Լրահոս
Օրվա լրահոսը

Թվային խուզարկությունից «օգտվեցին» կուսակցական «խուզարկուները»

Դեկտեմբեր 20,2024 12:30

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյան-ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյան գործով վարույթի շրջանակներում պատգամավորի հեռախոսը քննիչի մոտ էր եղել, ապա դրա մասնավոր, անձնական բովանդակությանը ծանոթացել էին ՔՊ-ական պատգամավորներից շատերը, ովքեր հրապարակային «հետաքննություն», «նախաքննություն» սկսեցին՝ հղում կատարելով իրենց կուսակցի հեռախոսային մասնավոր խոսակցություններին, որի իրավունքը չունեին: Հովիկ Աղազարյանի հետ կատարվածը կարող էր կատարվել մեզանից յուրաքանչյուրի հետ:

Քննիչի մոտից որոշակի տվյալներ են հասու դարձել ինչ-որ անձանց, որոնք գոնե մասնավոր խուզարկու, քննիչ, ընթերակա, վարույթ իրականացնող մարմին չէին, ապա դրանք շրջանառել, առանց հարգելու «Մինչեւ դատական ակտը մարդն անմեղ է» սկզբունքը:

Վճռաբեկ դատարանը 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԴ/0926/08/22 որոշմամբ իրավական դիրքորոշում ձեւավորեց, մասնավորապես, սահմանելով հետեւյալը. «Բոլոր այն դեպքերում, եթե քննչական գործողության իրականացման ընթացքում (օրինակ՝ այլ առարկա որոնելու նպատակով խուզարկության ընթացքում հայտնաբերվել եւ վերցվել է բջջային հեռախոս), դրանցում պարունակվող թվային տվյալների որոնումը կարող է կատարվել բացառապես այդ նպատակով ստացված դատարանի որոշման հիման վրա»։

Օրեր առաջ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ԱԺ քպ-ական նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը հայտնել էր, որ Աղազարյանի հեռախոսը թվային խուզարկության է ենթարկվել՝ դատարանի որոշման հիման վրա՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման եւ վկայի կարգավիճակ ունենալու պայմաններում (լուսանկարում):

2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքը: Օրենքի 236 հոդվածով («Թվային խուզարկությունը») սահմանվեց. «1. Թվային խուզարկությունը էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների որոնումն է:

  1. Վարույթի համար նշանակություն ունեցող տվյալները վերցվում են այլ կրիչի վրա պատճենելու եղանակով՝ ապահովելով այդ տվյալների եւ դրանցից կատարված պատճենների ամբողջականությունը:
  2. Բացի խուզարկության որոշման մեջ նշվածից, քննիչը վերցնում է նաեւ խուզարկության ընթացքում հայտնաբերված այն բոլոր տվյալները, որոնք, անկախ տվյալ վարույթին դրանց առնչությունից, իրենց բնույթով կամ բովանդակությամբ կարող են կապված լինել այդ կամ մեկ այլ ենթադրյալ հանցագործության հետ»:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (2021 թվականի հունիսի 30-ին ընդունված-Ռ.Մ.) 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացվեց հետեւյալ բովանդակությամբ 61-63-րդ կետերով. «61) բաժանորդային տվյալներ՝ ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի միջոցով հաղորդակցվողների հեռախոսահամարները, հեռախոսահամարի բաժանորդի անհատական տվյալները, համացանցն օգտագործողի կամ բաժանորդի նույնականացման տվյալները, հաղորդակցման ընթացքում օգտագործվող սարքավորումների նույնականացման համարը, հեռախոսահամարը, որով նա միանում է ընդհանուր օգտագործման հեռախոսացանցին, համացանցային հեռախոսազանգն ստացողի անհատականացման տվյալները.

62) փոխանցվող տվյալներ՝ ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում` բաժանորդի եւ օգտագործողի մուտքային եւ ելքային զանգերը (հաղորդագրությունները), հեռախոսային հաղորդակցությունն սկսելու եւ ավարտելու ժամանակը, հեռախոսային հաղորդակցությունն սկսելու պահին եւ դրա ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը եւ նրանց տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տվյալները, համացանցային հաղորդակցության, այդ թվում` համացանցային հեռախոսային հաղորդակցության եւ համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում՝ համացանցային հեռախոսազանգերի մուտքային եւ ելքային զանգերը, համացանցին միանալու եւ համացանցից դուրս գալու վայրը, ժամանակը, տեւողությունը, տեղաշարժը, համացանցային հասցեն, ներառյալ ինտերնետ պրոտոկոլի (IP) հասցեն պարզելու համար անհրաժեշտ տվյալները.

63) բովանդակային տվյալներ՝ ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում` հեռախոսային խոսակցության, տեքստային, պատկերային, ձայնային, տեսաձայնային եւ այլ հաղորդագրության բովանդակությունը, հեռախոսազանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում՝ այն հեռախոսահամարը, որին փոխանցվել է հեռախոսազանգը, համացանցային հաղորդակցության, այդ թվում` համացանցային հեռախոսային հաղորդակցության եւ համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում՝ հաղորդակցության բովանդակությունը»:

Իսկ 209-րդ հոդվածի 4-րդ մասը լրացվեց հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով. «Հսկող դատախազի կողմից հաստատված քննիչի որոշմամբ կարող են պահանջվել նաեւ բաժանորդային տվյալները», «3.1. Բացառապես դատարանի որոշմամբ կարող են պահանջվել փոխանցվող տվյալները», 4-րդ կետը լրացվեց հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով. «Ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում` բաժանորդի եւ օգտագործողի մուտքային եւ ելքային զանգերը (հաղորդագրությունները), հեռախոսային հաղորդակցությունն սկսելու եւ ավարտելու ժամանակը, համացանցային հաղորդակցության, այդ թվում` համացանցային հեռախոսային հաղորդակցության եւ համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում՝ համացանցային հեռախոսազանգերի մուտքային եւ ելքային զանգերը կարող են պահանջվել, եթե համապատասխան տվյալները վերաբերում են»:

Պարզ է, որ արդեն իսկ խոսվում էր «Թվային խուզարկության» մասին, որը ինքնուրույն քննչական նոր գործողություն է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի համաձայն:

Համակարգչային, էլեկտրոնային եղանակով ձեռք բերված տվյալների, տեղեկությունների, դրանց ձեռքբերման թույլատրելիության, պաշտպանության մասին կարող ենք իրազեկվել նաեւ Կիբերհանցագործության մասին զեկույցներում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 209 հոդվածի համաձայն՝ քննչական գործողություն կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ դրա արդյունքում կարող է ձեռք բերվել տվյալ վարույթի համար նշանակություն ունեցող ապացույց: Բացառապես քննիչի որոշման հիման վրա է կատարվում թվային խուզարկություն, անձնական խուզարկություն…

Նկատենք, որ Ռուսաստանի Դաշնության քրեական դատավարության օրենքի 164.1 հոդվածի 2-րդ կետի համաձայն. «Էլեկտրոնային տեղեկատվության կրիչները առգրավվում են մասնագետի, համակարգչային փորձագետների պարտադիր մասնակցության պարագայում»: Այսինքն, համակարգչային տվյալները, տեղեկությունները ապացույցներ են, որոնք սխալ միջամտության, օրինակ, մուտքագրման, ծրագրից սխալ օգտվելու դեպքերում, կարող են վնասվել, անհետանալ, ջնջվել, եւ օրենսդիրը հատուկ՝ թվային գիտելիքներով օժտված մարդկանց մասնակցության պարտադիրության հարցն է կարեւորել. «Բնօրինակ թվային ապացույցի հետ աշխատելու թույլտվություն ունեցող անձը պետք է ունենա համապատասխան պատրաստվածություն»:

Ի դեպ, Արցախի Հանրապետության «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային ստորագրության մասին» օրենքի 2-րդ հոդվածում նույնպես սահմանված էր՝ Էլեկտրոնային կրիչների վրա պարունակվող թվային տեղեկատվության հետազոտման մասին՝ համապատասխան մասնագետի կողմից, որոշ դեպքերում վարույթն իրականացնող մարմնի կողմից ինքնուրույն էր նաեւ կատարվում, զննության էր ենթարկվում նյութական կրիչը, նշվում, թե քրեական գործի համար նշանակություն ունեցող ինչպիսի տվյալներ կան նշված փաստաթղթում, կցվում էին քրգործին, որպես «էլեկտրոնային ապացույց»…

Տեղեկացեմ, որ այս տարվա աղմկահարույց խուզարկություններից էր հունիսի կեսերին GG գրասեյակից 26 համակարգիչ առգրավելը, բովանդակությանը հասու դառնալը, հուլիսի վերջերին ՀՀ վերաքննիչ դատարանի «մակագրումների համակարգիչը» ԱԱԾ-ի կողմից վերցնելը, տեղեկություններին ծանոթանալը: Նախորդ տարիներից հիշենք, թե ինչպես էին փաստաբան Հայկ Ալումյանի էլեկտրոնային փոստը «կոտրել», փաստաբան Աշխեն Դաշչյանի եւ նրա վստահորդի հեռախոսային խոսակցությունների վերծանում էին կատարել, կցել դրանք քրեական գործին (ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի որոշում, «Փաստաբանների կապի եւ տեղեկատվական այլ միջոցների անվտանգությունը խախտող դեպքերի վերաբերյալ», 2020թ.):

Հրապարակման ընթացքում հիշեցի նաեւ 2022 թվականի օգոստոսի 2-ին Սահմանադրական դատարան մուտքագրված Զ. Ալիխանյանի անհատական դիմումից հետեւյալը. նա հայտնել էր, որ իր դեմ կայացրած մեղադրական դատավճռի հիմքում դրվել են իքս-հիմնարկի աշխատակիցների միջեւ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների արձանագրությունները, որոնք իրականացնելու վերաբերյալ դատարանի թույլտվությունների եւ գաղտնալսումների օրինականությունը դատական ստուգման չի ենթարկվել, որտեղ ենթադրյալ հանցագործությանն առնչություն ունեցող անձինք մեկ անգամ են հիշատակել իր՝ դիմողի անունն՝ իր պաշտոնական պարտականությունների իրականացման համատեքստում: Նա նաեւ նշել էր, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման երրորդ անձի կամ անձանց կողմից սեփական ընկալմամբ շարադրանքը դատավճռի հիմքում դնելը «համահունչ չեն հիմնական իրավունքների եւ ազատությունների իրականացման կազմակերպական անհրաժեշտ կառուցակարգերին»: Այս գործը դատարաններում հայտնի էր «13-ի գործ», ամբաստանյալներից մեկի ազգանունն էլ Աղազարյան էր…

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031