Տարիներ շարունակ Փաշինյանն անընդհատ խոսում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու մասին, բայց միակ բարեփոխումը, եթե կարելի է, իհարկե, այդպես անվանել, որը եղել է պաշտպանունակության բարձրացման անվան տակ, եռամսյա հավաքներն են, սակայն այն պրոֆեսիոնալ բանակի հետ ընդհանրապես կապ չունի։ Ընդ որում, պրոֆեսիոնալ բանակ հասկացությունը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ Ժամանակակից զարգացման պայմաններում պրոֆեսիոնալ բանակ ասելով՝ առաջին հերթին կարելի է հասկանալ բարձր հմտություններ և ինտելեկտուալ որակներ ունեցող անձնակազմ, որը կիրառում է արդիական սպառազինություն և կապի միջոցներ։
Պրոֆեսիոնալ բանակը արդյունավետ է այն դեպքում, երբ դրա համար հատկացվում են բավարար ֆինանսական ռեսուրսներ և անվտանգություն ապահովող տեխնոլոգիաներ։ Բնական է, որ մարտունակության բարձրացման համար պրոֆեսիոնալ զինծառայողները պետք է ունենան երկարատև և որակյալ պատրաստություն, ինչը նաև ժամանակատար է։ Փաշինյանը պարբերաբար կրկնում էր, թե փողի խնդիր չունենք, բյուջեի եկամուտներն ավելացել են, բայց այդպես էլ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում պրոֆեսիոնալ բանակ ձևավորելու համար։ Բանակում ծառայող պրոֆեսիոնալներն ավելի քիչ են վարձատրվում, քան իշխանավորները, որոնք օգտվում են պարգևավճարներից ու շռայլ ծախսեր անում։ Ավելին՝ բազմաթիվ սպաներ, որոնք ունեն համապատասխան փորձ ու մասնագիտական որակների են տիրապետում, թիրախավորվում են կամ հեռացվում բանակից։ Կամ էլ այնպիսի պայմաններ են ստեղծվում, որ նրանք թողնեն ու գնան։
Ժամանակ առ ժամանակ էլ տեղեկություններ են հրապարակվում Հայաստանի կողմից սպառազինությունների գնման մասին, սակայն դրանց ծավալները բավարար չեն՝ հաշվի առնելով, թե ինչ տեմպերով է զինվում Ադրբեջանը։
Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը կախված չլինի միայն սպառազինությունների ներկրումներից, սակայն մենք այդպես էլ կայացած ռազմարդյունաբերություն չկարողացանք ունենալ։ Ժամանակ կար, երբ հայկական արտադրության ԱԹՍ ներն էին շատ ուժեղ գովազդում, բայց իրական մարտական պայմանները ցույց տվեցին, որ դրանք արդյունավետ չեն։
Կարդացեք նաև
Հիմա արդեն Փաշինյանը հայտարարում է, թե բանակը պետք է տեղավորվի խաղաղության օրակարգի մեջ, և պարզ է դառնում, թե ինչ նկատի ունեն իշխանությունները՝ պրոֆեսիոնալ բանակ ասելով։ Այն է՝ ընդամենն ունենալ սահմանապահ զորքեր, ուրիշ ոչինչ, իսկ դա այն է, ինչ Ադրբեջանն է պահանջում։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում