Նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը «Հայելի» ակումբում ասաց, որ, ցավոք, Հայաստանի ոչ արտաքին, ոչ ներքին քաղաքականության մասին ոչ մի լավ բան չունի ասելու: «Ամեն օր մենք արթնանում ու տեսնում ենք, որ մի նոր վտանգավոր էջ ենք գրել: Ու կարեւոր չէ, որ այդ գրողը Նիկոլ Փաշինյանն է կամ Ալեն Սիմոնյանը: Այդ գիրը մեր բոլորինը, մեր բոլորի ստորագրությունն է դառնում: Թուրքիան եւ Ադրբեջանը կարողացել են առավելագույնս ճանաչել Նիկոլ Փաշինյանին ու ծնկի բերած տանում են այն ուղղությամբ, որտեղ իրենք են ուզում:
Ալիեւը վերջերս շատ պարզ ասել էր, ի դեպ, շատ անկեղծ, թե ինչ խնդիրներ է դնում: Ասում է. Հայաստան, դու ինձ որպես ռազմական կոնտրիբուցիա պետք է տաս $ 150 միլիարդ: Նա իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ Փաշինյանն է խոստովանել, որ 30 տարի շարունակ Հայաստանը օկուպացիայի է ենթարկել Ադրբեջանի տարածքի 20 %-ը: Արցախը նկատի ունի: Ալիեւն էլ ասում է, որ միջազգային նորմերով դու պետք է $ 150 միլիարդ տաս: Սրանք թաքցնում են այս պահը: Ալիեւն է ասում եւ ադրբեջանական թերթերն են գրում, որ դիմել են արդեն համապատասխան ամբիոններին:
Երկրորդ, Ադրբեջանը մեկ անգամ եւս ասում է, որ մենք սահմանադրությունը պետք է փոխենք: Իսկ այն պատասխանները, որ Հայաստանի իշխանությունները տալիս են, ծիծաղելի է: Ու ամենաբարձրը ծիծաղում է Ադրբեջանը: Անգամ եթե լռում է, զգում ես, որ այդ լռության մեջ լիքը նվաստացնող, ստորացնող աղմուկ կա: Այդ ստորացումը նրա միջոցով, բնականաբար, բոլորիս վրա է, որովհետեւ նա է մեզ ներկայացնում:
Եվ երրորդը, որը չափազանց կարեւոր է: Ալիեւն ասում է. դու խոստովանել ես, որ Ղարաբաղը Ադրբեջան է եւ վերջ: Ուրեմն, ինչի՞ է պետք Մինսկի խումբը: Առաջարկում է Մինսկի խումբն ընդհանրապես լուծարել: Իսկ ըստ կանոնադրության, Մինսկի խումբը պետք է կոնսենսուսով լուծարել: Այսինքն, երկու կողմերը պետք է համաձայնեն դրան: Ադրբեջանը ուզում է, Հայաստանը առայժմ խոսք չի ասել:
Կարդացեք նաև
Ինքը անելու է բոլոր պահանջները, ինչ պահանջում է թուրք-ադրբեջանական տանդեմը: Բայց գալիք սերունդները ոչ միայն այս իշխանություններին, նաեւ մեզ, ովքեր դեմ են այս իշխանություններին, խիստ քննադատելու են, թե չկայի՞ն մարդիկ, որ հասկանային՝ սրանից ամեն ձեւով պետք է ազատվել: Պարզվում է, որ կա տրամադրվածություն, բայց այդպիսի մարդիկ չկան»:
Ռուբեն Հակոբյանի գնահատմամբ, այսօր բոլոր առումներով իրավիճակը շատ ավելի վատ է, քան էր 2020 թվականի նոյեմբերի 9-ին: «Նոյեմբերի 9-ին մեզ թվում էր՝ վերջ, դրանից ավելի բան էլ չի կարող լինել: Բայց այսօր ասում ենք՝ երնեկ մնար այն, ինչ գոնե ունեինք նոյեմբերի 9-ին: Ինչու եմ սա ասում, որովհետեւ չի բացառվում, որ որոշ ժամանակ հետո երանի տանք այս օրերին»,-նշեց Ռուբեն Հակոբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ