Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանում հասկանում են՝ Հայաստանում մի օր կհանեն իրավական հիմքերը, որոնցով հենց Ադրբեջանը պետք է հռչակվի ագրեսոր, իսկ Արցախի ազատագրումը կհամարվի ինքնապաշտպանության դրսեւորում»

Դեկտեմբեր 20,2024 15:22

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Սուրեն Զոլյանը։

Պարոն Զոլյան, տեւական ժամանակ է՝ Բաքուն պահանջում է, որ Եվրամիության քաղաքացիական դիտորդները գործունեություն չիրականացնեն ՀՀ տարածքում, որպեսզի Հայաստանը հետ կանչի Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններ ներկայացրած հայցերը։ Եվ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում ասաց, որ մտադիր է բավարարել Բաքվի այս եւ այլ պահանջները։ Ինչպե՞ս եք գնահատում սա, եւ ի՞նչ վտանգներ կարող են լինել։

-Ես կարծում եմ, որ ԵՄ դիտորդների առաքելությունը ոչ մի դրական բան չի տալիս Հայաստանին, որովհետեւ նրանց մանդատն այնպիսին է, որ ինչ-ինչ տագնապային իրադարձությունների դեպքում նրանք ուղղակի հեռանում են։ Իրենց համար ամենակարեւորը ոչ թե Հայաստանի անվտանգությունն է, այլ իրենց անձնական։ Եվ դա ոչ միայն այս առաքելությանն է վերաբերում, այլ ընդհանրապես դիտորդական առաքելություններին։ Աշխարհում դա ընդհանուր կանոն է, նույնը Սիրիայում եղավ, Լիբանանում։ Նրանք ավելի շուտ սիմվոլիկ դեր են խաղում՝ ինչ-որ ձեւով կայունացնելով իրավիճակը, բայց լուրջ իրադարձությունների դեպքում ոչ մի ազդեցություն չեն ունենա։ ԵՄ դիտորդները Հայաստանում տեղակայվել են՝ որպես հակակշիռ Ռուսաստանին՝ միգուցե որպես հաջորդ քայլ ամրապնդելու Եվրամիության ռազմական ներկայությունը, ինչն այսօր որեւէ ձեւով չի ուրվագծվում։ Ուստի այս հարցին ավելի շուտ Փաշինյանի տված ինչ-ինչ խոստումների տիրույթում պետք է նայենք։

Մենք չենք տեսել այն դրականը, որը բերել է այդ դիտորդների առաքելությունը, համենայնդեպս ոչ մի սանտիմետր հող ու տարածք չի վերադարձրել Ադրբեջանը, ոչ էլ զսպել է Ադրբեջանի պահանջները։ Տավուշի 4 գյուղը ձեզ ապացույց, որ եթե Ադրբեջանը ինչ-ինչ պահանջներ է ներկայացնում, ԵՄ դիտորդներն այդ հարցով որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ։

Այդ դեպքում Բաքուն ինչո՞ւ է պահանջում, որ նրանք դուրս բերվեն Հայաստանից։

-Բաքուն առհասարակ ուզում է, որ հայկական հարցերը դուրս գան միջազգային օրակարգից։ Արցախի հարցը դե ֆակտո դուրս է եկել օրակարգից, թեեւ Մինսկի խումբը լուծարված չէ, բայց Բաքուն պահանջում է, որ այդ խումբն էլ լուծարվի, թեեւ դե ֆակտո չի գործում։ Նույնը վերաբերում է միջազգային այլ երկրների ներկայությանը։ Իսկ ինչ վերաբերում է ռուսական եւ իրանական ազդեցությանը, այդ հարցում հենց պաշտոնական Երեւանն է ազդեցիկ աշխատում, եւ Բաքուն այստեղ անելիք չունի։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին Ալիեւի պահանջներին՝ Փաշինյանն ասաց, որ եթե չկա կոնֆլիկտ, ի՞նչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձեւաչափի գոյությունը: Արդյոք չկա՞ կոնֆլիկտ։

-Փաշինյանի համար կարող է եւ չկա կոնֆլիկտ։ Ինքը դրան նայում է որպես լրագրող, իր համար բառը շատ կարեւոր է, ասում է՝ եկեք պայմանավորվենք, որ մենք չենք պարտվելու, հետո ասում է՝ եկեք պայմանավորվենք, որ մեր պարտությունն իրականում հաղթանակ է։ Այսինքն՝ եթե ասում է՝ չկա կոնֆլիկտ, ինքը միգուցե այդպես է ընկալում։ Բայց կարեւորն այն չէ, թե ինչպես է դա Փաշինյանն ընկալում, այլ կարեւոր է, թե ինչպես է ընկալում Ադրբեջանը։ Ադրբեջանի համար կոնֆլիկտը կա, որովհետեւ, ըստ իրենց, այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանը» «զավթված» է հայերի կողմից։ Լսեք Ալիեւի վերջին հայտարարությունները։

-Ճի՞շտ եք համարում, որ Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային դատական հայցերից։

-Այս հարցին զգուշավորությամբ եմ վերաբերվում, որովհետեւ պաշտոնական Երեւանի հայտարարությունները, որ մենք «օկուպացրել ենք տարածքներ», Ադրբեջանի համար հիանալի հիմքեր են ստեղծում՝ այդ դատերը շահելու։ Իրենք միլիարդանոց հայցեր են պատրաստում Հայաստանի դեմ։ Եվ եթե մենք ի մի բերենք Փաշինյանի հայտարարությունները, ինքը բոլոր դեպքերում հայտարարում է, որ Հայաստանն «ագրեսոր» է եղել, «զավթել է ադրբեջանական հողերը», եւ Ադրբեջանը բոլոր իրավական հիմքերը ստանում է՝ պահանջելու հատուցում։ Այն դեպքում, երբ չի խոսվում Ադրբեջանի ոճրագործությունների մասին՝ սկսած Սումգայիթի ու Բաքվի դեպքերից։ Ուստի, ստեղծված իրավիճակում ես տեսնում եմ հիմքեր, որ Ադրբեջանը, հենվելով պաշտոնական Երեւանի հայտարարությունների վրա, կարող է այդ դատերը շահել։

-Այդ դեպքում ինչո՞ւ է հենց Ադրբեջանն առաջ քաշում հայցերը հետ կանչելու հարցը, եթե վտանգ չի տեսնում Հայաստանի հայցերի մեջ։

-Ադրբեջանում ավելի խելոք մարդիկ կան, որոնք հասկանում են, որ այսօր Փաշինյանը կա, վաղը չի լինի, եւ կարող է ավելի գրագետ մարդիկ գան եւ այն հիմքերը հանեն, որոնցով հենց Ադրբեջանը պետք է հռչակվի ագրեսոր, իսկ Արցախի ազատագրումը պետք է համարվի որպես ինքնապաշտպանության դրսեւորում։ Դրա իրավական հիմքերը կան, այլ հարց, որ Փաշինյանն այդ հիմքերից հրաժարվել է եւ որեւէ իրավական հիմքեր չունեցող Ալմա-Աթայի հռչակագիրն է թափահարում։ Բաքվում գոնե երկու քայլ առաջ են մտածում՝ ի տարբերություն երեւանյան պաշտոնյաների։

-Այսինքն՝ Արցախը վերադարձնելու իրավական հիմքերը կա՞ն։

-Հիանալի հիմքեր կան, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը եղել է ի պատասխան Ադրբեջանի ցեղասպանության։ Եվ այդ հիմքերն անգամ կան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, այնտեղ հստակ գրված է՝ անջատում եւ անկախացում՝ հանուն փրկության։ Այսինքն՝ այնտեղ կար ցեղասպանության վտանգ։ Հեռու պետք չէ գնալ, հենց ՔՊ-ի նախընտրական ծրագիրը կարդացեք։ Եվ 2023 թվականի դեպքերն ապացուցեին, որ այդ ամենը ոչ թե մտացածին մտավախություններ էին, այլ իրականություն, որովհետեւ իրականում իրականացվեց այդ ցեղասպանությունն ու էթնիկ զտումը, եւ Արցախը հայաթափվեց։ Այսինքն՝ այդ հիմքերն ապացուցվեին ամենադաժան ու իրական ձեւով։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031