Մեր տեղեկություններով, «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը գործունեության 33 տարիների ընթացքում շուրջ 1000 անուն գիրք ֆինանսավորելուց, 3500- ը հրատարակելուց հետո, հիմա էլ անցել է հետազոտության, թե ինչով է պայմանավորված ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) հասանելիությունը: Մեզ հետ զրույցում պարոն Մարտիրոսյանը հաստատելով ասվածը՝ մանրամասնեց. «Կայուն զարգացման նպատակները հասանելի դարձնելը, կարճ ասած, մեր երազած Հայաստանը տեսնելն է: Այստեղ կա և աղքատության վերացման փաստը, և երկրագնդի էկոպահպանումը հաջորդ սերունդների համար, և սոցիալական արդարության հասնելը, և իրական կրթություն ստանալը և այլն: Աշխարհում կան ԿԶՆ բազմաթիվ հետազոտություններ, որոնց համաձայն՝ վերջինս կապված է հոլանդացի սոցիոլոգ Հոֆստեդեի, այսպես կոչված, պատկերների հետ, որոնց բաղադրիչներն են իշխանության հեռադրությունը, անհատականությունը, առնականությունը, անորոշություններից խուսափումը, երկարաժամկետ կողմնորոշումը և հանդուրժողականությունը»:
Խնդրանքին ի պատասխան, բերել մեկ-երկու օրինակ, մեր զրուցակիցը հայտնեց. «Կան բազմաթիվ հետազոտություններ, ըստ որոնց՝ ինչքան մոտ է ու հասանելի իշխանությունը հանրությանը, այդքան համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) մեկ շնչին կտրվածքով ավելի բարձր է: Մյուսը` որքան հանրությունը ունակ է հեռու բաների մասին մտածել, ՀՆԱ-ի մեկ շնչին ցուցանիշը բարձր է: Երրորդը` որքան հանրությունն ազատ է անհատի խղճի ազատության հանդեպ (քաղաքական կողմնորոշում, կրոնի ընտրություն, սեռական կողմնորոշում և այլն), այնքան ՀՆԱ մեկ շնչին ցուցանիշը բարձր է…»:
Շարունակեց. «Կան բազմաթիվ հետազոտություններ էլ, որոնք ասում են, թե ինչ կոգնիտիվ կարողություններ պիտի ունենա հասարակության մեծամասնությունը, որ Հոֆստեդեի պատկերները լինեն ցանկալի: Օրինակ, անհատը պետք է ունենա կանխատեսման ունակություն, տրամաբանական մտածողություն, էմպատիա, քննադատական մտածողություն և այլն: Թվարկածները մեր մտածողության 12 կոգնիտիվ կարողություններից մի քանիսն են»:
Կարդացեք նաև
Ձեր կարծիքով՝ նոր հեծանի՞վ եք հորինում, կեսկատակ-կեսլուրջ հարցին հնչեց հետևյալ պատասխանը. «Իհարկե, ոչ: Էս հեծանիվը գիտնականները վաղուց են հորինել, պարզապես` Հայաստանի հեծանիվի ակը ծակ է, շղթան յուղած չէ, ղեկը ծուռ է… Եվ ի վերջո, մենք կապեցինք կոգնիտիվ կարողություններ ունենալը` գիրք կարդալու հետ»: Ռեպլիկին` և ինչ գրքեր, պարոն Մարտիրոսյանն արձագանքեց. «Քննադատական մտածողությունը զարգացնելու համար պետք է կարդալ գիտական հոդվածներ և հետազոտություններ, փիլիսոփայական տեքստեր, վերլուծական հոդվածներ, բանավեճեր ու փաստարկված էսսեներ և մեկ խնդրի վերաբերյալ հակադիր տեսակետներ պարունակող նյութեր: Փաստորեն, մենք ասում ենք՝ ինչ պիտի կարդաս, որ ունենաս 12 կոգնիտիվ կարողություններ, որոնց շնորհիվ ՀՆԱ-ի ցանկալի պատկերները, որի հետևանքով ԿԶՆ կդառնա իրողություն»:
Նա հավաստիացրեց, որ ընթերցանությունն իհարկե, հիմնական կոգնիտիվ կարողություններ զարգացնող մեթոդն է, բայց դրան նպաստում է նաև կերպարվեստը, երաժշտությունը, ֆիլմերը և խելացի մարդկանց հետ զրույցները: Հետո էլ շեշտեց իր խոսքով` բայց այստեղ կա մի բայց` ամեն հաջորդ անգամ անհրաժեշտ է լսել ավելի բարդ երաժշտություն, ուսումնասիրել ավելի բարդ կտավ, խոսել ավելի խելացի մարդու հետ: Այս միտքն էլ ավելի պատկերավոր ներկայացնելու համար բերեց հետևյալ օրինակը. «Տեսեք, ամեն անգամ երբ մարզում ենք մեր մկանները, օրինակ թևի, գնալով ավելացնում ենք համրերի (գանտելների) քաշը»:
Իսկ թե, իրենց ուսումնասիրությունը տարիքային որ խմբին է վերաբերում, ստացանք հակիրճ պատասխան` ամեն տարիքային խմբին, սկսած 6 ամսականից: Հետաքրքրությանն ի պատասխան` 6 ամսականին ի՞նչ գիրք է խորհուրդ տրվում կարդալ, պարոն Մարտիրոսյանը հետևյալ օրինակը բերեց. «Շվեդիայում գրադարանավարը այցելում է 6 ամսական բալիկին ու տալիս է «ձայներով» գիրք, մայրիկին ու հայրիկին էլ սովորեցնում է, թե ոնց պիտի կարդալ բալիկի համար, ոնց պիտի զբաղվել նրա հետ, բալիկի ինչ ռեակցիաների վրա պիտի ուշադրություն դարձնել, որ երկու շաբաթ անց, ինքը` գրադարանավարը որոշի, թե հաջորդ գիրքը որը պիտի լինի»:
Հարցին, մինչ ձեր նման ուսումնասիրությունները՝ ոչ մեկի մտքով չի՞ անցել նման խնդիրներ առաջարկել, Մարտիրոսյանը պատասխանեց. «Իհարկե, անցել է: Ես ինքս թե Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին տարվա պաշտոնյաներից ոմանց առաջարկել եմ, բայց իշխանությունները չեն ուզում գնալ երկար ճանապարհով, ուզում են ունենալ խնդրի արագ լուծումներ: Բայց սա հանրության վարքագիծը, մշակույթը փոխելու մասին է: Ու սա ժամանակ է պահանջում, օրինակ` ոնց փոխես մշակույթը, որ ասենք քյավառցիները երեխայի սեռով պայմանավորված աբորտների քանակով, չգրավեն աշխարհում առաջին տեղը… ոնց անենք, որ մենք մեր հարազատներին սիրենք կյանքի օրոք, այլ ոչ նրանց հեռանալուն պես մեծ գերեզմաններ սարքենք, ոնց անենք, որ մեր փողոցներով քոքած ռաբիսով` բաց պատուհաններով մեքենաներ չանցնեն…»:
Հարցին, թե հիմա հույս կա՞, որ իրենց կլսեն, Արմեն Մարտիրոսյանը վստահ պատասխանեց. «Ստիպված են: Մշակութային վատ տարրերի հետևանքով ամեն տարի չի ծնվում մեր ապագա բանակի զինվորների 16,8 %-ը, քանի որ հենց 16,8% կանայք բալիկ չեն ունենում, ինչը հետևանք է մշակույթի վարքագծի: Գաղտնիք չէ` խուսափում ենք բժշկի դիմել, աբորտների մի մասը ընդհատակյա է արվում, չամուսնացած կնոջ հղիությանը լավ չենք նայում… ի վերջո սեռով պայմանավորված աբորտներով սպանում ենք ապագա մայրերին… Կամ ոնց եղավ, որ մեր «Երազ»-ը չքշվող մեքենա էր, իսկ «Երազանք»-ը աման լվանալու միջոց և այլն և այլն»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Մնում է հասկանալ, թե այդ ինչ գիտական հոդվածներ, հետազոտություններ և հատկապես փիլիսոփայական տեքստեր կարդալուց հետո է մարդու քննադատական մտածողությունը Որոտանից բռնի դուրս հանվող, սեփականությունից զրկվող հայերի մասին ասում ա.
«Մտել են այլ պետութան տարածք, 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել: Հիմա տարածքի տերն ասում է՝ գնացեք: Ասում են՝ [նոյեմբերի 9-ի] հայտարարության մեջ դրա մասին բան գրած չկա: Է՞ս է ձեր մակարդակը: Ես որ գամ ձեր տանը իմ գրասեղանը դնեմ ու եթե ասեք՝ գնա, պատասխանեմ, որ հայտարարության մեջ կետ չկա ձեր բնակարանի մասին, լավ կլինի՞»:
Հասկացա, Արմեն Մարիտիրոսյանի կրթությունն ու քննադատական մտածողությունը վնաս է իմ անվտանգությանը:
Եվ հակառակը, կան ընկերներ, որոնք առանց գիտական հոդված կարդալու սահմաններում պաշտպանում են ինձ ու իրենց և անգամ քննադատական մտածողություն ունեցող Մարտիրոսյանին, որ «Տերը» չմտնի խլի իրանից իրա հրատակչությունը, գրասեղանը դնի իրա օֆիսում ու մի հատ էլ հայտարարություն անի դրա մասին: