Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյան. «Արցախի հիմնախնդիրը այսօր օրակարգ հետ բերելու օրակարգ կա եւ միակ խոչընդոտը Հայաստանի իշխանությունն է, որ շարունակում է մերժել»

Դեկտեմբեր 20,2024 23:13

Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը Facebook-յան էջում հերթական անգամ անդրադարձել է Արցախյան հիմնախնդիրը օրակարգ հետ բերելու եւ բանակցության սեղանի շուրջ Հայաստանի կշիռը բարձրացնելու անհրաժեշտության մասին:

«Վերջերս Ադրբեջանի նախագահը էլի բազմաթիվ հայտարարություններ է արել եւ, կարծես, շատ ավելի հստակ է դառնում, թե ինչպիսի ցուցակ է մեր առաջ դնում Ադրբեջանի նախագահը, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար: Ես ճիշտն ասած չգիտեմ՝ այդ խաղաղության պայմանագիրը ինչ է ենթադրում, բայց վստահ եմ, այնտեղ Հայաստանի կողմից բազմաթիվ զիջումներ են արվել: Կան, իհարկե, տեսանելի զիջումներ. Ղարաբաղի կորուստ, զոհեր, Հայաստանի տարածքի մի մաս, Ադրբեջանը մխրճվել է: Պայմանագրում, վստահ եմ, նաեւ այլ զիջումներ կան: Եվ, ահավասիկ, կա մի հսկայական ցուցակ, որը ներկայացվել է Ադրբեջանի նախագահի կողմից: Փորձենք ամփոփել:

Պարզվում է 300 հազար ադրբեջանցիների դիմում կա արդեն Հայաստանի իշխանավորներից մեկի սեղանի վրա, որից պատասխան են սպասում:

Երկրորդ, բողոք կա, որ պետք է Եվրամիության դիտորդները հեռանան:

Երրորդ, Ադրբեջանը բողոքում է եւ ուզում է արգելի, որ Հայաստանը զենք գնի այլ երկրներից: Ադրբեջանը հիմնականում նկատի ունի Ֆրանսիան:

Չորրորդ, խոսում է սահմանադրությունը փոխելուց՝ այդ պահանջը միշտ էլ եղել է:

Տարօրինակորեն դեռեւս չի խոսում միջանցքի մասին, որ նախկինում է խոսվել: Բայց ես կարծում եմ, որ միջանցքի պահանջը ցուցակում կա: Ուղղակի Ալիեւը կարիք չի զգում դրա մասին խոսելու, որովհետեւ համարում է, որ դրա լուծումը իր համար ամենահասանելին է: Եթե մյուս բոլորը իրենից կախված չի՝ Հայաստանի կամքից է. սահմանադրություն փոխել, 300 հազար ընդունել, զենք գնել-չգնել եւ այլն, միջանցքը ամենահասանելին է Ադրբեջանի համար: Նա ուղղակի կմտնի ու կվերցնի: Ալիեւը համարում է, որ Փաշինյանը իրեն խոստացել է միջանցքը: Եվ իր իրավունքն է՝ մտնել-վերցնել: Այնպես որ, սա իսկապես էլ լուրջ մտահոգության տեղիք է տալիս:

Հիմա իշխանություններն ասում են, որ միջանցքը կարմիր գիծ է Հայաստանի համար, իշխանությունների համար, բայց դա ոչինչ չի նշանակում: Ընդհակառակը, ինձ անձամբ մտահոգում է: Փաշինյանն ասաց Արցախը Հայաստան է ու վերջ՝ Արցախը տվեց, ուղղակի նվիրեց Ադրբեջանին, զոհերի գնով: Նույնը կարող է այստեղ լինել: Մտնեն ու վերցնեն կարճաժամկետ, թեկուզ մեկօրյա պատերազմով, մի քանի տասնյակ զոհերով: Ինչպե՞ս Արցախը տրվեց. պատերազմ էր, ի՞նչ կարող էին անել: Նույնը՝ այստեղ. Ալիեւը մտավ, բանակ չունենք, վերցրեց, ի՞նչ լարող ենք անել տրամաբանությամբ:

Հիմա այդ բոլորի պատասխանը ո՞րն է: Լռությո՞ւնը: Բնականաբար, ոչ: Երեկ Փաշինյանը փորձեց ինչ-որ մասնակի մի հարցին պատասխան տալ: Էլի պարտվողական տրամաբանությունից ելնելով: Ասելով, որ մի մտահոգվիր, զենքերը որ մենք առնում ենք, ես երաշխավորում եմ, որ մեր կողմից ագրեսիա չի լինի Ադրբեջանի նկատմամբ:

Երեկվա այսպես կոչված այդ պատասխանով Փաշինյանը միաժամանակ երկու բան ապացուցեց: Առաջին, որ Հայաստանը սուվերեն պետություն չէ: Եթե Հայաստանը, իրոք, Փաշինյանի ղեկավարությամբ սուվերեն պետություն լիներ, երեւի Փաշինյանի պատասխանը պետք է լիներ, որ դա քո գործը չէ: Մենք որպես սուվերեն պետություն ումից ինչ զենք ուզենք կվերցնենք: Դու գնա՝ քո խնդիրներով զբաղվիր: Բայց նա չարեց, ուղղակի արդարացավ, թե մի մտահոգվիր, մենք ագրեսիայի մտադրություն չունենք: Փաշինյանին թվում է, թե նման դիվանագիտությամբ, իսկ ես սա դժվարանում եմ դիվանագիտություն անվանել, կարող է իսկապես ինչ-որ խաղաղության հասնել:

Երկրորդ, նա ապացուցեց, որ իր վարչարարության այս վեց տարիներին ինքը դիվանագիտությունից նոր բան չի սովորել: Ես սրա մասին բազմիցս խոսել եմ: Փաշինյանը երբ իշխանության եկավ դժբախտաբար, զրո փորձ ուներ: Այսօր նա արդեն մինուսի մեջ է, որովհետեւ նրա դիվանագիտական փորձը ձախողության փորձ է: Ինչ արել է դիվանագիտության մեջ, վկան արդյունքներն են, շարունակվող զիջումներն են, անհիմն, չբացատրվող հայտարարություններն են: Եթե մի մարդ այդքան սխալ է արել ու չի ընդունում, որ սխալ է արել, նշանակում է, որ ինքը միայն բացասական փորձ է կուտակել: Եվ այդ բացասական փորձը շարունակում է բացասական  հետեւանքներ թողնել Հայաստանի վրա:

Այդ բոլորի պատասխանը Ղարաբաղի՝ Արցախի, հարցը օրակարգ հետ բերելն է: Ես սա բազմիցս ասել եմ եւ ուզում եմ դա պնդել՝ հատկապես հաշվի առնելով վերջին զարգացումները միջազգային թատերաբեմում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի իրավունքի շուրջ:

Երկու օր առաջ Շվեյցարիայի խորհրդարանը արդեն բանաձեւ անցկացրեց, որտեղ կոչ է անում ֆեդերալ կառավարությանը՝ ֆորում անցկացնել, որտեղ հրավիրի Արցախի ներկայացուցիչներին, նաեւ Ադրբեջանի, որպեսզի քննարկեն արցախահայության՝ իրենց հայրենիք, տներ վերադառնալու հարցերը: Դա շատ կարեւոր քայլ է: Այս տարվա ընթացքում Եվրախորհրդարանը երկու որոշում է ընդունել, որ կոչ է անում Ադրբեջանին՝ ապահովել արցախցիների վերադարձը: Կա նաեւ անցած տարվա միջազգային արդարադատության դատարանի որոշումը: Այս բոլորը պարտադրում են Ադրբեջանին խոսել դրա մասին: Եվ այսօր միակ խոչընդոտը, որ մեր առաջ կա, դա Հայաստանի իշխանությունն է, որ շարունակում է մերժել:

Ես ոչ միայն արցախցիների շահերից ելնելով եմ ասում, որ հարցը պետք է շատ արագ օրակարգ  բերել: Ես սա պնդում եմ՝ ելնելով նաեւ Հայաստանի առավելության, յուրաքանչյուր քաղաքացու շահից: Այդ ցուցակը, որ ես թվարկեցի, ինքնանպատակ չէր, ցույց տալու համար էր, որ մեր առաջ լուրջ խնդիրներ կան դեռ եւ դրա պատասխանը Ղարաբաղի խնդիրը սեղան բերելն է: Ղարաբաղի հարցից հրաժարվելը չի նշանակում, որ Ղարաբաղի հարցը փակվում է: Ադրբեջանի ամեն մի քայլ բխում է Ղարաբաղի հարցից: Ղարաբաղի հարցը պետք է բերել օրակարգ: Դրանով հնարավոր կլինի լուծել բոլոր տեսակի խնդիրները. դիվանագիտական հավասարակշռություն լինի, Հայաստանն իր տեղը, արժեքն ունենա բանակցության սեղանի շուրջ: Միջանցքների խնդիրը կարող է կարգավորվել: Երբ որ կա այնտեղ հայ բնակչություն, կա միջանցք, որը կապում է Հայաստանին, արդեն հնարավոր է հայելային տարբերակով խոսել: Ինչ կտրվի մեզ, նույնը կարելի կլինի Ադրբեջանի համար, որ նրանք էլ կապ ունենան Նախիջեւանի հետ:

Եվ կա միջազգային աջակցություն, կա ամբողջ համակրանքը այս հարցի նկատմամբ: Շուտով, եկող տարվա սկզբներին, երբ արդեն նոր կոնգրես կլինի Միացյալ Նահանգներում, նոր իշխանություններ կլինեն, նրանք նույնպես այս  հարցը բերելու են: Արդեն խնդիրը դրվել է եւ հավանաբար հունվարի վերջին քննարկման կդրվի: Արցախահայության իրենց տները վերադառնալու խնդիրն է, էթնիկ զտման խնդիրն է: Եկեք չմոռանանք, որ ի վերջո, արցախահայությունը իրենց տներից վռնդվել է էթնիկ զտման եւ ցեղասպանության սպառնալիքի տակ:

Սա իսկապես մեզ լայն հնարավորություն է տալիս հարցը բերելու օրակարգ: Հայաստանի իշխանություններից շատ բան է կախված: Նրանք պատասխանատվություն ունեն ամենից առաջ, որովհետեւ իրենց վարած սխալ քաղաքականության արդյունքում է, որ այսօր մենք այս վիճակում ենք հայտնվել: Արցախահայությունը իրենց տներից զրկվել է, նրանք պարտավոր են հարցը բերել օրակարգ: Դրանով ոչ միայն հույս է տրվում, դուռ է բացվում արցախահայության իրենց տները վերադառնալու, այլ նաեւ Հայաստանին հնարավորություն է տալիս հավասարակշռություն վերականգնելու, որպեսզի կարողանանք առավել արդյունավետ դիմակայել Ադրբեջանի մեծ ցուցակին, նրա սպառնալիքներին»,-ասաց բազմափորձ դիվանագետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031