Լրահոս
Օրվա լրահոսը

Ստուգողական եզրափակիչ ուղերձներ Մոսկվայից` Երեւանին

Դեկտեմբեր 20,2024 12:00

Հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ Ադրբեջանի եւ Նախիջեւանի երկաթուղային հաղորդակցության հարցով լուրջ արդյունքների ենք հասել, վստահեցրել է ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարեւոր նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների համար. Արզբեկ Կոժոշեւ

Վերջին մի քանի շաբաթներին Ռուսաստանից Հայաստանի ուղղությամբ ուշադրության ցուցադրության նկատելի աճ է նկատում: Տարբեր պաշտոնյաներ, նաեւ` կառույցների ներկայացուցիչներ, Հայաստանի որոշմանը սպասելու առնչությամբ հստակ ուղերձներ են հղում:

Մոսկվայում հստակ քաղաքական կամք կա Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար, Երեւանում օրերս ընթացող հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովի շրջանակներում նշել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի եւ ենթակառուցվածքի նախարար Արզբեկ Կոժոշեւը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարեւոր նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների համար, քանի որ այն նախատեսում է զարգացնել հանրապետության երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցությունը հարեւան երկրների հետ։

Կոժոշեւի խոսքով` «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետ ինտեգրման շնորհիվ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հնարավորություն ունի տարածաշրջանում դառնալու կարեւոր օղակ ԵԱՏՄ հուսալի եւ կայուն տրանսպորտային հիմնակառուցվածքի ձեւավորման գործընթացում։ Նա պարզաբանել է, որ նախագծի հիմնական նպատակը միջազգային «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի թողունակության ավելացումն է եւ տրանսպորտային կապերի ամրապնդումը հարեւան երկրների հետ։

«Խաղաղության խաչմերուկի» վերաբերյալ, ինչպես Արեւմուտքից, այնպես էլ Ռուսաստանից հնչել են դրական գնահատականներ: Դեռեւս անցյալ տարի դեկտեմբերին հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական նիստում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ընդգծել էր, որ ՌԴ-ն աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործմանը։

«Փաստացի աջակցում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը՝ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով ֆինանսավորելով Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի չորրորդ տրանշի շինարարությունը։ Այս ուղղությամբ աջակցության ծավալն այժմ 150 միլիոն դոլար է։ Այժմ նաեւ հիմնադրամի կոլեգիալ մարմինների համաձայնեցման փուլում է գտնվում Քաջարանի թունելի կառուցմանն աջակցելու որոշումը։ Այնտեղ աջակցության ծավալը կլինի 200 միլիոն դոլար»,- նշել էր Օվերչուկը։

Այս ամսվա վերջին՝ Ամանորին ընդառաջ, Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Պուտինը նման ոչ պաշտոնական գագաթնաժողովները «բարեկամական շրջապատում» զրույցներ է որակում, որոնց ընթացքում քննարկվում են տարածաշրջանային եւ միջազգային օրակարգային հարցեր։

2023-ին ԱՊՀ նիստի նախօրեին տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը։ Ավելի քան յոթ ամսվա բոյկոտից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի վերջո մեկնել էր Սանկտ Պետերբուրգ եւ մասնակցել ԵԱՏՄ նիստին, դեկտեմբերի 26-ին էլ՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, կարճատեւ՝ ոտքի վրա զրույց ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Դա Ալիեւի ու Փաշինյանի առաջին հանդիպումն էր Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակումից ու Արցախի հայաթափումից հետո։ Արդյոք Փաշինյանն այս տարի եւս կմասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, վարչապետի գրասենյակը դեռեւս չի հստակեցրել։

Անցյալ տարի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում Փաշինյանն ու Ալիեւը քննարկել էին խաղաղության օրակարգի հարցեր: Դա, ի դեպ, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողություններից հետո երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումն էր։

Անկախ նրանից, թե նման հանդիպում այս տարի կկայա, թե ոչ` ռուս պաշտոնյաները պարբերաբար հիշեցնում են Ռուսաստանի դերակատարության մասին, ապա Հայաստանին ու Ադրբեջանին հրավիրում դեպի ռուսական «տանիք»:

«Ադրբեջանն ու Հայաստանը առանձնապես չեն հետեւում խաղաղ կարգավորմանը վերաբերող ԱՄՆ-ի եւ ԵՄ խորհուրդներին». Սերգեյ Նարիշկին

Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի համոզմամբ՝ հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, Միացյալ Նահանգների ազդեցությունը սկսել է նվազել։ «Ադրբեջանն ու Հայաստանը առանձնապես չեն հետեւում խաղաղ կարգավորմանը վերաբերող Միացյալ Նահանգների եւ ԵՄ խորհուրդներին՝ գերադասելով բոլոր հարցերը ինքնուրույնաբար լուծել», վերջերս նկատել էր Նարիշկինը։ Նրա պնդմամբ` հետխորհրդային տարածքը մնում է գրոհների առաջնահերթ ուղղություն ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից, ինչի մասին վկայում է ծառայության ունեցած տվյալների վերլուծությունը։

Իր հերթին, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան անում է եւ անելու է ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։ «Մոսկվան մնում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հաստատման, խաղաղության պայմանագրի կնքման եւ Հարավային Կովկասում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման կողմնակիցը։ Մենք նաեւ հանդես ենք գալիս հայ-ադրբեջանական սահմանի շուտափույթ սահմանազատման եւ սահմանագծման, ինչպես նաեւ Երեւանի ու Բաքվի միջեւ նոր հիմքերի վրա կապերի համակողմանի զարգացման օգտին», նշել է Գալուզինը։ Վերջինս նաեւ ընդգծել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ 2020-2023 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կարեւորությունը։

«Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը նաեւ վստահեցրել է, որ հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ Ադրբեջանի եւ Նախիջեւանի երկաթուղային հաղորդակցության հարցով լուրջ արդյունքների են հասել: «Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում փոխըմբռնում է ձեռք բերվել, թե ինչպես կարելի է վերականգնել Ադրբեջանի եւ Նախիջեւանի երկաթուղային հաղորդակցությունը, կարեւոր է մարզային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիրը, առաջին հերթին՝ երկաթուղային։ Խոսքը, այո, Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջեւան ճանապարհի մասին է», նշել է Գալուզինը։

Ահա, այս մթնոլորտում, ռուսական կողմը սպասում է Փաշինյանին:

Մոսկվայում հույս ունեն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, օրերս նշել էր ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Հուսով ենք, որ բոլոր նրանք, ում հրավիրել ենք, կգան Սանկտ Պետերբուրգ, այդ թվում՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը։ Իսկ թե այնտեղ ինչ կստացվի, կտեսնենք»,- ասել է փոխնախարարը։ Ավելի վաղ նաեւ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էր նշել, որ Նիկոլ Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։

Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցումը մեծ սխալ է. ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա

Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայցեւ պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։

Դեկտեմբերի սկզբին Նիկոլ Փաշինյանն ըստ էության անհնար համարեց Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ-ին՝ ընդգծելով, որ անդառնալիության կետն արդեն անցել են։ «Մենք մեզ արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, եւ իրենք ինչ ուզում են թող որոշեն», նշեց նա` Ազգային ժողով- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ արձագանքելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ավելի վաղ արած պնդմանը, թե ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել 2020-ի Արցախյան պատերազմին, քանի որ Ղարաբաղը Հայաստանի տարածք չէր: «Ամենայն հարգանքով ՌԴ հարգելի նախագահի նկատմամբ՝ մենք գործընկերներ ենք եւ աշխատում ենք միասին, էս հայտարարությունը ակնհայտ է դարձնում ընդհանրապես ընդհանուր իրավիճակը, որ կա ՀԱՊԿ-ում», – ընդգծեց Փաշինյանը:

Փաշինյանը ներկայացրեց ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի ունեցած խնդրի էությունը՝ բացատրելով, որ դա ամենեւին կապ չուներ Ղարաբաղի հարցի հետ։ Ըստ վարչապետի, 2021-ին եւ 2022-ին հենց Հայաստանի՛ նկատմամբ է եղել ագրեսիա, տարածքային ոտնձգություններ։ Եվ ընդ որում, երբ Հայաստանի իշխանությունները տեսել են, որ իրադարձությունները զարգանում են ռազմական ագրեսիայի ուղղությամբ, այդ հարցն առաջինը քննարկել են դաշնակիցների հետ։ Իսկ վերջիններս, ըստ Փաշինյանի, վստահեցրել են, թե նման բան չի կարող տեղի ունենալ, որովհետեւ Հայաստանի սահմանները իրենց համար կարմիր գիծ են, դա բոլորը գիտեն, եւ որեւէ մեկը չի կարող ոտնձգություն անել։ Բայց երբ արդեն ոտնձգությունը տեղի է ունեցել, եւ այդ կարմիր գիծը հատվել է, ՀԱՊԿ-ից ասել են, թե սահմանը ոնց որ դելիմիտացված չէ…։

Անդառնալիության մասին Փաշինյանի այս հայտարարությունը հաջորդում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի առաջարկին, թե Հայաստանը ցանկացած պահի կարող է վերադառնալ կազմակերպության աշխատանքներին։ Իմանգալի Տասմագամբետովը շեշտել էր, թե վերադարձի համար առարկություններ կամ խոչընդոտներ չկան։

Վերջերս, նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին էին խնդրել մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանն արդեն իրեն ՀԱՊԿ-ից դուրս է համարում, եւ որ հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ հատել են անդառնալիության կետը։ Նա նշել էր, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ փաստաթղթեր չեն ստացվել:

Իր հերթին, 2003-2016թթ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցումը մեծ սխալ էր համարել։ Նա հարկ էր համարել հիշեցնել, որ Երեւանը միշտ մեծ օգնություն է ստացել Մոսկվայից եւ կազմակերպության անդամներից:

ՀԱՊԿ-ից նաեւ մեկ այլ հիշեցում էին արել: Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ անդամավճարների գծով. այժմ 2024 թվականի համար պարտքեր կան, ժամկետը կլրանա 2025-ի վերջին, նշել էր ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանը կարող է երկու տարի չվճարել այս պարտքը։ Այնուհետեւ համապատասխան որոշումներ կընդունվեն»,- զգուշացրել է Պանկինը` պարզաբանելով, որ ՀԱՊԿ ցանկացած անդամ կարող է պարտք կուտակել։ Եղել են դեպքեր, երբ այլ երկրներ են պարտք եղել։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2024թ. փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Այնուհետեւ, մայիսին ՀՀ-ն հրաժարվեց իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին:

Անցյալ շաբաթ թեմային նաեւ անդրադարձել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ որոշում կարող է ընդունվել ՀՀ-ի մասով, եթե վերջինս հրաժարվի ՀԱՊԿ-ի համապատասխան վճարումներից: Զախարովան ընդգծել էր, որ ՀԱՊԿ-ի անդամավճարների վճարումը պարտադիր է կազմակերպության յուրաքանչյուր անդամի համար: «ՀԱՊԿ բյուջեն ձեւավորվում է անդամների մասնաբաժնային անդամավճարների հիման վրա… ՌԴ-ն ֆինանսավորում է ՀԱՊԿ բյուջեի ուղիղ կեսը, մյուս դաշնակիցները՝ հավասար 10-ական տոկոս: Գոյացած պարտքի մարման պարտավորությունը 2 տարվա ընթացքում չկատարելու դեպքում ՀԱՊԿ խորհուրդը կարող է պարտապան անդամ պետության նկատմամբ կայացնել որոշում, ընդհուպ մինչեւ ձայնի իրավունքից զրկում… Հայաստանը ժամանակին սրան համաձայնել է: Ես չեմ լսել, որ նրանք սրան դեմ են: Վճարելու են, թե ոչ, այս հարցը պետք է ուղղել Երեւանին», – նկատել էր Զախարովան:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 19.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031