«Մենք ի սկզբանե արձանագրել ենք, որ ողջ մնացած ու դեպքի վայրում գտնված զինծառայողների նախաքննական ու դատաքաննական ցուցմունքները հակասական են: Երբեմն հենց նույն անձինք նախկին ու ներկայումս տված ցուցմունքներում էական հակասություններ են ասում: Եղիշեն վերահաստատեց իր դատողությունները կամ վարկածը, որ ինքն է այրել կացարանը:
Ակնհայտ է, որ նա նախաքննության ընթացքում թաքցրել է մի քանի իրողություններ, մասնավորապես ՝ Ռադիկ Մաթեւոսյանի եւ Լեւոն Խառատյանի այդտեղ լինելու հանգամանքը: Ես կարող եմ հասկանալ՝ ինչու են Ռադիկ Մաթեւոսյանը կամ Լեւոն Խառատյանը փորձում այլ ցուցմունք տալ, թե դեպքի վայրում չեն եղել:
Բայց բոլորովին այլ հարց է առաջանում՝ ինչն է պատճառ հանդիսացել, որ Եղիշե Հակոբյանը այդ մասին նախաքննության փուլում լռել է: Ավելին՝ ոչ միայն չի հայտնել, որ այդ անձինք ներկա են գտնվել վառարանը վառելու պահին, այլեւ թաքցրել է, որ դեպքի օրը մի քանի ժամ առաջ մեկ այլ զինվորի ծնողներ նրա ընկերների հետ գտնվել են կացարանում ու որոշակի խոսակցություններ են տեղի ունեցել»,- այսօր Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց տուժողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը:
Փաստաբանն ասաց, որ այսօր որոշակի լարվածություն ու կաշկանդվածություն նկատեց Հակոբյանի մոտ, ինչը կարող է տարբեր պատճառներով պայմանավորված լինել: Նա նաեւ հայտնեց, որ այսօր հարցաքննված Ռադիկ Մաթեւոսյանը այս քրեական վարույթից անջատված մասով մեղադրյալ է, առաջիկայում այդ գործը կուղարկվի դատարան:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ