Հետաքրքրական է ուսումնասիրել, թե ինչ ուղերձներ էր Հայաստանի կառավարությունը հղում ամերիկահայ համայնքներին ԱՄՆ-ում ընտրությունների ամբողջ ընթացքում, իր տեղեկատվության եւ քարոզչության մեխանիզմներից մեկի` Հանրային հեռուստատեսային ընկերության (Հ1) միջոցով:
Հատուկ ուշադրության է արժանի դեսպան Լիլիթ Մակունցի ամենօրյա աշխատանքային գործունեությունը, որը պարունակում էր նախընտրական շրջանում ստույգ ուղերձներ հղել ամերիկահայերին: Սկսած 2022-ի նոյեմբերի 16-ից, երբ Թրամփը հայտարարեց իր թեկնածությունը նախագահական ընտրություններին, դեսպան Մակունցը Կապիտոլում Դեմոկրատների հետ հանդիպել է 20 անգամ, իսկ Հանրապետականների հետ` ընդամենը 8 անգամ: Հետաքրքրական է դեսպան Մակունցի մասնակցությունը երկու կուսակցությունների համագումարներին, որոնց հրավիրված էին նաեւ այլ պետությունների հավատարմագրված ներկայացուցիչներ: Իր գրառումներում դեսպանը բացի Հանրապետական կուսակցության համագումարին ներկա լինելու մասին լուրից, ոչինչ չէր նշել Հանրապետական ներկայացուցչիների հետ որեւէ հանդիպման մասին, մինչդեռ Դեմոկրատականների համագումարին մասնակցելու տեղեկությունից բացի նշել էր, որ դեպի Չիկագո (Իլինոյս) իր աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում էր ունեցել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, ապահովելու համար Հայ ազգային ասամբլեայի (ANA- որի անդամները բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են) պատվիրակության մասնակցությունը այդ համագումարին:
Հաշվի առնելով Մ. Նահանգներում ընտրությունների յուրահատուկ բնույթը, անհրաժեշտ էր կա՛մ միենւույն մակարդակի վրա մասնակցել երկու կուսակցությունների իրադարձություններին, կա՛մ էլ Դեմոկրատականների դեպքում հանրությանը ներկայացնել լուրը այնպես, որ հնարավոր չլիներ միակողմանիություն տեսնել:
Արժե անդրադառնալ այն հարցին, թե ինչպես էին երկու թեկնածուները ներկայացված ՀՀ պետական հեռուստատեսային ընկերության կողմից: Դիտարկենք մի քանի հարցազրույցներ:
Կարդացեք նաև
Մասնավորապես նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հյուրընկալեց «Ժողովրդավարության եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանին, որ խոսեց Մ. Նահանգների նախագահական ընտրությունների, մեր տարածաշրջանի համար նրանց կարեւորության եւ նախագահական թեկնածուների արտահայտությունների մասին: Հանրայինը հարցազրույցը ներկայացրեց «Բաց հարթակ» խորագրի ներքո: Ուղերձը այն էր, որ ընտրություն կատարելիս ամերիկահայերը պարտավոր են հաշվի առնել Հայաստանի շահերը: Հրավիրված հյուրը անդրադարձավ հատկապես հետեւյալ կետերին. մենք վճռորոշ պահեր ենք ապրում, եւ ամերիկահայերը պարտավոր են դա հասկանալ: Նա հույս հայտնեց, որ խոհեմ կլինեն եւ կքվեարկեն հօգուտ Հայաստանի Հանրապետության (իմա` Քամալա Հարրիսի): Նրանք չպետք է Հայաստանին մեղադրեն, եթե երկրում որեւէ խնդիր առաջանա, ասենք` ռազմական ագրեսիայի, կամ տնտեսական կոլապսի ձեւով: Թրամփը, ճիշտ է, վերջ է տալու Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին` ուժի իրավունքը հարգելու սկզբունքի հիման վրա, ինչը ազատ գործելու իրավունք է վերապահելու բոլորին, ներառյալ Ադրբեջանին: Հայաստանի պետականությունը այսօր գոյություն ունի շնորհիվ Մ. Նահանգների: «Սա փաստ է, անժխտելի փաստ»:
Իր հերթին կալիֆոռնիահայ ակտիվիստ Վիգեն Հովսեփյանը հյուրընկալվելով Պետրոս Ղազարյանին, Հանրային հեռուստատեսությամբ մասնավորապես ընդգծեց. ո՞վ է ասում, որ ամերիկահայերը պետք է քվեարկեն Թրամփի օգտին, եթե ցանկանում են, որ Մ. Նահանգները ի նպաստ Հայաստանի քաղաքականություն վարի: «Դա աբսուրդի ժանրից է», որակեց նա, ավելացնելով, որ անհրաժեշտ է հաշվի առնել այլ նկատառումներ եւս: Օրինակ այն, որ բիզնեսի առումներով Թրամփը շատ ավելի մոտիկ է ինչպես Ադրբեջանի հետ, այնպես էլ Թուրքիայի որոշ շրջանակների հետ: Ավելին, նա Ռուսաստանում ադրբեջանցի գործարարների հետ գործունեություն է ծավալել: Հայաստանի հետ Թրամփը ոչ մի լուրջ հարաբերություն չունի, որ կարելի լինի հակակշռել այս բոլորին:
Իսկ Հանրային ռադիոյին տված հարցազրույցում «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը հայտարարել է, որ Թրամփը անկանխատեսելի թեկնածու է, եւ ոչ ոք չգիտի, թե նա ինչ է անելու: «Հաճախ նա ինքն էլ չգիտի, թե ինչ է անելու: Նա անում է այն, ինչ այդ րոպեին իր միտքը թելադրում է»:
Պարզ է, որ Բայդենի նախագահության օրոք, Մ. Նահանգները շատ ակտիվ ներգրավվածություն ունեցավ Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ Հայաստանի հետ հարաբերություններում, եւ այո, Քամալա Հարրիսի քաղաքականությունը հավանաբար կշարունակեր այդ ուղեգիծը: Բայց որոշակի թեկնածու նախընտրելն ու հայկական համայնքին այդ թեկնածուի պաշտպանության օգտին քարոզչություն ծավալելը խելամիտ որոշում չէր մեր դիվանագիտության կողմից եւ ամենակարեւորը` բոլորովին չէր բխում Հայաստանի շահերից:
ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ
Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում