«Առավոտի» զրուցակիցն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։
-Պարոն Հայրիկյան, Ալիեւը շարունակում է Հայաստանին տարբեր պահանջներ ներկայացնել՝ ԵՄ դիտորդների հեռացում Հայաստանից, միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերի հետ կանչում եւ այլն։ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում անդրադարձավ այս պահանջներին եւ չբացառեց, որ դրանք կարող են կատարվել։ Ինչպե՞ս եք գնահատում սա։
-Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է, թե ինչ են պահանջում։ Իր օգնականները երեւի լավ աշխատել են, որոշ նյութեր ուսումնասիրել են։ Եվ տխուր է, որ ինքը չի հասկանում, որ միջազգային հարաբերություններում միջազգային ներկայությունը միայն շահեկան է։ Միայն միջավազակային հանդիպումների դեպքում է միջազգային հանրության ներկայությունը խոչընդոտում։
Ես Արցախի մասին էի ասում, որ Արցախի հարցի միջազգայնացումն է Արցախի փրկությունը։ Դա բավարար չափով չընկալեցին։ Ինքնորոշումը մի կերպ հասցրեցի իրենց ուղեղներին, բայց որ ինքնորոշումը զուգահեռաբար պետք է ուղեկցվի միջազգայանցմամբ՝ չհասկացան։
Կարդացեք նաև
Ինձ համար ամենաուշագրավն այն էր, որ դրական է արտահայտվում բանակցություններում երրորդ կողմի բացակայությանը։ Այդպիսի պահանջ նույնպես սովորաբար ներկայացնում են նրանք, ովքեր թաքցնելու բան ունեն։ Օրինակ՝ ես բացարձակ ժողովրդավարության Սահմանադրության նախագիծ եմ դրել քննարկման, ինչքան շատ մարդ մասնակցի դրա քննարկմանը, այդքան ուրախ եմ։ Բայց երբ իրենք են իրենց խուժանությունը դնում, սա իրենց ապրելակերպն ու մտածելակերպն է։ Եվ այստեղ քաղաքական բռնապետ Ալիեւը եւ հարկային ու սոցիալական հարցերում ամենավայրագ բռնապետի կեցվածք ընդունած Նիկոլ Փաշինյանը ինչ-որ հարցերում դաշնակիցներ են։
-Փաշինյանն ասում է, որ առաջարկում է Բաքվին, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան–Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա։ Այսինքն՝ այդ տարածքներում կարիք չկա՞ դիտորդների տեղակայման, ի՞նչ երաշխիք, որ Բաքուն չի խախտի պայմանավորվածությունը։
–Ասում էր, ու սահմանազատված տարածքներում դիտորդներ պետք չեն լինի, կարծես խոսում է, օրինակ, Հունաստանի ղեկավարության հետ։ Չի հասկանում, որ սեփական ժողովրդին պատերազմ հայտարարած բռնապետ Ալիեւի համար ոչ մի սրբություն գոյություն չունի։ Կամ չի հասկանում, կամ չգիտեմ։
-Բաքվի ռեժիմը խոսում է այն մասին, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» նախագծում 15 կետ համաձայնեցված է Հայաստանի հետ, բայց նոր պահանջներ են առաջ քաշվում։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը, ընդհանրապես հնարավոր է որեւէ փաստաթղթի ստորագրություն։
-Ընդհանրապես բռնապետներն էությամբ գործընկերներ են, այնպես որ, կարող են համաձայնության գալ։ Բայց այստեղ մի նրբություն կա՝ մենք խոսում ենք Ադրբեջանի համաձայնության մասին՝ մոռանալով մեր մասին։ Ես Նիկոլի մասին չեմ խոսում, մեր՝ հայերիս մասին եմ խոսում։
Նախ եւ առաջ բարի կամքի բացակայության պայմաններում ստորագրված ցանկացած պայմանագիր, մանավանդ բռնապետների մասնակցությամբ ու ուղղորդմամբ, ապագա չունի, ոչ էլ երաշխիք կարող է հանդիսանալ։ Մենք շատ լավ գիտենք, որ բռնապետների համար նպատակն արդարացնում է միջոցները։ Այսինքն՝ քաղաքակրթական հարաբերություններ կարող էին լինել մեր միջեւ միայն միջազգային ներկայության պայմաններում։ Բայց խաղաղության պայմանագիր է մուրում մի ազգ, որի հայրենակիցները բացահայտ ցեղասպանության են ենթարկվել։ Եվ դա տեղի է ունեցել իրենց իշխանության օրոք։
Ալիեւը խոսում է սովետի օրոք ինչ-որ մարդկանց հեռացման մասին, մերոնք են ասում, որ սովետի օրոք Սումգայիթի եւ այլ բնակավայրերի ջարդերն են կազմակերպված եղել, բայց սա տեղի է ունեցել կոնկրետ Ալիեւի օրոք։ Եվ «խաղաղության պայմանագրի» համար անհրաժեշտ չի համարվում, որ ցեղասպանությունը դատապարտվի, գերիներն ու պատանդներն ազատ արձակվեն։
Ադրբեջանը բարի կամք չի դրսեւորել ոչ մի դեպքում, նույնիսկ իր ստորագրած հայտարարությունն է խախտել։ Այստեղ անմեղության կանխավարկածով մոտենանք Նիկոլին, ենթադրենք, որ չգիտենք, թե Նիկոլն ով է եղել։ Բայց տեսեք, ընդամենը 4 տարի առաջ Ալիեւի հետ ընդունած հայտարարության դրույթները 99 տոկոսով խախտվել են։ Նրանք ի՞նչ գործ ունեին Շուռնուխում, եթե զինվորները պետք է կանգնեին այն տեղերում, որտեղ կանգնած էին։ Հայտարարության մեջ չկա կետ, որ վերադառնում ենք Ստալինի գծած սահմաններին։ Բայց նրանք եկան Սյունիք, ո՞ւր է բարի կամքը։ Եթե բարի կամք չկա, բարի կամքի բացակայությունից բխող գործողությունները չեն կարող երաշխիք լինել բարիդրացիական հարաբերությունների համար։ Դա հերթական խաբեությունն է։
Մեր միակ ելքը մնացել է միջազգային հանրության ներկայությունը տարածաշրջանում։ Իսկ միջազգային հանրությունը լրջորեն կարող էր լինել այստեղ, եթե տեսներ, որ մենք արժեք ենք ներկայացնում։ Բայց ո՞նց կարող է արժեք ներկայացնել մի պետություն, որի անկախության պայքարի առաջնորդի ներկայացրած բացարձակ ժողովրդավարության նախագիծը չի էլ քննարկվում։ Սրիկա են բոլոր նրանք, ովքեր խոսում են Եվրոպայի մասին եւ առաջին հերթին չեն ասում՝ իսկ մենք ի՞նչ պետք է անենք։ Այն դեպքում, երբ ես դեռ 20 տարի առաջ ասել եմ, թե մենք ինչ պետք է անենք։
Ինչ վերաբերում է Ալիեւի այն պահանջին, որ՝ միջնորդներ չլինեն, երկուսով կարող ենք ամեն ինչ անենք, որոշ եվրոպացիներ կարող են գտնել, որ դա ուղղված է Ռուսաստանի դեմ։ Բայց Ալիեւը հստակ է ասում, որ դա ուղղված է նաեւ քաղաքակիրթ աշխարհի դեմ։ Ի վերջո, եվրոպացի դիտորդները քաղաքակիրթ աշխարհից են։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ