Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ֆինանսական նվիրատվությունները Վատիկանին չպե՛տք է պատճառ դառնան, որ Կաթոլիկ եկեղեցու կենտրոնն աչք փակի ադրբեջանական հանցագործությունների վրա. «Գեղարդ»

Դեկտեմբեր 20,2024 16:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բաքվում կկառուցվի կաթոլիկ եկեղեցի, իսկ Արցախի հայկական եկեղեցիները կշարունակեն ավերվել

«Գեղարդ». Վատիկանի՝ պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերն այցելել է Բաքու՝ մասնակցելու Հովհաննես Պողոս Երկրորդ պապի պատվին կառուցվելիք եկեղեցու հիմնարկեքի արարողությանը։

Բաքվում Վատիկանի պաշտոնյան հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին։

Արքեպիսկոպոսի հետ հանդիպմանը Փաշազադեն պատմել է «Ադրբեջանի հանդուրժողականության» մասին, թե ինչպես է կառավարությունը «վերականգնել ու պահպանել Բաքվի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցին, ինչպես նաև՝ Ղարաբաղում և Շուշիում հին աղվանական առաքելական եկեղեցիները»։ Փաշազադեն Գալագերին կոչ է արել այցելել Արցախ՝ «ծանոթանալ մշակութային ցեղասպանության ենթարկված տարածքներում կրոնական-հոգևոր ժառանգությունը վերականգնելու աշխատանքներին»։ Ըստ ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունների՝ Գալագերը ևս ընդգծել է «Ադրբեջանի բազմամշակութայնությունն ու հանդուրժողականությունը»։

Հոգևոր, կրթական և մասնագիտական գործունեության բերումով, հավանաբար, Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյան ծանոթ է Արցախի կրոնական և մշակութային ժառանգության պատմությանն ու պատկանելությանը և միգուցե տեղյակ է, թե 2020 թվականից հետո ադրբեջանցիներն ինչպիսի «վերաբերմունք» ունեն հայկական մշակութային ժառանգության նկատմամբ։

Արդյո՞ք Վատիկանի ներկայացուցիչները վերջին շրջանում ադրբեջանցի պաշտոնյաների հետ հաճախակիացրած շփումներում արծարծում են այս հարցը, արդյո՞ք կոչ են անում չքանդել, չավերել, չյուրացնել քրիստոնյա հնագույն ազգերից մեկի՝ հայերի թողած հարուստ ժառանգությունը։ Համենայնդեպս՝ պաշտոնական հաղորդագրություններում նման տեղեկություններ չկան։

«Գեղարդ» հիմնադրամը բազմիցս անդրադարձել է այս խնդրին։ Ադրբեջանի ֆինանսական նվիրատվությունները Վատիկանին չպե՛տք է պատճառ դառնան, որ Կաթոլիկ եկեղեցու կենտրոնն աչք փակի ադրբեջանական հանցագործությունների վրա։ Վատիկանը չպե՛տք է նպաստի հայկական ժառանգության ինքնության փոփոխության ադրբեջանական հետևողական քաղաքականությանը։

Կարծում ենք, որ Վատիկանը պետք է դատապարտի Ադրբեջանի՝ հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման ու աղավաղման քաղաքականությունը և մաս չդառնա ադրբեջանական քարոզչական արշավին ու Բաքվի իշխանությունների հանցանքներին։

Տիգրան Ապիկյան

«Գեղարդ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031