«Հայաստանում բոլորը շտապում են, հայտարարում են՝ վաղը պատերազմ կլինի Հայաստանի դեմ, Զանգեզուրի դեմ․ ես դա չեմ կարող ժխտել, ես մարգարե չեմ։ Բայց ես կարծում եմ, որ մինչեւ Իրանի հարցը չլուծեն, Հայաստանի վրա չեն հարձակվի»,- «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում այսօր կարծիք հայտնեց Հայաստանի նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։
Նրա վերլուծությամբ, «Նիկոլ ենոքավանցու դավաճանական կուրսի պահպանման» պարագայում Հայաստանի վրա երկու հարձակում է սպասելի․ առաջինը Զանգեզուրի հատվածում, որը կդառնա հարթակ՝ Իրանի վրա հարձակման համար․ «Ադրբեջանից Իրանի վրա չեն կարող հարձակվել։ Այս պահի դրությամբ ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ Իսրայելը չեն կարող հարձակվել Իրանի վրա, որովհետեւ Իրանն ունի 1 միլիոն 700 քառակուսի կիլոմետր տարածք ու պետք է ցամաքային օպերացիա։ Ցամաքային օպերացիայի համար Իսրայելը սահման չունի, ուժ էլ չունի։ Իրան պետք է մտնի առնվազն 500 հազարանոց բանակ․ չկա այդպիսի բանակ։ Իսկ երբ Զանգեզուրը գրավեն, այդտեղ Իսրայելը կարող է կենտրոնացնել կոնտինգենտ եւ արդեն ունենալ ցամաքային սահման Իրանի հետ։ Զանգեզուրը կդառնա բուֆերային գոտի։ Այդ է պատճառը, որ Իրանը մինչեւ վերջ պաշտպանելու է Զանգեզուրը։ Այ, երբ Իրանի վրա կհարձակվեն, կթուլացնեն Իրանին, դրանից հետո կուլ կտան ոչ թե Զանգեզուրը, այլ ամբողջությամբ Հայաստանին։ Նույնիսկ Զանգեզուրը տալուց հետո Հայաստանը փրկություն չունի»։
Իրանի վրա հարձակման մյուս հնարավորությունը Հրանտ Բագրատյանն Օրմուզի նեղուցով է տեսնում, որը ավելի քիչ հավանական տարբերակ է համարում, քանի որ նեղուցը «լիքն է իրանական սուզանավերով»․ «Իրանն Իրաք չէ։ Հայտնի էլ չէ՝ Իրանը միջուկային զենք ունի՞, թե՞ չէ։ Չի էլ բացառվում, որ ինչ-որ մեկը, օրինակ, Հյուսիսային Կորեան, Իրանին միջուկային զենք տա։ Իրանի վրա հարձակվելը հեշտ չէ, նույնիսկ ԱՄՆ-ի համար։ Դա կարող է երրորդ համաշխարհայինի սկիզբը լինել։ Ի՞նչ գիտեք Չինաստանն իրեն ինչպես կպահի․ Չինաստանի այսօրվա նավթի մեծ մասը գալիս է Իրանից»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ Իրանի վրա ցամաքային հարձակման պարագայում, Իրանը պահելու է Զանգեզուրն անգամ եթե Նիկոլ Փաշինյանը բողոքի դրա դեմ։ Ինքը համոզված է՝ բողոքելու է՝ բռնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմը՝ «Նույնիսկ երբ խոսքը վերաբերվում է սեփական երկիրը գրավելուն»։
Իրադարձությունների այս զարգացումը ավելի է մոտեցել՝ Սիրիայում տեղի ունեցածից հետո։ Իսկ Սիրիայում, Հրանտ Բագրատյանի գնահատմամբ, տեղի է ունեցել այնպիսի «հիմար հեղափոխություն, ինչպիսին 2018-ին Հայաստանում»։ Սիրիայում իշխանության եկած մարդիկ, Բագրատյանի կարծիքով, հնարավորություն ունեն փոխելու այդ հեղափոխության ընթացքը՝ ասելով, որ «մենք Նիկոլ չենք դառնա»։ Սիրիական հեղափոխության արդյունքն էլ նա համարում է այն, որ Ասադն ինչքան էլ վատը լիներ, պահում էր Հոլանի բարձունքները․ հիմա՝ դրանք հանձնված են Իսրայելին եւ մի քանի օրում արդեն 50 հազար հրեա է այնտեղ տեղափոխվել։ Աֆրինում, Քոբանիում, Ռաքքայի մոտակայքում էլ քրդերն են հսկա տարածքներ գրավել եւ սպասում են, որ հունվարի 20-ից հետո ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը կհայտարարի քրդական պետության ստեղծման մասին։ Հրանտ Բագրատյանի դիտարկմամբ՝ այստեղ է, որ խնդիրները գլուխ են բարձրացնելու։
Կարդացեք նաև
«Ասադը նույնիսկ շանս չտվեց ռուսներին միջամտելու։ Ռուսները հայտարարեցին՝ մենք մեր պայմանագրային պարտավորությունները կատարելու ենք՝ օդը կփակենք, ցամաքային գործողություններ մեր կողմից չսպասեք։ Իսկ Ասադի բանակը չկռվեց, որովհետեւ գտան, որ չարժե Ասադի համար կռվել։ Սա տեղի ունեցավ Սիրիայում։ Ասադը չընդլայնեց իր իշխանության հենարանը, բազան, եթե չէր ընդլայնում, այդ իշխանությունը պահելն անհնար էր։ Ո՞նց կարելի է 80 տոկոս սունի-արաբների ներկայության պայմաններում նման վարք դրսեւորել։ Իհարկե, հիմա նրանք իրենց ավելի վատ են պահում, բայց ես շանս եմ տեսնում, որ ապագա ձեւավորվող սիրիական կառավարությունը նույն ռուսների հետ ունենա հարաբերություններ, նույնիսկ Իրանի հետ հարաբերություններ՝ ավելի լավ, քան Ասադի կառավարությունն էր։ Քիչ հավանական եմ համարում, բայց չեմ բացառում։ Չշտապենք»,- կարծում է Հրանտ Բագրատյանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ