«Վերջին տարիներին դատաքննչական պրակտիկայում առաջացել են որոշ խնդիրներ երեխաների իրավունքների պաշտպանության առումով։ Հատկապես այս առումով մեր ուշադրության կենտրոնում հայտնվել են 14-16 տարեկան երեխաները։ Ունեցել ենք դեպքեր, երբ 14-16 տարեկան երեխայի նկատմամբ կատարված սեռական ոտնձգության պարագայում հաշտության հիմքով հանցանք կատարած անձն ազատվել է քրեական պատասխանատվությունից»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված «Նոր օրենսդրական միջոցներ՝ ընդդեմ երեխաների սեռական բռնության և շահագործման» թեմայով քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ներքին գործերի նախարարության Իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը։
Նա փաստեց՝ 14-16 տարեկան երեխաներն իրենց սոցիալական զարգացման մակարդակով, ֆիզիկական հատկություններով, մտավոր ունակությունների բերումով սահմանափակ գործունակ են, և հաշտության պարագայում, երբ մենք հիմքում դնում ենք քրեական պատասխանատվությունից ազատվելը, պետք է առկա լինի լիարժեք գիտակցված, ինքնուրույն կամահայտնություն, որն այս պարագայում անգամ 14-16 տարեկան երեխաների պարագայում չի կարող լինել․ «Երեխայի կամահայտնությունից կախվածության մեջ չպետք է դրվի հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվությունից ազատելը։ Անգամ այն իրավիճակներում, երբ դեպքն ունի ընտանեկան բռնության հատկանիշներ, բայց նաև այլ բաղադրիչներ կան, դատաքննչական պրակտիկան գնացել է այն ուղղությամբ, որ փոխանակ շեշտադրում կատարվի ընտանեկան բռնության վրա, շեշտադրում է կատարվում այլ հանգամանքի վրա, և փաստացի հաշտության հիմքով հանցանք կատարած անձը ազատվել է քրեական պատասխանատվությունից»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի