Սիրիայում Ասադների ավելի քան կեսդարյա իշխանությունն այլեւս պատմություն է։ Մայրաքաղաք Դամասկոսից սիրիական իշխանության ղեկին է «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորումը, որի առաջնորդ Ահմեդ ալ-Շարրամի (խմբ. – նա ավելի հայտնի է իր ջիհադի՝ Աբու Մոհամմադ ալ-Ջոլանի անվամբ) մասին տեղեկություններ հայտնելու դեպքում ԱՄՆ կառավարությունը խոստանում է մինչեւ 10 միլիոն դոլարի պարգեւատրում։
Բաշար ալ-Ասադի տապալումը թեեւ շատ սիրիացիների համար հաղթանակի եւ ազատության արձանագրում էր, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Սիրիան թեւակոխում է անորոշության եւ անկանխատեսելիության նոր փուլ, որից ապահովագրված չէ նաեւ 1915 թվականի Հայոց ցեղասպանության արդյունքում ստեղծված նշանակալի հայ համայնքը։
Երեւանը լուռ է
Դեկտեմբերի 18-ի դրությամբ պաշտոնական Երեւանը որեւէ կերպ չի արտահայտել իր դիրքորոշումը Սիրիայում տեղի ունեցած արմատական փոփոխությունների վերաբերյալ։ Հայտնի չէ՝ Հայաստանն ինչպե՞ս է վերաբերվում Սիրիայի նորընծա իշխանավորներին։
Կարդացեք նաև
Բաշար Ասադի վերջնական անկումից դեռ ինն օր առաջ՝ նոյեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ հայաշատ Հալեպում տեղակայված ՀՀ հումանիտար ականազերծման եւ բուժաշխատողների մասնագիտական խմբի առաքելության իրականացումն անհնար է։
«Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ՀՀ հումանիտար ականազերծման եւ բուժաշխատողների մասնագիտական խմբի ողջ անձնակազմը ՀՀ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձել է Հայաստան»,-ասվում էր ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։
ԱԳՆ-ն հիշեցնում է Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության եւ Դամասկոսում դեսպանության գործող «թեժ գծերի» եւ դեսպանությունում քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման մասին։
Իհարկե, «թեժ գիծ» բացելը եւ քաղաքացիներին ընդունելը նվազագույնն է, որը կարող է անել պաշտոնական Երեւանը։
Հետ հայացք 2018 թվականին ՄԱԿ-ում վարչապետ Փաշինյանի շեշտադրումներին
«Սիրիական ճգնաժամի պատճառով այսօր վտանգված է մեծաթիվ սիրիահայ համայնքի գոյությունն ընդհանրապես……Մենք պատրաստ ենք ընդարձակել Հայաստանի մարդասիրական առաքելությունը՝ ուղղված Սիրիայի մեր համայնքի հրատապ կարիքների բավարարմանը: Որպես ցեղասպանության սարսափներ վերապրած ազգ, հայերն առավել զգայուն են իրենց մերձավորների անվտանգության հարցում եւ պատրաստ են ամեն ինչ անել նրանց պաշտպանելու համար»։
Սա հատված է 2018 թվականի սեպտեմբերին պաշտոնը ընդամենն ամիսներ առաջ ստանձնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ գլխավոր ասամբլեային ուղղված ելույթից։ Ըստ Փաշինյանի այդ տարիների մտածողության՝ հայերն «իսկապես համաշխարհային ազգ են, հարյուրավոր աշխարհասփյուռ համայնքներով հանդերձ»։ «Իրական Հայաստան»-ի փիլիսոփայությունը վարչապետ Փաշինյանի ուղեղում դեռ ծնունդ չէր առել։
Ու ծնվեց «Իրական Հայաստան»-ը
Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին դիրքորոշում չարտահայտելը, սիրիահայությանը վարչապետի, նախագահի կամ ԱԳ նախարարի մակարդակով աջակցություն չհայտնելը, ներգաղթյալ-հայրենադարձներին ընդունելու պատրաստակամություն չհայտնելը լիովին տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի արհեստածին «Իրական Հայաստան» գաղափարախոսության մեջ։
Պաշտոնական Երեւանը պատասխանատու է միմիայն ՀՀ 29.743 քկմ-ի վրա ապրող անձանց համար։ Թող սիրիահայերը մտածեն իրենց անվտանգության մասին։ Հավանական է, որ հենց սա է փաշինյանական իշխանության տեսակետը։
Սա ոչ միայն ապազգային, այլեւ, ինչպես վարչապետն ինքն է սիրում շեշտել, ապապետական մոտեցում է։
Սիրիահայ համայնքը, ինչպես նաեւ լիբանանահայ, իրաքահայ, եգիպտահայ եւ տարածաշրջանի այլ համայնքներ չեն առաջացել պարզապես լավ կյանքի ձգտմամբ Հայաստանը լքած հայերից, այլեւ հայերի դեմ Օսմանյան կայսրությունում կատարված ցեղասպանական գործողությունների պատճառով իրենց բնօրրանից հարկադրաբար դուրս եկած եւ ապաստան գտած մարդկանցից։
Պաշտոնական Երեւանի անգործությունն ապազգային է, քանի որ մոռացության է մատնում պատմական անարդարության հետեւանքով ստեղծված սիրիահայ համայնքին։ Եթե որոշ առումով տրամաբանական կարելի է համարել Հայաստանի անտարբերությունը հանուն ավելի լավ կյանքի երկիրը լքած հայրենակիցների հանդեպ, անհասկանալի եւ անընդունելի է Սիրիայի հայերի նկատմամբ այս անուշադրությունը։
Ի տարբերություն Սիրիայում նույն պատմական իրադարձությունների արդյունքում ապաստան գտած այլ ազգերի, օրինակ՝ քրդերի կամ ասորիների, հայերը պետականություն ունեցող ազգի ներկայացուցիչներ են։ Եթե իրենց պետությունը որեւէ կերպ չի աջակցում, չի բանակցում հայության անվտանգության ապահովման թեմայով (համենայնդեպս, դրա մասին որեւէ պաշտոնական տեղեկատվություն առկա չէ), ի՞նչ է սա, եթե ոչ ապապետականություն։
Հղում «Իրական Հայաստան»-ի Սահմանադրության 47-րդ հոդվածին
Եթե անգամ Սիրիայի հայերի առջեւ ծառացած իրողությունը դիտարկենք Փաշինյանի «Իրական Հայաստան» գաղափարախոսության տեսանկյունից, սիրիահայերի մի զգալի մաս ՀՀ քաղաքացիություն ունի, իսկ «Իրական Հայաստան»-ի Սահմանադրության 47-րդ հոդվածի 8-րդ կետում կարդում ենք. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո են»:
2011-ին քաղաքացիական պատերազմի մեկնարկից հետո, ի տարբերություն շատ արեւմտյան դիվանագիտական ներկայացուցչությունների, Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը եւ Հալեպում գլխավոր հյուպատոսությունը երբեք չդադարեցրին իրենց գործունեությունը։ Սա հենց ազգային եւ պետական մտածողության օրինակ էր։
Լավ նորությունների շարքից է այն, որ մեկ շաբաթ ծառայությունը Բեյրութից իրականացնելուց հետո Սիրիայում Հայաստանի դիվանագիտական առաքելությունը վերադարձել է Դամասկոս, սակայն հայկական իշխանությունների կողմից հայերին օգնելու, թեկուզ միայն Հայաստանում ժամանակավորապես տեղավորվելու առումով, պատրաստակամության մասին որեւէ պաշտոնյա չի հայտարարել։
Ապազգայնությունն ու ապապետականությունը սա է։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.12.2024