Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի լավ է՝ լռեր. «Փաստ»

Դեկտեմբեր 21,2024 09:55

Սպասվում էր, որ Հայաստանի ղեկավարությունը որևէ կերպ կարձագանքի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ռուսական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արտահայտած ագրեսիվ ու ակնհայտորեն ռազմատենչ հայտարարություններին: Այդ հարցում էլ, ի դեպ, թշնամին առաջ անցավ՝ ձևավորելով մի իրավիճակ, որի պայմաններում Հայաստանի ղեկավարություն համարվող Փաշինյանը չէր կարող ձևացնել, թե ոչինչ չի պատահել, և անվրդով հեծանիվ վարեր կամ, ասենք, «ռիլ» նկարեր: Կարճ ասած՝ պիտի արձագանքեր:

Նախօրեին արձագանքեց: Հարցազրույց տվեց «Արմենպրես» գործակալությանը: Ավելի լավ է՝ լռեր: Բայց քանի որ չլռեց, տեսնենք, թե ինչեր ասաց: Եթե խիստ հակիրճ, ապա Փաշինյանը առավել քան պարզորոշ հասկացրեց, որ պատրաստ է ընդունել Ալիևի հերթական պայմանները: Իր իսկ ավելի վաղ արած արտահայտության նմանությամբ՝ Փաշինյանը շարունակեց դիրքավորվել որպես «ադրբեջանական ժողովրդի» շահերի սպասարկող:

Տեսեք. շատ պարզ հարցին՝ ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու գաղափարի վերաբերյալ, Փաշինյանը պատասխանել է. «Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ի՞նչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը: Բայց մենք նաև ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և նրա մղումը, ասենք, օրինակ՝ այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»:

Սա քիչ է ասել, թե վտանգավոր հայտարարություն է: Փաշինյանի այդ ձևակերպումը թե՛ մանիպուլյատիվ է, թե՛ ցինիկ՝ իր բովանդակությամբ, թե՛ շատ ավելի, քան վտանգավոր, ի լրումն՝ նման մոտեցումը նաև ական է՝ հետագայում այլ՝ ազգային ու պետական շահերով առաջնորդվող իշխանության համար: Փորձենք հասկանալ, թե ինչի մասին է խոսքն առհասարակ՝ հընթացս հիմնավորելով նշված բնորոշումները:

ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է դեռևս 1992 թվականի մարտիին՝ Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով: ԵԱՀԿ համապատասխան փաստաթղթում նշված է, որ խմբի նպատակն է՝ քաղաքական լուծումներ գտնել (առաջարկել) Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության վերաբերյալ: Չնայած նման ձևակերպմանը, բոլորն էլ ընդունել են և ընդունում են, որ Մինսկի խմբի, հատկապես ՄԽ եռանախագահության (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդական ջանքերի առանցքը Արցախի հիմնախնդրի քաղաքական (խաղաղ) կարգավորումն է: Հենց դրա վրա են տասնամյակներով կենտրոնացված եղել միջնորդական ջանքերն ու ՄԽ եռանախագահության գործունեությունը: Հակառակ պարագայում այդ ընթացքում անմիջականորեն Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հարցեր էլ հրապարակավ կարծարծվեին, ինչպես քննարկվում էին Արցախի հայության իրավունքներին վերաբերող խնդիրները՝ այդ խմբի գործունեության հետ կապված:

Բայց հիմնականը՝ այդ Ադրբեջանն ու Թուրքիան են համարում որ՝ ա) Արցախի խնդիրն այլևս լուծված է, բ) Արցախի հետ կապված հակամարտության թեմա չկա: Հիմա Փաշինյանը հայտարարում է, որ ինքն էլ է ադրբեջանական ու թուրքական ոճրագործ ռեժիմների պարագլուխներ Էրդողանի ու Ալիևի նման կարծում, որ Արցախի խնդիրը լուծված է: Բայց այդպես չէ: Արցախի հայության դեմ իրականացված ցեղասպանական ոճիրը, էթնիկ զտման հանցավոր մոտեցմամբ հազարամյակներով հայկական Արցախի հայաթափումը հակամարտության լուծում չէ՝ անկախ այն բանից, թե ով ինչ է ասում:

Ինչպե՞ս է լուծված ու ի՞նչ եղելությունների հետևանքով: Հիշեցնե՞նք. Փաշինյանի ջանքերով բանակցային գործընթացը լիարժեք փակուղու մեջ մտցնել, հրահրիչ հայտարարություններ, թշնամու ռազմական նկրտումները լեգիտիմացնող հայտարարություններ, հիմնախնդրի բովանդակային խեղաթյուրում (ազգային ինքնորոշման խնդրից՝ տարածքային կլանման), պատերազմ, կորուստներ, ազատագրված տարածքներն առանց կրակոցի հանձնում, վերջապես՝ Արցախի ուրացում, շրջափակված Արցախին թշնամու սպառնալիքներին ու հարձակմանն ի պատասխան՝ չմիջամտելու, «պատերազմի մեջ չներքաշվելու» թուլամորթ դիրքավորում՝ Հայաստանի ղեկավար համարվողի կողմից:

Բայց դա հարցի լուծում, առավել ևս՝ կարգավորում չէ:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031