«Հրապարակի» զրուցակիցը Երեւանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն է:
– Երեւան քաղաքում ամեն հնարավոր բան թանկանում է` գույքը, տրանսպորտը, ավտոկայանատեղիները: Բայց երեկ Վարչական դատարանն անվավեր է համարել կարմիր գծերի սակագնի ահռելի թանկացումը, որը շուրջ մեկ տարի է՝ գործում է: Քաղաքային իշխանություններն անմիջապես արձագանքեցին Վարչական դատարանի որոշմանը, թե սա հաղթանակ չէ, իրենք բողոքարկելու են այդ որոշումը եւ ամեն գնով թանկացնելու են Երեւանում մեքենաների կայանումը, նաեւ հանրային տրանսպորտի սակագինն են բարձրացնելու, չնայած բողոքի հսկայական ալիքին: Եվ շարունակում են պնդել, թե կարմիր գծերի թանկացումն արվում է մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափելու համար: Այս ամենը համարում եք տրամաբանվա՞ծ:
– Ինքս գերադասում եմ ոտքով քայլել, որովհետեւ պարկինգի խնդիրը կենտրոնում ուղղակի ահավոր է` ավելի լավ է ոտքով քայլես, քան թե մեքենայով: Եթե ուզում ես մեքենա կայանել, ապա պետք է մի քանի կիլոմետր հեռու մեքենան կայանես, հետո նորից քայլես, արդյունքում դառնում ես ներվային` մեքենա ունենալու առավելություններից օգտվելու փոխարեն: Ես չեմ կարծում, որ կենտրոնն այս թանկացումից հետո բեռնաթափվել է, ոչ, ինչպես կար ծանրաբեռնված, այդպես էլ մնում է: Բայց այս թանկացումն արվեց կենտրոնը բեռնաթափելու նպատակով….
– Օգտվո՞ւմ եք հանրային տրանսպորտից:
Կարդացեք նաև
– Մեկ-մեկ լինում է՝ օգտվում եմ նաեւ հանրային տրանսպորտից, ոչ հաճախ, սակայն օգտվում եմ:
– Ի՞նչ եք կարծում՝ փոփոխություններն այնքան ակնառու են, որ տրանսպորտի սակագինը 100-ից դառնա 300 դրա՞մ:
– Ավտոպարկը համալրել են նոր ավտոբուսներով, դա, իհարկե, լավ է, բայց երբեմն տեսնում եմ կուտակումներ կանգառներում, իսկ դա նշանակում է, որ աշխատանքը վատ է կազմակերպված, եւ տրանսպորտային տեղափոխումը սխալ ձեւով է արվում: Ինչ վերաբերում է թանկացմանը, ապա ասեմ, որ կան կազմակերպչական բազում խնդիրներ, որոնց առկայության դեպքում միայն քաղաքացին կարող է իրեն լավ զգալ, բայց այդ թանկարժեք ավտոբուսները, որ բերել են, պետք է ինչ-որ կերպ այդ գումարները կոմպենսացնեն: Եվրոպայում մեկ դոլարից պակաս չկա տրանսպորտի սակագին, բայց, միեւնույն ժամանակ, Հայաստանում աշխատավարձերը, թոշակները մարդկանց թույլ չեն տալիս այդ տեսանկյունից հարցին նայել, կա սոցիալական խնդիր: Սոցիալական կոնկրետ խավեր կան, որոնց պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել, ապահով խավը չի էլ օգտվում տրանսպորտից` մեքենաներ ունեն եւ այլն:
– Երեւանում ամենուր շինարարական աշխատանքներ են, շինթույլտվությունների ծավալն արդեն անհաշվելի չափերի է հասնում, անգամ բնապահպաններն են ահազանգում, որ այսքան շինարարությունները մայրաքաղաքի օդի աղտոտվածության աստիճանը հասցրել են պիկին, որ արդեն վտանգավոր է Երեւանում ապրելը, շնչելը:
– Որպես շինարար, որպես մասնագետ՝ կասեմ, որ այս չափի շինթույլտվությունները, հատկապես Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում, ուղղակի, մեղմ ասած, անթույլատրելի են: Չկան համապատասխան ենթակառուցվածքներ, քաղաքն այդքան խտացնել պարզապես չի կարելի: Արաբկիրի շուկայի ետնամասում մի սարսափելի իրավիճակ է, նայում եմ ու զարմանում: Հիմա էլ այդ հատվածում են շենքեր կառուցում, մեքենաների շարժը դառնալու է անհնար: Ես այդ հարցում ունեմ իմ ուրույն եւ միանշանակ կարծիքը` չի կարելի առանց հաշվարկներ կատարելու այսքան շինարարություն անել, ինչ է թե՝ ազատ հողեր կան: Պետք է խոր վերլուծություն անել, նոր շինթույլտվություններ տալ:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում