«Առավոտը» շարունակում է հրապարակել Աղասի Հունանյանի հոդվածների շարքը «Ուղղական հոլով» խորագրով: Հոդվածները «Առավոտ» օրաթերթում լույս են տեսնում ամեն ուրբաթ, իսկ aravot.am կայքում տեղադրվում են շաբաթ օրերին:
Շարքի նախորդ հոդվածն՝ այստեղ:
Ես չգիտեմ, թե մեր օրերում ինչպես են ընթանում եւ ինչ նրբություններ ունեն տղաների հակամարտությունները, որ ծավալվում են աղջիկների համար, բայց սրանից 25-30 տարի առաջ այդ վայրի ծեսը մոտավորապես հետեւյալ սցենարն ուներ: Հանդիպում էին հակամարտող հավակնորդները՝ երկուսն էլ սեփական «ընտրազանգվածի» ուղեկցությամբ, եւ որոշ, հիմնականում կարճառոտ նախերգանքից հետո, սկսվում էր մռութջարդոցին: Ի՞նչ բովանդակություն ուներ նախերգանքը: Այստեղ երկու, միմյանց ոչնչացնել պատրաստվող խմբերը փորձում էին դիմացինին համոզիչ հասկացնել, որ խնդրո առարկա աղջիկը հենց իրենց է ասել վճռորոշ «հա»-ն:
«Աղջկա բազարը» բոլորովին այլ, տրամագծորեն հակառակ, ընթացք էր ունենում, երբ որոշ դեպքերում խնդրո առարկան, նախապես տեղեկանալով իր «հա» -ի համար նախաձեռնված ճակատամարտի մասին, փութով հայտնվում էր դեպքի վայրում եւ մինչ նախերգանքի ավարտն ու բուն ճակատամարտի սկիզբը հայտարարում, թե ինքն իրականում ում է նվիրաբերել իր նվիրական «այո»-ն: Այստեղ տիրում էր հանկարծահաս «քյաստըմ» (ճշտով պայմանավորված կտրուկ հաշտություն անլուծելի ճգնաժամերի ու բախումների ժամանակ), եւ կողմերը հեռանում էին առանց միմյանց ծեծելու: Շատ հազվադեպ, բայց էլի մի տարբերակ կար, երբ կողմերը հաշտությամբ էին բաժանվում: Սա պատահում էր այն ժամանակ, երբ երկու կողմից էլ անժխտելի ապացույցներ էին ներկայացվում՝ առ այն, որ աղջիկը երկուսին էլ տվել է իր համաձայնությունը: Այս դեպքերում քիչ առաջ միմյանց հոշոտելու պատրաստ կողմերը, երբեմն գնում էին մի կտոր հաց կիսելու եւ նշելու էդ քոքվածից ձերբազատվելու առիթը:
Կարդացեք նաև
Ամեն ինչ մի փոքր այլ է պետությունների պարագայում: Միմյանցից ՄԱԿ-ում գրանցված որեւէ պետություն խլելու համար, օրինակ, մեծ ու մեծակարող երկրները հիմնականում ոչ թե իրար են ծեծում, այլ հենց խնդրո առարկա պետությանը՝ «աղջկան»: Այն, որ խնդրո առարկան կարող է բոլոր հանդիպող ասպետներին էլ ասել՝ «հա», այստեղ դեռ չի նշանակում, որ նրան հանգիստ կթողնեն եւ կգնան իրենց գործին: Պարզ ասած՝ այստեղ «քյաստըմ» չկա:
Նմանատիպ վարքագիծը (բոլորին «այո» ասելը) ավելի շուտ մեծացնում է մի քանի ծեծողներից միաժամանակ ծեծ ուտելու հավանականությունը: Սակայն այս հակամարտություններում նմանություններ ու նույնություններ էլ կան: Բոլոր ժամանակներում էլ, օրինակ, լինում են խորագետ եւ իմաստուն սիրահարված ասպետներ, ովքեր չեն գնում դասական, վայրի ճանապարհով, այլ աստիճանաբար, համառ ու հետեւողական քայքայիչ գործողություններով՝ փափուկ ուժով, անառարկելի են դարձնում իրենց գրավչության ավելի բարձր աստիճանը: «Ես քեզ ամեն օր ծաղիկներ կբերեմ, կհարդարեմ վարսերդ, կլվանամ ամաններն ու ինքս քեզ կուղեկցեմ մինչեւ լուսաբաց տեւող դեւիչնիկներին»: Սրան զուգահեռ որոշ պարբերականությամբ ուղարկվող թանկարժեք ծաղկեփնջերն ու օծանելիքը վերջապես իրենց գործն անում են, եւ խնդրո առարկան սկսում է հիասթափվել նրանից, ում ի սկզբանե «հա» էր ասել:
Խնդիրը գրեթե լուծված է: Ի վերջո, ավելի հեշտ է ընկեր, նշանած, ամուսին չունեցող մեկին քեզնով անել, քան հակառակը: Սա պետությունների պարագայում էլ բավականին հաճախ կիրառվող գործելաոճ է: Այստեղ էլ ավելի հեշտ է անտեր, ծեծված, անպաշտպան պետության տիրանալ, քան խալխի ծայրագավառին, եւ չի բացառվում, օրինակ, որ խնդրո առարկա ՄԱԿ-ի անդամը ձերբազատվելով նախկին բիրտ ու հետամնաց մեծ եղբորից, մի ինչ-որ ժամանակ իսկապես էլ հայտնվի լիովին ազատ եւ ինքնիշխան կարգավիճակում, շարունակելով ծաղիկներ եւ օծանելիք ստանալ նոր հովանավորից: Թե՛ պետությունների, թե՛ աղջիկների պարագայում ապագան սովորաբար միանման է դասավորվում: Նրանք, մեղմ ասած, հայտնվում են ավելի վատ պայմաններում: Բավականին մեծ գին են վճարում դեպի դրախտ ուղեւորության համար, իսկ դրախտում պարզվում է, որ ավելի անհոգի են հալածում:
Ինչո՞ւ է պետք մեր երկրին վերաբերող վճռորոշ, գոյաբանական հարցերն ու մարտահրավերները նկարագրել «աղջկա բազարի» այս կենցաղային պարզամիտ համեմատականներով: Ամեն անգամ այսպիսի համեմատությունների ու նկարագրությունների ցանկություն է առաջանում, երբ տեսնում ես, թե ինչպես է մեր երկրի սովորական պարզ մարդը, քաղաքացին, որն, ի դեպ, նաեւ լիիրավ ընտրող է, բարդ, վտանգավոր, արտաքին սպառնալիքներին վերաբերվում, ինչպես Ծովագյուղում «սիգնալից» ծավալված կոնֆլիկտի: «Ռուսին պետք ա թափով ռադ անենք, ախպեր, դրանք քցում են մեզի: Եվրոպա լավ տեղ ա, բայց մեզի վիզա չեն տալի: Մեզի երեւի Իրանը պաշտպանի, փրգի, բայց դե, մուսուլմանը մնում ա մուսուլման: Էն Թրամփն էլ գիժ ա, ախպեր, լրիվ գժական ա էթում…»:
Մոտավորապես նույնանման խոսույթ պարբերաբար արտաբերում են նաեւ մերօրյա հիմնական քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչներ, իհարկե, ոչ կենցաղային ժարգոնով, այլ գրական քաղաքական հայերենով՝ համեմված տարաբնույթ մանիպուլյատիվ ակնարկներով ու տողատակերով:
Սա այն պարագայում, երբ աչքի առաջ է մեր կերած վերջին անողոք ծեծը՝ հազարավոր զոհերով, տարածքների ու ազգային արժանապատվության էական կորուստներով:
Իսկ ինչ համեմատություններ ու նկարագրություններ են պետք, որ սովորական հայաստանցի մարդը, քաղաքացին, նույն ինքը լիիրավ ընտրողը, նույն ինքը՝ այս երկրի տերը, հստակ ու պարզորոշ գիտակցի, օրինակ, թե ինչ օրգանական, ուղիղ կապ կա ինքնիշխանություն, ազատություն, տարածքային ամբողջականություն, միջազգային իրավունք, բարձր աշխատավարձ արտահայտությունների եւ աշխարհագրական դիրք, ճգնաժամերի կառավարում, տնտեսական զարգացում, որակյալ կրթություն, դիվանագիտական աշխատանք, պաշտպանական համակարգեր, ստրատեգիական գործընկեր արտահայտությունների միջեւ:
Սա, սակայն, բոլորովին այլ զրույցի թեմա է:
Աղասի ՀՈՒՆԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.12.2024