Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ալիեւը «շիրա էր տալիս»

Դեկտեմբեր 20,2024 10:00

«Ինչո՞ւ եք դուք կրկնում Ալիեւի ասածները»՝ լրագրողների հասցեին նման կշտամբանքով ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետը: Իբր՝ հնչեցնում եք հակառակորդի թեզերը: Մասամբ համաձայն եմ. որեւէ քաղաքական գործչի եւ հատկապես Ալիեւի ասածները չի կարելի պարզապես՝ առանց քննադատական վերաբերմունքի վերարտադրել: Կրկնելու անհրաժեշտությունն ընդհանրապես չէր առաջանա, եթե հիմնական ասելիքը արձագանք գտներ Հայաստանի արտգործնախարարության կողմից: Խոսքը ԱԳՆ-ի՝ կետ առ կետ պատասխանի մասին է, ոչ թե վարչապետի հարցազրույցի, որտեղ նա խոսում է միայն այն թեմաներով, որոնք ինքն է կարեւորում եւ խոսում է՝ իրենց հատուկ «խաբսերով»:

Իմ կարծիքով, կարեւոր է ոչ այնքան այն, թե ինչ է ասում Ալիեւը (կամ ցանկացած այլ գործիչ), այլ՝ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ է ասվում: Օրինակ, 300 հազար «արեւմտյան ադրբեջանցիների»՝ Հայաստան վերադառնալու թեման բարձրացվում է չափազանց «թափանցիկ» նպատակով՝ փակելու համար 2023 թվականին Արցախում էթնիկ զտման թեման. «Դուք չե՞ք ուզում, որ ադրբեջանցիները վերադառնան Հայաստան: Դե, ուրեմն, մենք էլ չենք ուզում, որ հայերը վերադառնան Ղարաբաղ»: Այդ «սիմետրիայի» դեմ մեր ԱԳՆ-ն ունի՞ փաստարկներ, կամ գոնե փնտրո՞ւմ է փաստարկներ, թե՞ այդ հարցը պաշտոնական Երեւանին չի հետաքրքրում:

Ալիեւի հնչեցրած պահանջներից եւ դժգոհություններից առանձնացնեմ երեքը, որոնք պարզ են դարձնում հիմնական ուղերձը:

1/ Հայաստանը չպիտի զինվի, սակայն դա տեղի է ունենում, իսկ զինողն, ըստ նրա, Արեւմուտքն է եւ հատկապես՝ Ֆրանսիան:

2/ ԵՄ դիտորդների անվան տակ, Ադրբեջանի նախագահի կարծիքով, Հայաստանն իր տարածքում ստեղծում է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքներ: Համադրեք դա Ալիեւի պնդման հետ, որ «խաղաղության պայմանագրի» չկարգավորված կետերից է Ադրբեջանի պահանջը, ըստ որի, հայ-ադրբեջանական սահմանին չպետք է լինեն երրորդ երկրների զինված ուժեր:

3/ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանը փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից, իսկ վերջնականապես դուրս կգա այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը դա կարտոնի:

Ռուսաստանյան գլխավոր պրոպագանդիստ Կիսելյովին տված եւ ՌԴ ամենաօֆիցիոզ ալիքով հեռարձակվող հարցազրույցի ուղերձը միանշանակ է. «Մենք՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը, աշխարհի լուսավոր կողմում ենք, իսկ ահա Հայաստանը ծառայում է ձեր՝ Ռուսաստանի թշնամիներին եւ կատարում է նրանց հրահանգները»: Մի քիչ նման է 1920 թվականի ադրբեջանա-թուրքական քարոզչությանը, երբ Ադրբեջանը «սովետիզացվել էր», իսկ Հայաստանը՝ դեռ ոչ, եւ այդ քարոզչությամբ Հայաստանի Հանրապետությունը ներկայացվում էր որպես «իմպերիալիզմի գործակալ»:

Չգիտեմ, արդյոք Հայաստանի իշխանությունը հաշվի է առնում պատմական դասերը, բայց ենթադրում են, որ առայժմ բավականաչափ չի կրթվել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    «Չգիտեմ, արդյոք Հայաստանի իշխանությունը հաշվի է առնում պատմական դասերը, բայց ենթադրում են, որ առայժմ բավականաչափ չի կրթվել»:

    Այս նախադասության մեջ որոշ լավատեսական բառեր ու բառակապակցություններ կան՝ «առայժմ», «բավականաչափ չի կրթվել»:
    Մի տեսակյունից տպավորություն է ստացվում, թե հեղինակը դեռ հույս ունի, որ եթե միջնակարգ կրթություն ունեցող նիկոլն առայժմ բավականաչափ չի կրթվել, ապա հետո կարող է այնքան կրթվի, որ պատմական դասերը հաշվի առնի:
    Սակայն ավելի շատ հակված եմ այն մտքին, որ հեղինակը հռետորական հնարք է բանեցնում և ավելի է ընդգծում, որ այս իշխանությունը հեռու է բավականաչափ կրթվելուց և պատմական դասերը հաշվի առնելուց:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031