«Արդարություն եւ ժողովրդավարություն» հ/կ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում խոսելով Հայաստանի ներսում եւ Հայաստանի շուրջ ծավալվող խիստ վտանգավոր իրադարձությունների մասին՝ զգուշացրեց. «Քանի Նիկոլը կա, ամեն օր լինելու է պատերազմ եւ ամեն օր Ալիեւը ասելու է՝ ում ուզենամ Հայաստանից բերեմ, դատեմ, Նիկոլը խելոք տալու է»:
Անդրադարձավ մտավորականներին՝ քաղաքական գործիչը ասաց. «Թրքահպատակների մասին խոսելով, ինձ համար այդ դասի մեջ մտնում են սողացող շատ մտավորականներ: Իմ գործընկերներից չգիտեմ ով էր գրառում արել, բայց նոր իշխանության ժամանակ բոլորի ձեռքից մրցանակները պետք է վերցվեն: Կապ չունի, թե որ ժամանակ է տրվել: Մրցանակը տրվել է պետության անունից որպես հեղինակություն: Չի կարող լաքեյը լինել մտավորական: Ձեր կռիվը Պանթեոնում, որտեղ ազնվազարմ հայեր են, 2×3 մետր փոսի համար է: Դուք չեք լինելու այնտեղ: Ես անձամբ եմ կանգնելու այնտեղ: Ձեր համար լինելու է ամոթի հուշատախտակ»:
Նաիրա Զոհրաբյանը դիմեց նաեւ Նիկոլ Փաշինյանին ընտրողներին: «Հիշում եք չէ՞ Նիկոլի լոլոները՝ նախկինները, թալանը, կոպեկ առ կոպեկ: Հիշում ե՞ք: Շնորհավորում եմ ձեզ: Երեք օր առաջ ԵԽ կոռուպցիայի կանխարգելման ԳՐԵԿՈ հանձնաժողովը իր զեկույցում անդրադարձել է Հայաստանում պատգամավորների, դատավորների, դատական համակարգի շրջանում կոռուպցիային: Բա արդարադատության էն նախարար աղջիկը, որ ասում է կոռուպցիա չկա, ԳՐԵԿՈ-ի թուղթը իր սեղանին դրված չի՞: Նույն «Freedom House»-ը հայտարարեց, որ քաղաքական բազմաթիվ գործեր կան, որ ծամոնի նման տարիներով ձգում են, որ նկատելի է քաղաքական ազդեցությունը, պրեսինգը դատարանների վրա: Բա չեք հարցնո՞ւմ 2018 թվականին մի բաժակ գարեջուր խմելու համար 1000 դրամ չունեցողներին, թե 370 հազար եվրո արժեցող ժամացույցները, առանձնատները որտեղի՞ց: Ձայն եք տվել: Բա գնացեք, հարցրեք: Ասում են վարկ ե՞ն վերցրել: Իրո՞ք: Բա ինչի՞ 2018 թվականին վարկ չէին կարողանում վերցնել:
Գուցե, զգայուն թեմա է, բայց ես պիտի դիմեմ նաեւ Արցախի մեր քաղաքական էլիտայի, Շիրակի ՄՈԲ-ի տղաների, Բաքվում գտնվող մեր մյուս ռազմագերիների հարազատներին: Սիրելիներ, այդ թվում, Արցախի ռազմաքաղաքական էլիտայի սիրելի հարազատներ: Անկեղծ ասած, ես ձեզ էլ չեմ հասկանում: Մարդկայնորեն, իհարկե, հասկանում եմ, որ դուք վախենում եք, որ ամիսը մեկ վիդեո կապով ձեր հետ խոսում են, դրանից էլ կզրկվեք: Եթե դա է ձեր լռության գինը, ապա ձեր լռությունը ինձ եւ հասարակությանը հասկանալի չէ: Որքան հասկացա, միայն Ռուբեն Վարդանյանի ընտանիքն է ճակատ առ ճակատ կռիվ տալիս: Մյուսներդ ինչի՞ եք լռում: Ես իմ տեղը չեմ գտնում որպես հայ, որպես քաղաքացի, որ գիտեմ՝ մարդիկ գնացել, կամավոր հանձնվել են, որ ուրիշների կյանքը փրկեն: Ձեր այդ լռությունը, հավատացեք, հասկանալի չի:
Կարդացեք նաև
Այո, պիտի աղմուկ բարձրացնեք: Այո, պիտի ամեն օր ցույցեր անեք: Այո, պիտի ծնողներով, որդիներով, երեխաներով գաք, այս տաղավարում նստեք: Եվ պիտի պահանջեք: Երբ որ գնում ես ու միջազգային կառույցի առջեւ խնդիր ես դնում, ասում է՝ բա ո՞ւր է ռազմագերիների հարազատների ձայնը: Ռազմագերիների հարազատների ձայն Ռուբեն Վարդանյանի կնոջից ու որդուց բացի, չկա:
Կներեք, ես սա երկար եմ մտածել, բայց ես սա պիտի ասեի: Հասկանալի չի ձեր լռությունը: Ընդամենը ամիսը մեկ վիդեո կապով խոսելու համար, եթե մտածում եք, որ դրանով դուք այնտեղ նրանց անվտանգությունն եք ապահովում, մի մոռացեք, որ դուք գործ ունեք Ռամիլ Սաֆարովներ ծնած ցեղախմբի հետ: Որեւէ կերպ ձեր լռությունը բացարձակապես չի երաշխավորում ձեր հարազատների կյանքի անվտանգությունը Բաքվի բերդերում»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ