Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՆ նախկին նախարարի գործից անջատված մասը հանձնվեց Հակակոռուպցիոն դատարանի գրասենյակ

Դեկտեմբեր 21,2024 12:30

Վերդիկտ կայացնելուց հետո է դատարանը ստացել ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները

Դեկտեմբերի 9-ին Հակակոռուպցիոն դատարանը (դատավոր՝ Տիգրան Դավթյան) հրապարակեց արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի եւ մյուսների գործով դատավճիռը, ըստ որի՝ Անդրանիկ Փիլոյանին, ով մեղադրվում էր մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքի չարաշահման համար, վերջնական պատիժ նշանակվեց 5 տարի ժամկետով ազատազրկումը, 1.300.000 ՀՀ դրամի չափով տուգանք, նա զրկվեց 3 տարի ժամկետով որոշակի՝ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության նախատեսվում է Անդրանիկ Փիլոյանից բռնագրավել 860.000 ՀՀ դրամ:

2 տարի իրականացվող դատալսումների շրջանակներում մեղավոր ճանաչվեցին՝ Արտակ Բեյբությանը, Վիգեն Գրիգորյանը, Արթուր Օհանյանը, Վիգեն Մկրտչյանը, Հրաչյա Երեմյանը եւ Աշոտ Հակոբյանը, իսկ Արա Յաղջյանն արդարացվել է։

Հանրությունը չիրազեկվեց նույն օրվա մեկ այլ որոշումից:

Բազմադրվագ այս գործով դատարանը փաստեց, որ գործը ողջամիտ ժամկետներում քննելու եւ լուծելու դատավարական հնարավորություններից մեկն էլ նոր վարույթ անջատելն է։ Դատարանի որոշմամբ անջատված նոր վարույթը հանձնվեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանի գրասենյակ՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ստացված գործերը դատավորների միջեւ բաշխելիս դատական ավտոմատացված համակարգի՝ «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի միջոցով բաշխման նպատակով։ Այդ ժամանակ էլ նոր միայն անջատված վարույթին կարող է շնորհվել հերթական համար։

Գնահատելով իրավիճակը՝ դատարանն արձանագրել է. «13 մեղադրյալներին մեղսագրված են մեկ կամ մի քանի դրվագով ենթադրյալ հանցանքների կատարում, որոնցից 8 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի քննությունն արդեն իսկ գտնվում է ավարտական փուլում, մասնավորապես վերջինների մասով կայացվել է վերդիկտ եւ ընթանում է լրացուցիչ դատալսումները, ստեղծվել է ոչ ստանդարտ այնպիսի իրավիճակ, երբ քրեական գործով վերդիկտ կայացնելուց հետո դատարան են ստացվել ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշումները եւ այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումները բեկանելու եւ պաշտպանների միջնորդությունները մերժելու մասին, ինչի պայմաններում 4 մեղադրյալի մասով գործի քննությունը պետք է շարունակվի այն փուլից, որում նրանց վերաբերյալ կայացվել են որոշումներ, սակայն ընդհանուր քրեական գործի շրջանակներում դա անհնար է»։

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանը որոշել է նաեւ թիվ ՀԿԴ/0121/01/22 քրեական գործից Գագիկ Պողոսյանին մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 439–րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Միհրդատ Մաթեւոսյանին մեղսագրվող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 312.2-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 312.2-րդ հոդվածի 2-րդ մասով, Գոռ Համբարձումյանին մեղսագրվող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-312.2-րդ հոդվածի 2-րդ մասով եւ Թաթուլ Գեւորգյանին մեղսագրվող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 312.2-րդ հոդվածի 2-րդ մասով, անջատել նոր վարույթ։

Թիվ ՀԿԴ/0121/01/22 քրեական գործից Գագիկ Պողոսյանին մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Միհրդատ Մաթեւոսյանին մեղսագրվող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 312.2-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 312.2-րդ հոդվածի 2-րդ մասով, Գոռ Համբարձումյանին մեղսագրվող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-312.2-րդ հոդվածի 2-րդ մասով եւ Թաթուլ Գեւորգյանին մեղսագրվող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 312.2-րդ հոդվածի 2-րդ մասով փաստաթղթերի պատճենները կցել անջատված վարույթին, իսկ փաստաթղթերի բնօրինակները թողնել թիվ ՀԿԴ/0121/01/22 քրեական գործում։

Այսպիսով, ըստ դատարանի. «Գործի քննության ողջամտությունը որոշելիս յուրաքանչյուր գործի փաստական հանգամանքների վերլուծությամբ հաշվի են առնվում գործի բարդությունը, շահագրգիռ անձի վարքագիծը, գործի տեւական քննության հետեւանքները շահագրգիռ անձի համար, գործը հնարավորինս սեղմ ժամկետում քննության առնելու նպատակով իրավասու մարմինների կողմից ձեռնարկած միջոցառումները եւ դրանց արդյունավետությունը, գործի քննության ընդհանուր տեւողությունը։ Այսպես՝ նպատակ հետապնդելով վարույթը հնարավորինս սեղմ ժամկետում քննության առնելու, շահագրգիռ անձանց պաշտպանելու երկարատեւ անորոշ իրավական վիճակից, ապահովելու արդարադատության իրականացումն առանց ձգձգումների, երաշխավորելով գործի քննության արդյունավետությունն ու վստահելիությունը՝ Դատարանն արձանագրում է, որ քրեական վարույթից նոր վարույթ անջատելը տվյալ դեպքում առանցքային նշանակություն կունենա»։

Ինչպես տեղեկացրել էինք, 2024 թվականի սեպտեմբերի 9-ին թիվ ՀԿԴ/0121/01/22 քրեական գործով կայացվել է վերդիկտ: Հիշեցնենք, որ համաձայն վերդիկտի՝ մեղադրյալ Արտակ Բեյբությանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-311.2-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ 3 դրվագով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, մեղադրյալ Վիգեն Սեւանի Գրիգորյանը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ 4 դրվագով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, մեղադրյալ Վիգեն Մկրտչյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, մեղադրյալ Արթուր Օհանյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, մեղադրյալ Հրաչյա Աշոտի Երեմյանը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, մեղադրյալ Աշոտ Հակոբի Հակոբյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ, մեղադրյալ Անդրանիկ Փիլոյանը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: Մեղադրյալ Անդրանիկ Փիլոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, իսկ մեղադրյալ Աշոտ Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով։ Մեղադրյալներ Աշոտ Հակոբյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, եւ Արա Յաղջյանը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով, արդարացվել են՝ ճանաչվելով եւ հռչակվելով նրանց անմեղությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով։

Միաժամանակ, քրեական գործի քննության ընթացքում դատարանի որոշումներով մեղադրյալներ Միհրդատ Մաթեւոսյանի, Թաթուլ Գեւորգյանի, Գագիկ Պողոսյանի, Գոռ Համբարձումյանի եւ Տիգրան Գասպարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները դադարեցվել են։

«Առավոտը» տեղեկացրել էր նաեւ, որ դատախազ Աննա Վարդապետյանի բողոքները գտնվում են Վճռաբեկ դատարանում, եւ որ Հակակոռուպցիոն դատարանն էլ սպասում էր Վճռաբեկի իրավական դիրքորոշմանը, նյութերին:

Հակակոռուպցիոն դատարանի որոշումից հետո պարզվեց, որ ՀՀ վճռաբեկ դատարանի 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ Միհրդատ Մաթեւոսյանի, 2024 թվականի սեպտեմբերի 6-ի որոշումներով Թաթուլ Գեւորգյանի, Գագիկ Պողոսյանի, 2024 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ Գոռ Համբարձումյանի վերաբերյալ քրեական հետապնդումները դադարեցնելու մասին որոշումները բեկանվել են. «Այսինքն, մինչեւ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից որոշումներ կայացնելը կամ դրանք ՀՀ հակակոռուպցիոն դատարան ստացվելը, գործի քննությունը տեւականորեն շարունակվել է, մասնավորապես, քրեական գործով ապացույցներն ամբողջությամբ հետազոտվել, դատավարության մասնակիցների եզրափակիչ ելույթները եւ մեղադրյալների եզրափակիչ հայտարարությունները լսվել են, ավելին՝ հիմնական դատալսումներն ավարտվել են եւ 8 մեղադրյալի մասով կայացվել է վերդիկտ»։

Դատարանը, փաստորեն, 8 մեղադրյալների մասով արդեն իսկ կայացրել է վերդիկտ, իսկ նախկինում՝ նախնական կամ հիմնական դատալսումների տարբեր փուլերում մյուս 4 մեղադրյալների մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները բեկանվել են ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից, հետեւաբար՝ նշյալ անձինք եւս հանդիսանում են սույն քրեական գործով մեղադրյալներ։

Ըստ հակակոռուպցւոն դատարանի դիրքորոշման՝ քրեական գործի քննությունը չի կարող վերսկսվել, քանի որ վերջինների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է գործի քննության տարբեր փուլերում:

Հաշվի առնելով, որ 4 մեղադրյալների վերաբերյալ վարույթներն առանձին քննելու եւ մեղադրյալներից յուրաքանչյուրի մեղադրանքը դատարանի կողմից հաստատված կամ ապացուցված համարելու կամ հերքվելու դեպքում չեն խախտվի մեղադրյալների իրավունքները, մասնավորապես՝ անմեղության կանխավարկածը, պաշտպանության իրավունքը եւ այլն, միաժամանակ չի ստեղծվի նախադատելիություն մյուս գործով, դատարանը որոշեց, որ պետք է անջատել նոր վարույթ։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031