 2020 թվականի պատերազմից հետո պետք է լծված լինեինք վերականգնվելուն: Այս տարին էլ կորցրեցինք, ո՛չ բանակի վերակառուցում իրականացրեցինք, ո՛չ դիվանագիտական առումով հասանք այն բաղձալի նպատակին, որ իշխանություններն էին ներկայացնում, այն է՝ եթե հրաժարվում ենք ռուսական անվտանգային հովանոցից, պետք է այլ հովանոց գտնենք, որի օժանդակությամբ էլ կվերականգնվենք: Դա էլ չարեցինք: Վերջում էլ իմացանք, որ Էրդողանը միջնորդ է բանակցություններում: Որպես պետություն կորցրել ենք 2024 թվականը: Հայաստանը 2024 թվականին ևս մեկ քայլով մոտեցավ նրան, որ Հայաստանի ղեկավարությունը կստորագրի նմանատիպ փաստաթուղթ, որը 2023 թվականի սեպտեմբերին ստորագրեց Սամվել Շահրամանյանը Արցախի պետականության լուծարման մասին: Լավ բան չեմ ասում, բայց սա է իրականությունը»,- ընդգծում է մեր զրուցակիցը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031