«Սփյուռք-Հայաստան տարակարծություն չկա՝ Փաշինյանի վարչակարգի, Փաշինյանի իշխանության հետ հարց ունենք»,- «Հրապարակի» հետ զրույցում ասում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։
«Իրենք փորձում են ձեռքը դնել սփյուռքի վրա, իրենք հնազանդ սփյուռք են ուզում, ուզում են, որ սփյուռքն ուղղակի իրենց ռեժիմի տրամադրության տակ լինի: Երբ հասկացան, որ դա հնարավոր չէ, ցանկացան ստեղծել իրենց կազմակերպությունները, իրենց սփյուռքը: Չի ստացվի, անշուշտ, չի կարող նման բան լինել, քանի որ, երբ Զարեհ Սինանյանը գալիս է Փարիզ եւ փորձում է ժողով կազմակերպել՝ 25 հոգի կար: Եվ ասեմ Ձեզ, որ մեզնից 10 հոգի ցանկացան մասնակցել, բայց նրանց չթույլատրեցին մասնակցել այդ հանդիպմանը: Սա է իրենց ժողովրդավարությունը: Այսինքն՝ 25 հոգի Փարիզում են հավաքում, հետո 15 հոգի` Նիցցայում, այսպե՞ս են ուզում ազդեցություն ունենալ սփյուռքի վրա: Շատ մեղք են իսկապես, շատ մեղք են»,- նկատում է Փափազյանը:
Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ իրենք ներկայացված են աշխարհի 30 երկրում եւ տասնյակ տարիներ եղել են Հայաստանի դիվանագիտության ոչ պաշտոնական ներկայացուցիչները: «Մենք կարողանում էինք Հայաստանի կառավարության կամ Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ զուգահեռ ճանապարհ գնալ եւ մենք հաջողություններ ենք արձանագրել, որովհետեւ մեր նպատակն այն էր, որ երկրները ճանաչեն Ցեղասպանությունը, Արցախի իրականությունը, որպեսզի Հայաստանի Հանրապետության հետ լավացնեն թե՛ դիվանագիտական, թե՛ տնտեսական եւ թե՛ ռազմական փոխհարաբերությունները»,- ասում է ֆրանսահայ գործիչը:
Փափազյանն անդրադառնում է Ֆրանսիա-Հայաստան հարաբերություններին. «Մենք աշխատել ենք, որպեսզի Ֆրանսիան զարգացնի եւ աշխուժացնի իր հարաբերությունները Հայաստանի հետ եւ վերջին տարիների ընթացքում՝ պատերազմից հետո, շեշտը դնի զինվորական աջակցության վրա: Երբ հայկական սփյուռքն ասաց, որ պատերազմից հետո Ֆրանսիան ռազմական առումով պետք է օգնի Հայաստանին, Մակրոնը լսեց դա եւ ընդունեց: Հետո, իհարկե, կապերը հաստատվում են` պաշտպանության նախարարներն աշխատանքը շարունակում են: Ֆրանսիան լուրջ աշխատանք է տանում ռազմական ոլորտում Հայաստանի հետ՝ մանրամասնությունների մեջ չմտնենք, բայց կա լուրջ աջակցություն, եւ մենք քաջալերում ենք, որ ավելի լուրջ լինի, որովհետեւ Ֆրանսիան կարող է Հայաստանի գլխավոր դաշնակիցը լինել»։ Ասում է, որ Ֆրանսիան թեեւ Արեւմուտքի մեջ է մտնում, սակայն տարբեր է՝ հաշվետու չէ, Ֆրանսիան պահում է իր անկախությունն աշխարհում:
Կարդացեք նաև
«Մենք ունենք 6 հարյուր հազար հայ Ֆրանսիայում, եւ նրանք միաժամանակ նաեւ ֆրանսիացի են, եւ այս ուժն իսկապես կարեւոր դեր է խաղում, որովհետեւ, երբ մենք ասում ենք՝ 100 տոկոս հայ ենք, 100 տոկոս ֆրանսիացի ենք, ինչպես Շառլ Ազնավուրն էր ասում՝ իրականում ճշմարտություն է»:
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ օրաթերթի» այս համարում