Լրահոս
Օրվա լրահոսը

Նախադեպային որոշում անձին ապօրինի անազատության մեջ պահելու փաստի վերաբերյալ. ՀՔԱՎ

Դեկտեմբեր 20,2024 15:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նախադեպային որոշում անձին ապօրինի անազատության մեջ պահելու փաստի վերաբերյալ

2024թ․-ի հոկտեմբերի 21-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից կապ են հաստատել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ռոման Շկլովերի հետ և տեղեկացրել, որ վերջինս պետք է ներկայանա ՀՀ ոստիկանության ԵՔՎ Կ․Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանման բաժին։

Նույն օրը Ռ․Շկլովերը ինքնակամ ներկայացել է Ոստիկանության բաժին, որից հետո ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Կ․Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանման բաժնում իբրև թե անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ակնհայտորեն ոչ իրավաչափ և առանց համապատասխան փաստական հիմքերի առկայության Ռ․Շկլովերը ձերբակալվել է։

ՀՔԱՎ գրասենյակը և Կազմակերպության փաստաբան Սամսոն Գալստյանը ստանձնել են Շկլովերի իրավունքների պաշտպանությունը։ Գալստյանը ձերբակալության օրը գնացել է Ոստիկանության բաժին և որպես Ռ․Շկլովերի փաստաբան մասնակցել վերջինիս անձական խուզարկությանը, որը տեղի է ունեցել ոչ իրավաչափ ձերբակալման պայմաններում։

Մի քանի ժամ Ոստիկանության բաժնում անազատության մեջ պահելուց հետո Ռ․Շկլովերին տեղափոխել են Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր, որտեղ վերջինս մնացել է մինչև ուշ գիշեր։

Այնուհետև, առանց որևէ որոշման և պատճառաբանության առկայության Ռ․Շկլովերը ձերբակալվածների պահման վայրից ազատ է արձակվել։

Այսինքն անձը ապօրինի կերպով ձերբակալվել և շուրջ 12 ժամ ապօրինի պահվել է անազատության մեջ։

Ս․ Գալստյանը, Ռ․Շկլովերի ձերբակալությունից անմիջապես անց, բողոք է ներկայացրել դատարան՝ վիճարկելով կայացված ձերբակալումը։

Դատարանը՝ դատավոր Ռ․ Սմբատյանի նախագահությամբ որոշում է կայացրել ներկայացված բողոքը բավարարել և հաստատել է ձերբակալման ընթացքում Ռ․Շկլովերի իրավունքների խախտման փաստը։

Միաժամանակ Դատարանը Ռ․Շկլովերի իրավունքների խախտման փաստի կապակցությամբ իրավական ընթացակարգ սկսելու նպատակով դիմել է իրավասու պաշտոնատար անձին՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մետրոպոլիտենի բաժնի պետին։

Դատարանը իր որոշմամբ և՛ արձանագրել է, որ ձերբակալման հիմքն ու պատճառները անորոշ և անհիմն են եղել, և՛ արձանագրել է, որ անձին 6 ժամից ավել պահելուն ուղղված գործողությունները եղել են ապօրինի, և, որ Ռ․Շկլովերին դատախազի կողմից չի տրամադրվել ազատ արձակելու մասին որոշումը, ինչը վերջինս պարտավոր էր անել։

Այսպիսով` գտնում ենք, որ Դատարանը իրավացիորեն ամբողջությամբ ոչ իրավաչափ է ճանաչել Ռ․Շկլովերի ձերբակալման որոշումը և սա նախադեպային է նման գործերով հետագայում հնարավոր նման ապօրինի ձերբակալումների դեպքերը կանխելու տեսակետից, քանի որ արդեն առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով հստակ արձանագրվել է ոստիկանության աշխատակիցների կողմից անձի ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնարար իրավունքի խախտման փաստը։

ՀՔԱՎ-ը պատրաստում է դատական կարգով պահանջել բարոյական վնասի փոխհատուցում՝ Շկլովերին ապօրինի անազատության մեջ պահելու համար։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031