Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ջոնի Մելիքյան. «Փորձենք Արեւմուտք-Վրաստան հարաբերություններում միգուցե միջնորդությամբ հանդես գալ: Չգիտեմ՝ ինչպես կստացվի, բայց փորձել պետք է». «Ազգ»

Դեկտեմբեր 20,2024 09:30

«Ազգ»-ը զրուցել է վրացագետ, քաղաքագետ, Օրբելի կենտրոնի վերլուծաբան Ջոնի Մելիքյանի հետ:

– Վրաստան-Հայաստան հարաբերությունները վերջին տարիներին կարծես առավել աշխուժացել են, սակայն վրաց-հայկական եղբայրական հանգույցը կտրվում է, երբ պարբերաբար հայատյաց արտահայտություններ են հրապարակվում: Նույնը չի նկատվում մյուս մեծ համայնքի՝ ադրբեջանականի հանդեպ: Վերջին ընտրությունների ժամանակ էլ նախագահ Զուրաբիշվիլին չթաքցրեց իր հայատյացությունը կամ արհամարհանքը: Ավելին՝ ակնարկեց Լոռու մարզի որոշ հատվածների վրացապատկան լինելու հանգամանքը: Կառավարող ուժը զսպեց նախագահին, եւ այդ հայտարարությունը չշրջանառվեց: Սակայն այդ տրամադրությունները կան: Ինչպե՞ս պիտի արձագանքի ՀՀ-ն:

– Այսօրվա դրությամբ՝ հունվարի վերջին փաստաթղթով հայտարարել ենք, որ մեր հարաբերությունները ռազմավարական են: |ՀՀ-ն Վրաստանի հետ միասին, երբ ներքաղաքական ճգնաժամը Վրաստանում ավարտվի կամ կայունանա, պիտի մտածենք այն ճանապարհային քարտեզի, տարբեր նախագծերի մասին, որ էլ ավելի կակտիվացնեն մեր հարաբերությունները եւ առավել խորացնեն տնտեսական փոխգործակցությունը: Ինչը կարող է ապագայում հանգեցնել ռազմավարական հարաբերություններին բնորոշ ցուցանիշների: Ուստի կան այս հարաբերությունները, կա նաեւ հայատյացությունը որոշ շրջանակներում:

Չէի ասի, որ նախագահ Զուրաբիշվիլին իր քայլով պաշտոնական Թբիլիսիի կարծիքն է արտահայտել, պաշտոնական Թբիլիսին այսօրվա կառավարությունն է կամ նախկին կառավարությունը, որ խորհրդարանական ընտրություններից առաջ գոյություն ուներ, ուստի այստեղ հստակ է, որ ՀՀ-ն չի կարող որեւէ բան ասել, միմյանց տարածքային ամբողջականությունը Երեւանն ու Թբիլիսին պաշտոնապես ճանաչում են, միմյանց ներքին գործերին չեն խառնվում, մնացածը ներքին տիրույթն է, Վրաստանի քաղաքացիների միջեւ լուծվող տիրույթն է, դա էլ հստակ պիտի ֆիքսենք:

Իսկ որոշ շրջանակների մոտ գոյություն ունեցող հայատյացությունը հարեւան Ադրբեջանն է պարբերաբար ֆինանսական օժանդակությամբ, տարբեր գործիքներով փորձում հրահրել, ինչը ստացվում է: Բայց, իմ կարծիքով, Երեւանի եւ Թբիլիսիի ճիշտ աշխատանքի արդյունքում, իսկ վերջին տարիներին նման բան նկատում ենք, այն չեզոքացվում է, ինչը դրական է, եւ հնարավորություն է տալիս առավել արդյունավետ դարձնելու մեր փոխգործակցությունը:

– Լիբանանում չվերահսկվող հրադադարը, Սիրիայում պատերազմը սրում են Իրանի շուրջ աշխարհաքաղաքական լարվածությունը, եւ Հայաստանին խիստ անհրաժեշտ է Վրաստանի կայունությունը: Ըստ Ձեզ, դրա հեռանկարն ուրվագծվո՞ւմ է, ի՞նչ պիտի անի ՀՀ-ն, որ Ռուսաստանի, աշխարհի հետ իր կապն ապահովող ճանապարհը չփակվի:

-Իմ կարծիքով, Հայաստանի մոտեցումը հավասարակշիռ է, Հայաստանի համար ոչ պակաս կարեւոր է, ուսուցողական է Վրաստանի շուրջ այն բոլոր գործընթացները, Արեւմուտք-Վրաստան հարաբերությունները, մեր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակներում, ուստի իմ կարծիքով, երկու մայրաքաղաքներում իշխող քաղաքական ուժերը հասկացել են, որ պետք է այսօրվա գլոբալ առճակատման ֆոնին Ռուսաստան-Արեւմուտք բախումների ֆոնին, Մերձավոր Արեւելք, Ասիայում տեղի ունեցողի ճգնաժամների ֆոնին մաքսիմալ համագործակցային քաղաքականություն վարել, որեւէ մեկի դեմ չմիանալ որեւէ մեկի հետ, աշխատել բոլորի հետ, աշխույժ քաղաքականություն վարել, փորձել տարածաշրջանային, արտատարածաշրջանային բոլոր դերակատարների հետ տերություն, գերտերությունների շահերը պրոյեկտել Հայաստանի վրա, եւ փորձել չհակադրվել, այլ փորձել դիվերսիֆիկացման քաղաքականությամբ կարեւոր հանգույց դառնալ տարբեր խաղացողների համար, որ նրանց համար էլ մեզ մոտ առկա կայունությունը լինի կարեւոր, ինչը կայունություն կհաստատի մեր տարածաշրջանում:

Եթե հասնենք նրան, որ կայունությունը Հայաստանում եւ Վրաստանում տրանսպորտային հաբ դառնա՝ որոշ ուղղություններով բեռնափոխադրումներ՝ Վրաստան-Ադրբեջան- Կենտրոնական Ասիա այլ ծրագիր է, Սեւ ծով- Պարսից ծոց այլ ծրագիր է: Հասնել մի իրավիճակի, որ մեզ մոտ տեղի ունեցող ճգնաժամերը, ապակայունացումը այլ երկրների տնտեսության վրա կարող է ազդել, եւ այս ամենը կարող է հանգեցնել նրան, որ բոլորը շահագրգռված լինեն մեր տարածաշրջանի կայունությամբ: Առնվազն այդպես չէ՝ տեսնում ենք, որ դրսի, տարածաշրջանային խաղացողները փորձում են իրենց միջեւ հարցերը լուծել նաեւ մեր հաշվին:

Վրաստանի իշխանությունների հետ շարունակենք ռազմավարական երկխոսությունը, նոր նախագծեր նախաձեռնենք, փորձենք Արեւմուտք-Վրաստան հարաբերություններում միգուցե միջնորդությամբ հանդես գալ: Չգիտեմ՝ ինչպես կստացվի, բայց փորձել պետք է: Միմյանց աջակցենք, փորձենք նվազագույնի հասցնել այն ռիսկերը, որ գալիս են տարբեր ճգնաժամերից եւ անկայուն իրավիճակից:

 

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031