Հայաստանի աշխատանքային ռեսուրսների 15%-ը (339 000 մարդ) թերօգտագործված է: Աշխատուժի զգալի մասն անմրցունակ է եւ չունի գիտելիքներ, փափուկ ու մասնագիտական հմտություններ, որոնք անհրաժեշտ են ժամանակակից աշխատաշուկայի կարիքները բավարարելու համար: Այս խնդիրները լուծելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել եւ e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրել Զբաղվածության 2025-2031 թթ․ ռազմավարական ծրագիրը։
«Այս փաստաթուղթն ավելի գլոբալ խնդրի կարգավորման, այն եւ առաջարկի, եւ պահանջարկի վերաբերյալ տարբեր միջոցառումների է վերաբերվում: Բավականին երկար ուսումնասիրություններ են իրականացվել, թիրախային խմբեր ընտրվել: Այս պահի դրությամբ ունենք 4 թիրախային խումբ: Մյուս տարվա համար նախատեսում ենք ավելացնել նաեւ 5-րդ թիրախային խումբը՝ խոսքը վերաբերվում է հաշմանդամություն ունեցող անձանց»,-Մեդիա կենտրոնում կայացած՝ «Ի՞նչ է խոստանում զբաղվածության նոր ռազմավարությունը, ինչպե՞ս է այն պայքարելու գործազրկության դեմ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:
«Փաստաթուղթն իսկապես շատ ծավալուն աշխատանք է, մանրակրկիտ վերլուծություններ են արված, սակայն չեմ կարող համաձայնել, որ սա ֆունդամենտալ փաստաթուղթ է, որովհետեւ այն ավելի շատ հետեւանքներ վերացնող տրամաբանություն ունի: Ռազմավարական նպատակներից մեկը դրված է 18-25 տարեկանների համար, ինչը շատ ուշ է: Աշխատանքի զբաղվածությունը չի ենթադրում ուղղակի մեխանիկական հաստիքների, տեղերի ստեղծում, եւ այս մարդկանց այդ տեղերում տեղավորում: Սա չռազմավարություն է: Ռազմավարությունը մեր կարծիքով պետք է ստեղծվի մարդկանց՝ աշխատանքի նկատմամբ մոտեցման ձեւավորման վրա ազդեցություն գործելուց»,-նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը:
Կարդացեք նաև
Խոսելով կանանց զբաղվածության մասին՝ նա հավելեց. «Աշխատաշուկայի որակն ուղղակիորեն կախված է կրթության որակից, բայց այստեղ մենք չենք տեսնում ֆորմալ կրթության բաղադրիչը, սա հենված է ոչ ֆորմալ կրթության վրա: Եթե սա լիներ ոչ պետական մակարդակի ինչ-որ ծրագիր, ես կհամաձայնեի, բայց ինչպես կարելի է պետական մակարդակով ռազմավարական ծրագիր անել եւ ֆորմալ կրթությունը բաց թողնել: Պարոն Սարգսյանի հետ քննարկում էինք հարցը, ինքն ասաց՝ հետո սինխրոնիզացում կանենք, բայց սա սինխրոնիզացիայի խնդիր չէ: Ի սկզբանե պետք է ֆունդամենտալ ֆորմալ կրթությունը ներառվի այս գործընթացում»:
Ի թիվս այլնի՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահն ընդգծեց, որ տղաների զբաղվածությունն ավելի լուրջ խնդիր է, քան կանանցը: Ապա անդրադարձավ կրթության համակարգին. «Դասարաններում 25 հոգուց եթե 12-ը տղա է, կարող է մեկ լավ սովորող տղա լինի: Համաձայն եք չէ՞, որ կրթության որակից հետո կորոշվի աշխատաշուկայում իրենց դրսեւորման որակը: Եվ արդյոք մենք այս գործընթացում ունե՞նք թեկուզ առաջին դասարանից երեխաների ուղեղի վրա դրական ազդեցության գործիքներ: Տղաների մոտ սովորելը մի տեսակ ասոցացվում է ոչ տղամարդկային վարքագծի հետ… Սա այսօր սարսափելի լուրջ խնդիր է կրթօջախներում»: Վահագն Համբարձումյանը կարծում է, որ նախ նման խնդիրները պետք է խորքային լուծվեն:
Մանրամասն՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի