Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ց պիտի նեղանամ․ կյանքն առջևում է»․ Շիրակի հեռացող մարզպետն՝ իր պաշտոնանկության ու նոր աշխատանքի անցնելու մասին

Դեկտեմբեր 20,2024 13:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ուժային կառույցների ղեկավարներին, համայնքների վարչական ղեկավարներին, բուժհաստատությունների տնօրեններին, մարզպետի աշխատակազմին, ԱԺ շիրակցի պատգամավորներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանին։

Նա շնորհակալություն հայտնեց հեռացող մարզպետ Մուշեղ Մուրադյանին՝ շուրջ երկու տարվա ընթացքում կատարած մեծ ծավալի աշխատանքի համար։

 

Լրագրողները Մուշեղ Մուրադյանից հետաքրքրվեցին, թե ո՞րն էր պատճառը հեռանալու, կառավարության նիստից առաջ իրոք չգիտե՞ր, որ պաշտոնանկ է լինելու․ ինչո՞ւ հայտարարեց, որ ազատման դիմում չի ներկայացրել, սակայն վարչապետը կառավարության նիստի ժամանակ նշեց, որ Մուշեղ Մուրադյանն ազատվում է սեփական դիմում համաձայն։

«Այստեղ հարցը ոչ պաշտոնանկ լինելն է, այլ թիմային վերադասավորումներ են, և ես այդ ժամանակ որոշել եմ դիմում ներկայացնել աշխատանքից ազատման, ինչը բնական, նորմալ երևույթ է»,-ասաց Մուշեղ Մուրադյանը։

«Իսկ ՍՄՍ ստացե՞լ էր վարչապետից» հարցին Մուշեղ Մուրադյանը պատասխանեց․ «Ոչ, հարգելիներս, եթե նման բան լիներ, ես ձեզ հաստատ կասեի»։

Aravot.am-ի այն հարցին, թե պաշտոնանկ լինելու պատճառը արդյո՞ք Վահրամաբերդի դպրոցի դասասենյակներից մեկը գեներալի անունով կոչելը չէ՞ր, որի համար նկատողություն ստացավ վարչապետ Փաշինյանից, Մուշեղ Մուրադյանն այսպես պատասխանեց․ «Նկատողությունն ամենևին կապ չուներ, տեսեք նկատողություն ստացել եմ, նկատողություն հայտարարել է իմ ղեկավարը։ Ցանկացած մարմին, ցանկացած կազմակերպության ղեկավար իր աշխատակցին և՛ խրախուսում է և՛ նկատողություն է տալիս, դա աշխատանքային բնականոն գործընթաց է»։

Մուշեղ Մուրադյանն ասաց, որ նեղացած չէ թիմից, Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրություններում միանշանակ սատարելու է ՔՊ թեկնածուին։

«Ինչի՞ց պիտի նեղանամ, կյանքն առջևում է, Շիրակի մարզը վերջին տարիներին մարզպետներ շատ է ունեցել, բայց և այնպես, ինչպես գիտեք, ես երկու տարի եմ պաշտոնավարել, պաշտոնավարել եմ ծանր ու բարդ ժամանակահատվածում։

Համայնքներում ունեցել ենք այլ քաղաքական հաջողություններ, բոլորդ շատ լավ գիտեք, որ մենք Անիում ընտրություններին ինչպիսի հաղթանակ ենք ունեցել, Ախուրյանում ինչպես ենք կարողացել այսպես ասեմ՝ իշխանության գալ։ Այդ ամբողջը տարված աշխատանք է և վստահ եմ, որ մեր հարգարժան պարոն Առուշանյանը կշարունակի նույն կերպ և մեր թիմն ավելի ուժեղ կլինի մեր մարզում»։

Թե ինչ աշխատանքի կանցնի Մուշեղ Մուրադյանը, նա այս պահին չցանկացավ ասել, թեև նշեց, որ առաջարկ ունի։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031