Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմիցս զինվորներին հրահանգավորվել է, որ դյուրավառ նյութերով վառարանը վառելն արգելվում է. զորամասի հրամանատարի տեղակալ

Դեկտեմբեր 20,2024 22:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստում հարցաքննվեց նաեւ N 75937 զորամասի հրամանատարի տեղակալ  Ռուդիկ Հակոբյանը:

Նա պատմեց, որ զանգ է ստացել փոխգնդապետ Նիկողոսյանից, նրանից տեղեկացել հրդեհի մասին ու անմիջապես Վարդենիսից հասել է դեպքի վայր: Երբ հասել է կացարան, տեսել է միայն Տիգրան Ղազարյանին, իրենից իմացել է կատարվածը, որ բոլոր տղերքը վառվել են: Ղազարյանը նրան հայտնել է, որ Եղիշը շիշը շպրտել է, հրդեհ է բռնկվել:

«Հակահրդեհային ծառայության պետը պետք է շինություններում շրջայց կատարեր, համապատասխան տեղեկություն ունենար շինությունների վերաբերյալ: Ինչը կարող էր առաջացնել հրդեհներ, պետք է կանխարգելվեր: Այդ ամեն ինչը պահպանելու համար ստորաբաժանման հրամանատարների աշխատանքն է կարեւոր, որ եթե չունեին հակահրդեհային պաշտպանության միջոցներ, պետք է դիմեին: Այս պահին չեմ կարող ասել, եղել է, թե ոչ»,- ասաց վկան՝ անդրադառնալով հակահրդեհային միջոցներին վերաբերող հարցերին:

Նա վստահեցրեց, որ յուրաքանչյուր մարտական հերթապահության մեկնելուց առաջ,  տարբեր միջոցառումների ժամանակ բազմիցս ասվել է, զինվորներին հրահանգավորվել է, որ դյուրավառ նյութերով  վառարանը վառելն արգելվում է. «Հակահրդեհային անվտանգության պաշտպանության միջոցների առկայության հետ կապված ասեմ, որ եթե կա նյութական միջոց, որը պետք է ստորաբաժանումն ունենա, ստորաբաժանման հրամանատարը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում: Եթե չի եղել, չի ստացել, չեմ կարող այդ հարցին պատասխանել»:

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031