Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում այսօր շարունակվեց Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստը։
Երբ նիստը նախագահող դատավոր Վարդան Հարությունյանը հայտնեց, որ պաշտպաններից Սարգսյանը ներկայացրել է առողջական խնդիրների մասին տեղեկանք, որով հայտնում է, թե բուժման մեջ է ու չի կարող ներկայանալ, տուժողների ներկայացուցիչները վրդովվեցին: Նրանք հետաքրքրվեցին նիստը նախագահողից, թե փաստաբան Սարգսյանից հետո ներգրավված մյուս պաշտպանն ո՞ւր է, ինչու չի ներկայացել:
Զոհված զինվորների ծնողները դժգոհում էին, որ ամեն անգամ մի պատճառով նիստերը ձգձգվում են: Նիստը նախագահողը պարզաբանեց, որ հանրային պաշտպան է Սարգսյանի փոխարեն ներգրավել: Այսօր պետք է շարունակվեր գործով վկա Ռադիկ Մարտիրոսյանի հարցաքննությունը, սակայն նա էլ այսօր չի ներկայացել:
Նիստը նախագահող Հարությունյանը ընդմիջում հայտարարե՝ց մինչեւ վկան ներկայանա: Տուժողների հարազատները կրկին դժգոհեցին՝ ինչու նիստը պետք է հետաձգվի՝ պնդելով, որ անհայտ է՝ երբ կբարեհաճի այդ վկան ներկայանալ նիստին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ