Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղատուր-Գորիս և Վաղատուր-Խնածախ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ նախատեսված չեն. «Փաստերի ստուգման հարթակ»

Դեկտեմբեր 21,2024 10:10

44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզի Վաղատուր համայնքը դարձավ սահմանամերձ: Մարզկենտրոն Գորիսին այն այժմ կապում է միայն մեկ ճանապարհ, որն անհիշելի ժամանակներից անմխիթար վիճակում է:

Խնդիրը տարիներ շարունակ բարձրաձայնվում է տարբեր մակարդակներում, հնչում են այն նորոգելու անհրաժեշտության մասին հայտարարություններ, տեղ-տեղ խոստումներ, սակայն իրական լուծում դեռ չկա։ Բնակիչների համար կենսական նշանակության այս ճանապարհի ճակատագրով մարդիկ հետաքրքրվել էին նաև օրերս կառավարության նիստի ուղիղ եթերի ընթացքում վարչապետին հասցեագրված մեկնաբանությամբ։

2020-ի պատերազմի հետևանքով, հիշեցնենք, այս գյուղի արոտավայրերի, խոտհարքների մեծ մասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել՝ ի՞նչ է արվել այս ու Գորիսի գյուղերի միջհամայնքային ճանապարհների բարեկարգման համար։

Պարզվում է՝ Վաղատուր-Գորիս ճանապարհը, չնայած խոստումներին, բարեկարգելու ծրագիր կառավարությունը չունի։

Դեռևս 2019 թվականին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Վաղատուրը Գորիսի հետ կապող ավտոճանապարհի անմխիթար վիճակի մասին լուրերին, նշել էր, որ հարցը քննարկել է այն ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

«ՈՉ ՄԻ ԳՅՈՒՂ ՉԻ ՄԵՌՆԻ. Վաղատուր, Խնածախ, Խոզնավար գյուղերի ճանապարհների խիստ անմխիթար վիճակի մասին հարցը օրեր առաջ քննարկել եմ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Այդ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները ռեալ կարող են իրականացվել 2021 թվականին»,— նշել էր Արմեն Խաչատրյանը: Բայց դրանից հետո որևէ էական առաջընթաց չէր արձանագրվել:

2021 թվականին Վաղատուրի վարչական ղեկավարը, համայնք այցելած Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին ներկայացնելով համայնքի խնդիրները, նշել էր, որ ճանապարհների անբարեկարգ լինելու պատճառով Գորիս գնալ-գալուց հետո մեքենաները շարքից դուրս են գալիս: Իսկ մարզպետը վստահեցրել էր, որ առաջիկայում կսկսեն հողալցման աշխատանքները: «Վաղատուրում լսեցինք գյուղացիներին, ճանապարհներ կան, որ ռազմավարական նշանակություն ունեն. և՛ գյուղացիներն են օգտվում, և՛ մեքենաներն են ջարդվում, պետք է ճանապարհները սարքել»,- ասել էր Մելիքսեթ Պողոսյանը:

Անցած տարի էլ՝ 2023-ի մարտին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իշխանական մեծամասնությունից պատգամավոր Դավիթ Դանիելյանը հետաքրքրվել էր, թե նախատեսվո՞ւմ է արդյոք նորոգել Վաղատուր-Խնածախ ճանապարհը, որով նաև ռազմական նշանակության մեքենաներ են երթևեկում և որը բավականին ծանրաբեռնված ճանապարհ է, ինչին ի պատասխան տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը նշել էր, որ առաջնայնություն է տրվել Խոզնավար գնացող ճանապարհի նորոգմանը։ «Դեպի Խոզնավար գնացող ճանապարհի նորոգման հարցն այս տարի մեր ծրագրերում է։ Ընդհանուր 18.5 կմ է ճանապարհը։ Կառավարության նիստերից մեկում գումար է հատկացվել, այդ ճանապարհը այս տարի կսկսենք»,- ասել էր նախարարը։

2023-ը անցել էր, սակայն այդպես էլ ճանապարհի նորոգում չէր սկսվել։

Մեկ տարի անց՝ արդեն այս տարվա գարնանը, գրեթե նույն հարցը բարձրացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հետաքրքրվելով, թե ո՞ր փուլում է Խնածախ-Վաղատուր ճանապարհի կառուցումը։ «Խոզնավար-Գորիս հատվածը ո՞ր փուլում է, ես 1-1․5 տարի առաջ լիագումար նիստում հարցրել եմ։ Խնածախ-Վաղատուրը՝ ո՞ր փուլում է»,- հարցրեց Դանիելյանը։  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարարը, սակայն, հստակ պատասխան չտվեց Խնածախ-Վաղատուրի մասին․ «Ենթադրյալ այնտեղ նախնական ուսումնասիրման ու նախագծերի պատվիրման փուլն է։ Խոզնավար-Գորիս նախագիծը ունենք, 18․3 կմ երկարությամբ է 3․3 կամ 3․8 մլրդ արժողությամբ։ Փորձաքննությունն անցել է, այժմ նախարարությունում է նախագիծը։ Առաջնային ծրագրերից է»։

«Փաստերի ստուգման հարթակը» հարցում է ուղարկել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ պարզելու, թե hիմնանորոգվո՞ւմ են արդյոք Սյունիքի մարզի Վաղատուր-Գորիս և Վաղատուր-Խնածախ ճանապարհները կամ արդյո՞ք ծրագրեր կան հիմնանորոգման աշխատանքներ սկսելու համար:

Նախարարությունից, սակայն, տեղեկացրել են, որ Վաղատուր-Գորիս և Վաղատուր-Խնածախ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ նախատեսված չեն:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031