Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր ավագանու նիստին հայտարարել է, որ հրաժարվում է իր ծառայողական՝ 2022 թվականին արտադրված «Հունդայի» մակնիշի մեքենայից։
Համայնքապետը աշխատակազմի քարտուղար Սուրեն Աբրահամյանին հանձնարարել է բացառությամբ 1-2 մեքենայի, մնացածը օրենքով սահմանված կարգով հավաքագրել ու կազմակերպել օտարումը։
«Հաշվի առնելով նախորդ օրը կառավարության նիստին վարչապետի հնչեցրած ուղերձը՝ ծառայողական մեքենաների մասին ու նաև այն փաստը, որ մեր աշխատանքը միտված է ազգաբնակչության բարեկեցությանը և առաջնահերթն ազգային շահն է, այս պահից հայտարարում եմ, որ հրաժարվում եմ ինձ սպասարկող ծառայողական մեքենայից։
Մնացած ծառայողական մեքենաները օրենքով սահմանված կարգով թող հավաքագրվեն ավտոկայանատեղիում՝ բացառությամբ մեկ կամ երկու մեքենայի։ Եթե հիմնավորվի, որ պահանջ կա աշխատակազմին սպասարկելու, թող սպասարկեն կամ այլ դեպքում այլ ծառայությունից կօգտվենք և օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպենք օտարումը», -ասել է Զավեն Մանուկյանը։
Կարդացեք նաև
Ավագանու անկախ անդամներից մեկը՝ Արտաշես Դրմեյանը հարց է հնչեցրել՝ որքանո՞վ է իրատեսական, որ համայնքի ղեկավարը կամ վարչական ղեկավարը ծառայողական մեքենա չունենա։
Զավեն Մանուկյանը հարցին հարցով է պատասխանել․ «Բոլոր վարչական ղեկավարներն ունե՞ն ծառայողական մեքենաներ, ասացի արդեն՝ անհրաժեշտության դեպքում կօգտվենք այլ ծառայությունից»։
Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ուժի մեջ է մնում ծառայողական մեքենաները կրճատելու որոշումը։
Ըստ կառավարության ղեկավարի, այն պետք է բոլոր համայնքներում առանց բացառության կիրառվի, իսկ այդ ճանապարհով չգնացող համայնքապետերի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի սահմանափակումներ կլինեն։
«Իհարկե, այն համայնքները, որտեղ չեն ուզենա այդ սկզբունքը կիրառել, համապատասխան հետևանքներ կլինեն, այսինքն՝ ծրագրերի և այլ ծրագրերի սահմանափակումներ կլինեն: Այդ պարագայում թող համայնքների ղեկավարները իրենց համայնքների բնակիչների հետ պարզաբանեն հարցը՝ ո՞րն է ավելի մեծ և կարևոր առաջնահերթություն»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ