Լրահոս
Օրվա լրահոսը

Յոգան կներդրվի ՀՖԿՍՊԻ-ում որպես առողջ ապրելակերպի բաղադրիչ

Դեկտեմբեր 20,2024 23:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դեկտեմբերի 21-ը ՄԱԿ-ը հռչակել է մեդիտացիայի համաշխարհային օր: Այդ կապակցությամբ այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում Հայաստանում Հնդկաստանի դեսպանության հետ համատեղ  կազմակերպվել էր յոգային նվիրված միջոցառում, որին մասնակցեց նաեւ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, նորին գերազանցություն Նիլակշի Սահա Սինհան:

ՀՖԿՍՊԻ ռեկտոր Տիգրան Սիմոնյանը նշեց, որ յոգան որպես Հնդկաստանում հազարամյա պատմություն ունեցող մշակույթ իր հետեւորդներն ունի ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում: «Յոգան մարմնի, մտքի եւ հոգու ներդաշնակություն է, ինչը անհրաժեշտ է փոխանցել հանրության լայն շրջաններին»,-ասաց պարոն Սիմոնյանը եւ կարեւորեց յոգայի ներդրումը ՀՖԿՍՊԻ-ում գործող առողջարարական ֆիզիկական կուլտուրա/կինեզիոլոգիա  կրթական ծրագրում որպես առողջ ապրելակերպի բաղադրիչ: Նա նաեւ  վստահություն հայտնեց, որ կրթօջախի եւ դեսպանության միջեւ համագործակցությունը կտա դրական արդյունքներ:

Տիկին դեսպանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ չբացառեց, որ կարող է իրական համագործակցություն ծավալվել դեսպանության եւ Հայաստանի մարզական միակ բուհի միջեւ:

Միջոցառման ավարտին նորին գերազանցություն Նիլակշի Սահա Սինհան պատասխանեց Aravot.am-ի հարցերին:

-Տիկին դեսպան: Դուք անձամբ զբաղվո՞ւմ եք յոգայով:

-Իհարկե, զբաղվում եմ, բայց ոչ ամեն օր: Կարծում եմ՝ առավոտյան իմ մարմինն այնքան էլ պատրաստ չէ յոգայի համար: Փորձում եմ վարժությունները երեկոյան ժամերին անել, եթե, իհարկե, հրավիրված չեմ որեւէ ընդունելության, քանի որ ի պաշտոնե պարտավոր եմ նաեւ երեկոյան այցելել տարբեր վայրեր: Այնպես որ, հենց հարմար լինում է, անպայման յոգան ներառում եմ իմ ամենօրյա կյանքում:

-Յոգան մարմնի, մտքի, հոգու ներդաշնակություն է, փիլիսոփայություն, նաեւ հոգեբանություն: Յոգան ինչո՞վ կարող է օգտակար լինել հայ ժողովրդին՝ հաշվի առնելով այն սթրեսային կյանքը, որ մեզ ուղեկցում է վերջին տարիներին:

-Յոգան բոլորի, ամբողջ աշխարհի համար է, քանի որ հիմա մարդկությունը բոլոր երկրներում տարբեր պատճառներով ապրում է ծանր հոգեբանական վիճակում: Հայաստանի ժողովուրդը նույնպես հիմա գտնվում է ծանր հոգեվիճակում: Յոգան միանշանակ կարող է օգնել, քանի որ բացի ֆիզիկական վարժություններից ներառում է նաեւ շնչառական վարժություններ, որոնք հանդարտեցնում են միտքը: Ավելի հանգիստ մտքով ավելի հեշտ կարելի է ծանր իրավիճակները հաղթահարել: Այնպես որ, յոգան, այո կարող է բոլորին օգտակար լինել մտավոր հանգստության հասնելու համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031