Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե երեխան ասում է՝ համաձայնել եմ սեռական հարաբերություն ունենալ, դա չպետք է ընդունել՝ որպես բացարձակ ճշմարտություն»․ Դավիթ Թումասյան

Դեկտեմբեր 20,2024 14:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Երբ որևէ դատարան, քննիչ կիրառում է երեխայի՝ լսված լինելու իրավունքը, դա չպետք է որպես բացարձակ իրականություն դիտարկի, այլ դիտարկի երեխայի շահից ելնելով և այդ համատեքստում դիտարկի՝ արդյոք երեխային պե՞տք է լսել, թե՞ ոչ»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված «Նոր օրենսդրական միջոցներ՝ ընդդեմ երեխաների սեռական բռնության և շահագործման» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը։

Նա որպես օրինակ նշեց՝ եթե փոքր երեխան ասում է՝ չեմ ուզում ապուր ուտել, միայն կոնֆետ կուտեմ, որևէ ծնող չի համաձայնում դրան ու շարունակեց․ «Եթե երեխան ասում է՝ ես համաձայնել եմ սեռական հարաբերություն ունենալ, դա բացարձակապես չի նշանակում, որ իր համաձայնությունը կշռադատված, ամբողջական ու գիտակցված է և պետք է ընդունել՝ որպես բացարձակ ճշմարտություն՝ անտեսելով երեխայի լավագույն շահը»։

ՀՀ ներքին գործերի նախարարությունը մշակել և e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելու լրացուցիչ երաշխիքներ ստեղծելն է, այդ թվում՝ երեխաների նկատմամբ ոտնձգություն կատարող անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու պրակտիկայի բացառման համար լրացուցիչ օրենսդրական հիմքեր ստեղծելով:

Դավիթ Թումասյանը փաստեց՝ ՀՀ օրենսդրությունը նախատեսում է, որ մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում․ նրանց հետ չափահասի կողմից ցանկացած սեռական գործողություն դիտվում է որպես անթույլատրելի։ Ինչքան էլ մինչև 16 տարեկան երեխան համաձայնություն է հայտնում, այն չի կարող ընկալվել որպես որևէ պատասխանատվությունից ազատվելու հիմք։ Իրավակիրառ պրակտիկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ 14-16 տարեկան երեխաների նկատմամբ հանցանք կատարած անձինք ազատվել են քրեական պատասխանատվությունից՝ զղջալու կամ անչափահաս տուժողի հետ հաշտվելու հիմքով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031