Սիրիայում կատարվող իրադարձություններն, անշուշտ, շատ բան կարող են փոխել ողջ տարածաշրջանի իրավիճակում, ինչպես եւ տարբեր համեմատությունների ու, որպես կենդանի դասագիրք, նաեւ հետեւությունների առիթ են տալիս: Իսկ հենց մեզ հետ առնչվող մի համեմատություն, կապված, նաեւ, այդ իրադարձություններում Թուրքիայի դերի հետ, արել է ռուսական «Կավկազսկի ուզել» կայքը, գրելով. «Փոքրիկ Արցախը չորս անգամ ավելի շատ դիմադրեց Էրդողանին (հավանաբար նկատի ունի 44-օրյա պատերազմը – Գ. Մ.), քան ամբողջ Սիրիան»: Չնայած, ինչպես ասվում է ի հավելումն, նրան էլ ոչ ոք թիկունք չկանգնեց: Հոդվածում նշվում է, թե Հայրենական մեծ պատերազմն ուսումնասիրող պատմաբանները հարց են տալիս՝ ինչո՞ւ Ստալինն այդքան հավատում էր Հիտլերի հետ կնքված չհարձակման պայմանագրին: Եվ եզրակացնում են՝ նա հավատում էր, որովհետեւ վախենում էր այդ հարձակումից ու այդպես հապաղում էր որոշում կայացնել: Դա ահռելի կորուստներ արժեցավ պատերազմի սկզբում:
Ռեժիմի փլուզումը 11 օրում. ինչո՞ւ Ասադի բանակն այդքան արագ փլուզվեց: Այս հարցին է մեկ այլ հոդվածում փորձել պատասխանել Բի-Բի-Սի-ն: Սիրիայում ապստամբների հարձակումն անսպասելի էր դիտորդների մեծ մասի համար, ասվում է հրապարակման մեջ: Սակայն ոչ պակաս անակնկալ էր կառավարական բանակի սրընթաց փլուզումը. զորքերը լքում էին իրենց բազաներն ու գցում զենքերը՝ չպաշտպանելով երկրում ավելի քան 50 տարի իշխող Ասադների ընտանիքի վարչակարգը:
Մինչ այս երկրում 2011 թ. սկսված քաղաքացիական պատերազմը, որում Ասադը դաշնակիցների՝ Ռուսաստանի, Իրանի եւ վերջինիս աջակցությունը վայելող մասնավորապես «Հըզբոլլահ» խմբավորման օգնությամբ հաղթեց, սիրիական բանակը համարվում էր արաբական երկրներում ամենահզորներից մեկը, նշվում է հրապարակման մեջ: Սակայն հետո այն բավական թուլացավ՝ կորցնելով կենդանի ուժի զգալի մասը. շատերը զոհվեցին մարտերում, ուրիշները դասալիք դարձան կամ անցան ընդդիմադիր խմբավորումների կողմը եւ այլն: Բանակի թուլացման գործում իրենց դերը խաղացին ցածր աշխատավարձերը՝ պայմանավորված երկրի աննպաստ տնտեսական իրավիճակով, դրա պատճառ դարձած նաեւ ամերիկյան պատժամիջոցներով: Իր հետեւանքը թողեց կախվածությունը դաշնակիցներից: «Այն խնդիրները, որոնց մասին նախկինում էլ էր ասվում, շատ ավելի խորը դուրս եկան»,- լրատվամիջոցին բացատրել է իսրայելցի ռազմական փորձագետ Դավիթ Հենդելմանը:- 2020 թվականի զինադադարից հետո… Ասադը ննջեց դափնիների վրա: Ինչ-ինչ քաղաքական բարեփոխումներ չեղան, որեւէ տնտեսական բարելավում երկրում տեղի չունեցավ: Բանակը չուժեղացավ, չնախապատրաստվեց: Նա կարծում էր, որ եթե Ռուսաստանը եւ Իրանը փրկեցին, նշանակում է հետո էլ ամեն ինչ լավ կլինի, կարելի է շատ չլարվել»:
Գեղամ ՄԿՐՏՉՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում