«Առավոտի» զրուցակիցն է 1990-1995 թվականներին ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը:
– Վերջերս Հայաստանի պաշտպանության նախարարը բավականին մեծ պատվիրակությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում էր։ Հայկական կողմը հայտարարել էր, որ այցն աշխատանքային է, բայց ԱՄՆ պաշտպանության նախարարը Հայաստանի նախարարին ընդունեց պաշտոնական արարողակարգով։ Սուրեն Պապիկյանը ԱՄՆ-ում բավական հետաքրքիր հանդիպումներ ունեցավ։ Ի՞նչ հետեւություններ ունեք։
– Իմ հարցազրույցներում ես մի քանի անգամ խոսել եմ ԱՄՆ-ի առաքելության մասին։ ԱՄՆ-ը Հայոց նկատմամբ ունի աստվածային առաքելություն՝ Հայաստանին վերադարձնել հայոց բռնազավթված տարածքները՝ իրագործել վիլսոնյան իրավարար վճռի եւ Ազգերի Լիգայի պահանջները, Հայաստանը դարձնել կենսունակ, արդյունաբերապես զարգացած պետություն։ Այս ամենը պայմանավորված է հայ ժողովրդի դարձով առ Աստված եւ քրիստոնեական արժեքներով պետություն վերակառուցելու հանձնառությամբ, քանի որ Աստված հայ ժողովրդին է ընտրել իր ծրագրերը իրականացնելու ազգ։
Չնայած որ այս իշխանությունը՝ 2018 թվականին ստանձնելով Հայաստանի կառավարումը, բոլոր հնարավոր միջոցներով հավատարմորեն ծառայում է չարին՝ հանձինս ռուսական կայսրությանը, միեւնույն է, ինչպես Աստվածաշունչն է ասում, երբ ժամանակը իր լրումին է հասնում, Աստված սկսում է գործել։ Այժմ ժամանակը հայոց համար իր լրումին է մոտենում, հետեւաբար, որեւէ ուժ այլեւս չի կարող խոչընդոտ հանդիսանալ իրականացնելու Աստծո ծրագիրը՝ Հայաստանը ազատագրելու չարի տնօրինումից՝ ռուսական գերությունից եւ Հայաստանի ապազգային անաստված իշխանությունից։
Կարդացեք նաև
ԱՄՆ-ն այժմ սկսում է ակտիվ գործողությունները Հայաստանը զորացնելու, հզորացնելու առումով եւ նախապատրաստում է ապագա մեծ արհավիրքներին, որպեսզի Հայաստանը կարողանա դիմակայել եւ դեն նետել այն բոլոր նվաստացումների եւ ստորացումների խարանը, որ այս իշխանությունը բերեց եւ քանի դեռ իշխանության ղեկին է, բերելու է մեր գլխին։ ԱՄՆ-ը, իր առաքելությունը Հայաստանի նկատմամբ իրականացնելու ճանապարհին գիտակցում է, որ Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար պետք է առանց հապաղելու վերակառուցել հայկական զինված ուժերը։ Եվ չմոռանանք, թե տարբեր եղանակներով ԱՄՆ-ը քանի անգամ է այդ մասին առաջարկել Հայաստանի իշխանությանը, սակայն միշտ մերժվել է, քանի որ Հայաստանի իշխանությունն առ այսօր Պուտինի հրահանգներով է շարժվում։ Մեր զինված ուժերի մասին ձեր թերթին տված հարցազրույցներում մի քանի անգամ շեշտել եմ. Հայաստանը պետք է ունենա 120-150 հազարանոց մշտական գործող արհեստավարժ բանակ, եւ շուրջ 300-400 հազարանոց պատրաստված պահեստազոր, որը ի վիճակի է լինելու ժամերի ընթացքում մտնել պատերազմական գործողությունների մեջ։ Հայաստանը պետք է ունենա ռազմաօդային զորամիավորում՝ 130-150 նորագույն ամերիկյան եւ ֆրանսիական ինքնաթիռներով, հարյուրհազարավոր անօդաչու թռչող սարքերով եւ այլ համակարգերով։ Այս բոլորը իրականանալի են եւ այժմ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան ձեռնամուխ են եղել արագացված տեմպերով եւ կարճ ժամանակամիջոցում իրականացնել այս ձեռնարկումը։
– Բայց Հայաստանը դեռեւս Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, ԱՊՀ, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ ռուսական առաջնորդությամբ կազմակերպությունների անդամ։ Այստեղ ակնհայտ հակասություն է առաջանում. Արեւմուտքը երբեք նման իրավիճակներում ձեռք չի մեկնել երկրներին։
– Ճիշտ եք, սակայն այստեղ Հայաստանի, հայ ժողովրդի՝ Աստծո ժողովրդի ապագայի խնդիրն է դրված։ Վերեւում արդեն շեշտեցի, որ հայոց համար ժամանակը իր լրումին է մոտենում, հետեւաբար, Արեւմուտքը՝ ԱՄՆ գլխավորությամբ, սկսել է գործել։ Եկեք չմոռանանք այն, որ մեր օրերում է տեղի ունեցել եւ շարունակվում է տեղի ունենալ։ Ռուս-թուրք երկվորյակը որոշել էր Արցախը նվաճելուց՝ ցեղասպանություն իրականացնելուց հետո, անցնել Սյունիքին։ Արեւմուտքը դա կանխեց տարբեր եղանակներով, եւ տվյալ պահի համար արեց գրեթե անհնարինը, ի հեճուկս Հայաստանի վարչապետի, որը մոլեռանդությամբ կատարում էր ռուս-թուրքական հրահանգները, Հայաստանի սահմաններին կանգնեցրեց դիտորդներ՝ «սահմանապահներ»: Առաջին հայացքից թվում է, թե ինչ կարող էին անել այդ մի քանի հարյուր քաղաքացիական, նախկին զինվորականները։
Իրականում եւ ռուսները, եւ թուրքերը հասկանում էին եւ հասկանում են, որ Հայաստանի վրա հարձակվելու դեպքում, պետք է հարձակվեն Արեւմտյան դիտորդների վրա, իսկ դա նշանակում է հարձակում Արեւմուտքի վրա, որը հանգեցնելու էր արեւմտյան ուղղակի միջամտության՝ պաշտպանելու իր ներկայացուցիչներին, այսինքն, ռազմական միջամտություն եւ առաջին հերթին զինվորական դեսանտի իջեցում եւ ռազմական գործողությունների՝ պատերազմի մասնակցություն։ Այս պարագայում Հայաստանի իշխանությունը որքան էլ դիմադրի Արեւմուտքին, նրա կարծիքը հաշվի առնող չէր լինելու, եւ չի լինելու։ Այդ երեւույթը լավ պատկերացնելով է, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանն անընդհատ պահանջում են այդ դիտորդներին հեռացնել Հայաստանից։
Ի հեճուկս Ռուսաստանի եւ Ադրբեջանի, Եվրամիության դիտորդները ոչ միայն չեն հեռանալու, այլեւ ավելանալու են եւ վերափոխվելու են ռազմական զորամիավորումների՝ ռազմական զորակայանների։
– Եվ ինչի՞ համար պետք է այդ ամենն անի Արեւմուտքը, մեր սիրուն աչքերի՞։
– Իհարկե՝ ոչ։ Այդ ամենը կատարվել եւ կատարվելու է Աստծո կամքով, որպեսզի իրականանա Նրա ծրագիրը Հայոց համար։ Պետք է միշտ հիշենք, առաջնայինը հոգեւորն է, նյութականը՝ ինչպես անհատ մարդուն, այնպես էլ հավաքականորեն ազգին՝ թվացյալ բարեկեցություն՝ ժամանակավոր նյութական բարեկեցություն է տալիս։ Մարդը հոգեւոր էակ է, Աստված իր հոգին է դնում մարդու մեջ։ Հայ ազգը առաքելություն ունի. Հայոց հայրենիքում՝ հայկական բարձրավանդակում՝ Հայաստանը նախապատրաստել Քրիստոսի Երկրորդ Գալստյանը, որը տեղի է ունենալու Հայաստանի՝ Աստվածաշնչյան Արեւելքի երկնքում, ինչպես տեղեկացնում են համաքրիստոնեական սուրբ հայրեր՝ Գրիգոր Աստվածաբանը եւ Բարսեղ Մեծը։ Եվ Հայաստանի միջոցով, որքան հնարավոր է՝ շատ մարդկանց փրկել։
– Իսկ կարո՞ղ է ԱՄՆ-Հայաստան համագործակցությունն ավելի խորանալ եւ ընդունել ռազմավարական գործընկերության կարգավիճակ։
– Այո, ԱՄՆ-Հայաստան հարաբերություններն այնպիսի մակարդակի են հասնելու, որ ավելին է լինելու, քան սովորական գործընկերությունը։ ԱՄՆ-ը իր առաքելությունը իրականացնելու ճանապարհին այլ հարաբերություններ, քան Հայաստանի հետ հատուկ գործընկերությունն է, չի կարող պատկերացնել։ Եվ այդպես էլ լինելու է, եկող տարվա ընթացքում ձեւավորվելու են բոլոր մեխանիզմները եւ կնքվելու է ռազմավարական եւ հատուկ գործընկերության կարգավիճակի պայմանագիրը եւ դրանից բխող եւ անհրաժեշտ մյուս պայմանագրերը։ Այդպիսի պայմանագիր է կնքվելու նաեւ Ֆրանսիայի հետ։
– Պարոն Գաբրիելյան, Իրանը բազմիցս շեշտել է, որ տարածաշրջանից դուրս ուժերը չպետք է ներկա լինեն տարածաշրջանում։ Ի՞նչ կասեք սրա մասին։
– Այո, Իրանը նման հայտարարություններ արել է։ Բայց մեր անվտանգությունն ապահովելը մեր գործն է։ Սա առաջին։ Երկրորդ, Հայաստանի հզորացումը, դա նաեւ Իրանի շահերից է բխում։ Իրանը հյուսիսից սահմանակից է Ադրբեջանին եւ Հայաստանին։ Հայաստանը Իրանին բարեկամ երկիր է, Ադրբեջանը թշնամական երկիր։ Հայաստանի հզորացումը Ադրբեջանի եւ Թուրքիայի հանդեպ զսպող դեր է ունենալու Իրանի նկատմամբ։ Պետք է հիշենք, որ Հայաստանը ազատագրելու է իր բռնազավթված տարածքները եւ դառնալու է կենսունակ պետություն (շուրջ 220 հազար քառակուսի կիլոմետր տարածքով եւ մոտ 40 մլն բնակչությամբ) մոտ ապագայում։ Այնպես որ, ոչ միայն Իրանն է շահելու, այլեւ այլ հարեւան պետություններ, որոնք դարեր շարունակ ապրել են հայոց ստվերի տակ։
Եվ երրորդ, Հայաստանը պետք է միջնորդ լինի եւ բարեխոսի Իրանի համար Արեւմուտքի առջեւ, մեղմելու Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ Իսկ Իրանը պետք է որոշ հարցերում վերանայի իր քաղաքականությունը, դուրս գա Ռուսաստանի հետ համագործակցության ծիրից եւ Արեւմուտքի աջակցությամբ որդեգրի իրականացնելու համաշխարհային նշանակություն ունեցող Հնդկաստան-Իրան-Հայաստան-Հունաստան՝ Եվրոպա արիական առանցքի ձեւավորումը, որը դառնալու է նոր ձեւավորվող աշխարհակարգի հիմնական եւ կարեւորագույն առանցքը՝ հոգեւոր, մշակութային, տնտեսական եւ ռազմաքաղաքական՝ իր երեւանյան կենտրոնատեղով։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
20.12.2024