«Ազատություն». Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճահարույց օրենքը, որի համար կստեղծվի միջազգային աշխատանքային խումբ, Թբիլիսիում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը։
Ալեն Բերսեն պաշտոնական այցով Թբիլիսի է ժամանել երեկ և մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ «Վրացական երազանք»-ի նախագահ Բիձինա Իվանիշվիլիի, վարչապետի և ընդդիմության հետ։
Վրաստանի իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել այս հայտարարությունը։
Եվրոպացի պաշտոնյան նաև ասել է, որ երկրի իշխանությունների հետ հանդիպմանը պահանջել է ազատ արձակել վերջին շաբաթներին ընդդիմության ցույցերի ժամանակ ձերբակալվածներին։
Կարդացեք նաև
«Ես այստեղ եմ առաջին հերթին Վրաստանին և նրա ժողովրդին իմ աջակցությունը հայտնելու համար։ Նրանք արժանի են ապրելու կայուն և ժողովրդավարական երկրում։ Վրաստանի տեղը է և մնում է Եվրոպան։ Վրաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է։ Մենք շարունակելու ենք նրան ուղեկցել իր ժողովրդավարական և եվրոպական ճանապարհին», – ասել է Ալեն Բերսեն:
Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը նշել է, որ հաշվի առնելով Վրաստանում կատարվող իրադարձությունները, իր կողմից անպատասխանատու կլիներ չլինել այստեղ և չկանգնել ժողովրդի կողքին։ Նաև ասել է, որ անկեղծ և կառուցողական քննարկում է ունեցել բոլոր կողմերի հետ:
«Իմ այցի հիմնական նպատակն այն է, որ ներկայիս քաղաքական ճգնաժամը կարող է լուծվել միայն այն դեպքում, եթե մենք պահպանենք ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության հիմնարար սկզբունքները։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ում հանդիպեցի այս շաբաթվա ընթացքում», – ընդգծել է նա:
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան արդեն հերթական պատժամիջոցներ են սահմանել
Մինչ Թբիլիսին խոստանում է փոխել, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան արդեն հերթական պատժամիջոցներ են սահմանել, այս անգամ՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի և նախարարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:
ԱՄՆ Ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով ֆինանսների փոխնախարար Բրեդլի Սմիթը պարզաբանել է, որ պատժամիջոցների պատճառը նրանց մասնակցությունն է ցուցարարների դեմ գործողություններին:
«Վրաստանում ընտրություններից հետո Ներքին գործերի նախարարության պաշտոնյաները դաժան բռնաճնշումներ են իրականացրել սեփական ժողովրդի նկատմամբ, այդ թվում՝ լրագրողների վրա կանխամտածված հարձակումներ և բռնություն գործել: Միացյալ Նահանգները հանձնառու է մնում պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր ձգտում են սահմանափակել իրենց քաղաքացիների իրավունքները և խարխլել հիմնարար ազատությունները Վրաստանում և ամբողջ աշխարհում», – ասել է Բրեդլի Սմիթը:
Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել վիզային արտոնությունները Վրաստանի պաշտոնյաների համար
Եվրոպական հանձնաժողովն իր հերթին առաջարկել է դադարեցնել առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցողներ պաշտոնյաների համար: Եթե այն հաստատվի, ապա վրացի դիվանագետները, պաշտոնյաները և նրանց ընտանիքները ԵՄ կարճատև այցերի համար պետք է վիզա ստանան՝ մինչև 90-օրյա ժամկետով:
Առաջարկում ասվում է. – «Այս առաջարկը պատասխան է Վրաստանի իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների, քաղաքական գործիչների և անկախ լրատվամիջոցների նկատմամբ բռնի ճնշումներին, որոնք սկսվել են այն բանից հետո, երբ իշխանությունները նոյեմբերի 28-ին հայտարարեցին մինչև 2028 թվականը ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու դադարեցման մասին»:
Միացյալ Նահանգները դեկտեմբերի սկզբին արդեն պատժամիջոցներ էր սահմանել վրացի 20 պաշտոնյայի նկատմամբ: Պատժամիջոցներ էին սահմանել նաև Լիտվան և Էստոնիան, իսկ ավելի ուշ նման առաջարկ էր ներկայացրել Եվրոպական միությունը, սակայն Հունգարիան և Սլովակիան արգելափակել էին այն: Վրաստանում վերջին երեք շաբաթվա ընթացքում տասնյակ մարդիկ են հոսպիտալացվել ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառման հետևանքով: Ցույցերի օրերին ավելի քան 250 քաղաքացի է ձերբակալվել:
Վարչապետ Կոբախիձեն, ի դեպ, այսօր բարձրացրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը՝ նրան նշանակելով իր տեղակալ։