Ermenihaber. Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հասարակության հետ կապերի խորհրդատու ադմիրալ Զեքի Աքթյուրքը ամենշաբաթյա մամուլի ասուլիսին ներկայացրել է անցնող շաբաթվա իրադարձությունները։ Այդ համատեքստում նա տեղեկացրել է այն հանդիպումների մասին, որոնք տեղի են ունեցել ադրբեջանական բարձրաստիճան սպայակազմի հետ:
Մասնավորապես դեկտեմբերի 12-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն ընդունել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչի Գուլիևին, իսկ դեկտեմբերի 18-ին՝ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարին:
Նա նաև նշել է, որ դեկտեմբերի 18-ին Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության փոխանախարարի հետ Թուրքիա-Ադրբեջան ռազմական երկխոսության բարձր մակարդակի 16-րդ ժողովի շրջանակներում:
Դեկտեմբերի 13-ին էլ Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատարն ընդունել է նախիջևանյան բանակի հրամանատար Քենան Սեիդովին, իսկ Թուրքիայի օդային ուժերի հրամանատարն էլ դեկտեմբերի 10-ից 13-ը պաշտոնական այցով գտնվել է Ադրբեջանում: